Վերջին 8 տարիներին մեր գլխին իջած աղետների պատմությունը փաստացի պատմություն է այն մասին, թե ինչպես ընդամենը մի հոգի՝ վախկոտ, արկածախնդիր, անհավասարակշիռ, երկիր ղեկավարելու համար անհրաժեշտ որակներից կիլոմետրերով հեռու, անհասկացող, բռնապետական հակումներով ու ստախոս մեկը կարողացավ վերցնել իշխանությունը, և թե ինչպես պետական ինստիտուտները (հատուկ ծառայություններ, ոստիկանություն, բանակ, դատաիրավական համակարգ և այլն) ոչինչ չկարողացան անել ու հերթով անձնատուր եղան, հասարակության ինքնապաշտպանական բնազդն էլ՝ որը, թվում էր, մի քանի հազարամյա ժողովրդի մոտ պիտի անվրեպ գործեր, չաշխատեց։ Միայն թե չասեք՝ «դե ճարտար լեզու ուներ ու կարողացավ ժողովրդին խաբել»։ Հեշտությամբ խաբվելը հենց ինքնապաշտպանական բնազդի կորստյան հիմնական ապացույցն է։
Ինչ վերաբերում է այդ «ընդամենը մի հոգուն» տրված որակումներին, ապա դրանք ապացուցվում և հիմնավորվում են իր իսկ հնչեցրած հայտարարություններով։ Հերթով կարող ենք հիմնավորել։
Ինչո՞ւ վախկոտ։ Որովհետև հենց ինքն է ասել՝ կարող էր կանխել պատերազմը, բայց վախեցել է, որ իրեն կասեն «դավաճան»։ Ինչո՞ւ արկածախնդիր։ Որովհետև հենց ինքն է հայտարարել «Արցախը Հայաստան է, և վերջ»՝ դրանով փաստացի փակելով բանակցությունների հնարավորությունը, հենց ինքն է 44-օրյա պատերազմից մեկուկես ամիս առաջ հայտարարել, թե «Սևրի դաշնագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը», ու հենց ինքն է նույն պատերազմից 9 օր առաջ ասել, որ առաջ գնալու միակ հնարավորությունը «սխալվելու վճռականությունն է», և ինքը ունի այդ վճռականությունը։ Ինչո՞ւ անհավասարակշիռ։ Որովհետև հենց ինքն է բազմիցս խոստովանել, որ շատ հաճախ չի կարողանում զսպել էմոցիաները։ Ինչո՞ւ երկիր ղեկավարելու համար անհրաժեշտ որակներից կիլոմետրերով հեռու։ Որովհետև հենց ինքն է խոստովանել, որ «մենք յոթ տարի մնացել ենք նույն դասարանում»։ Ինչո՞ւ անհասկացող։ Որովհետև հենց ինքն է բազմիցս խոստովանել, որ «այն ժամանակ մեր ժողովուրդը մեզ ուղերձ էր հղում՝ չէինք հասկանում», «այն ժամանակ մեր գիտակցության տրանսֆորմացիան դեռ տեղի չէր ունեցել», և այլն։ Ինչո՞ւ բռնապետական հակումներով։ Հիշեք նրա հայտարարությունները՝ «կառավարությունը ես եմ», «ինչի Հայաստանում դատավոր կա՞, որը կարա իմ ասածը չանի», և այլն։ Ինչո՞ւ ստախոս։ Կարող ենք հազարավոր վկայություններ բերել, բայց կարծում ենք՝ միայն «2019-ին բանակցությունների սեղանին ոչ մի փաստաթուղթ չկար» պնդումն ու հետագայում այդ «գոյություն չունեցած» փաստաթղթի դետալների մասին հայտարարությունները բավական են։
Ինչևէ։ Այն, որ պետական ինստիտուտները վաղուց Նիկոլ Փաշինյանի գրպանում են և ծառայում են ընդամենը նրա անձնական-քաղաքական շահերին՝ ակնհայտ է։ Ընդ որում՝ իրենից առաջ էլ էր այդպես, դրա համար էլ 2018-ին գրեթե առանց դիմադրության հանձնվեցին՝ պարզապես մի «առաջնորդի» գրպանից տեղափոխվելով մյուսի գրպանը։ Իսկ ահա հասարակության ինքնապաշտպանական բնազդի առումով հունիսի 7-ի ընտրությունները շատ հստակ ցուցիչ են լինելու, որովհետև այդ օրն է պարզվելու՝ մեր ինքնապաշտպանական բնազդը ժամանակավորապե՞ս է անջատվել, թե՞ ընդմիշտ։ Եթե պարզվի, որ ընդմիշտ է անջատվել՝ կամաց-կամաց պատրաստվեք պետականության կորստին։ Որովհետև այնքան էլ հասկանալի չէ, թե ինչո՞ւ պիտի ինքնապաշտպանական տարրական բնազդից զուրկ ժողովուրդն անկախ պետականություն ունենա, առավել ևս՝ մեր տարածաշրջանում և մի իրավիճակում, երբ «միջազգային իրավունքի նորմեր» կոչվող փուչիկը վաղուց պայթել է։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ արժե այն պետությունը, որն ի վիճակի է քանդել ընդամենը մի հոգի։
Մարկ Նշանյան