...

Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը

Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը

Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասաց հետևյալը. «Երկու տարի մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, մինչդեռ մերժվածն ասաց հպարտորեն, որ պատրաստ էր յոթ շրջանները հանձնել Ադրբեջանին։ Բա որ ամեն ինչ արդեն պայմանավորվել էիք և համարում էիք դա լավ լուծում, ինչո՞ւ եք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ։ Խոստովանեիք ժողովրդի առաջ, որ հասել եք ամեն ինչ հանձնելու կետին։ Մենք ասել ենք, որ մենք պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, արժանապատվությունը, հայրենիքը։ Եվ մենք հենվել ենք բանակի վրա, հավատացել նրան և այսօր էլ հավատում ենք»:

«ՉԻ». Այսինքն, տարբերություն չկա՞ տարածքներն առանց կռվի և տարածքները պատերազմի արդյունքում հանձնելու միջև: Կամ տարբերություն չկա՞ 5+2 բանաձևով հաշտության պայմանագրի և 7+Շուշի+Հադրութի շրջան բանաձևով կապիտուլյացիայի միջև:

Նախկինները, տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանը, պատրաստ է եղել ստորագրել արցախյան հակամարտության կարգավորման՝ բանակցությունների սեղանին դրված առաջարկները, և Նիկոլ Փաշինյանը շատ լավ իմացել է այդ մասին: Վկան՝ նրա հայտնի ելույթն է 2016-ի ամռանը՝ Խորենացի փողոցում, որտեղ առաջարկվող լուծումը նա համարեց դավաճանական: 

Ավելին, 2018-ի հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որի ժամանակ Առաջին նախագահը ևս մեկ անգամ ներկայացրել է, թե ինչ լուծման էր պատրաստվում գնալ Սերժ Սարգսյանը և խորհուրդ է տվել դա հանրայնացնել: Ու ի՞նչ է ասել Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպումից հետո. ասել է, որ Առաջին նախագահը նոր բան չասաց: Այսինքն, առանց այդ ասելու էլ գիտեր, թե մեզ ինչ լուծում են առաջարկում և բանակցություններն ինչի շուրջ են ընթանում:

Այնպես որ, ոչ ոք Նիկոլ Փաշինյանից չի թաքցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տարածքներ զիջելու փաստը, ոչ թե Ղարաբաղի հարցը նրա ջեբն են գցել, ինչպես այսօր ընդունված է ասել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   33310 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ