Հովհաննավանքի երբեմնի քահանա Ստեփան Ասատրյանը, նույն ինքը՝ ՔՊ-ական վարկածով Տեր Արամը, հայտարարել է, թե հանրահայտ կեղծ պատարագի օրը ոստիկաններին Աստված էր ուղարկել եկեղեցու տարածք։
«ՉԻ»․ Այստեղ 3 տարբերակ կա։ Առաջին՝ ոստիկաններին իսկապես էլ Աստված էր ուղարկել։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը երևի անմիջապես կհրահանգի քրեական գործ հարուցել Աստծո դեմ՝ ՀՀ տարածքում ուժային կառույցների ապօրինի տեղաշարժ կազմակերպելու և դրանով իսկ իշխանությունը բռնազավթելու մեղադրանքով, և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ կուղարկի՝ Աստծուն բերման ենթարկելու համար։
Երկրորդ՝ «Աստված» ասելով երբեմնի Տեր Արամը նկատի է ունեցել Նիկոլ Փաշինյանին, որովհետև ոստիկաններն առանց նրա հրահանգի հազիվ թե հայտնվեին Հովհաննավանքում։ Այսինքն՝ երբեմնի Տեր Արամի աստվածը Նիկոլն է։
Երրորդ՝ Հովհաննավանքում հայտնված ոստիկաններն ուղարկված են եղել Չեչնիայից, որովհետև եթե երբեմնի Տեր Արամն աստվածացնում է Քադիրովին ու միաժամանակ ասում, որ ոստիկաններին Աստված էր ուղարկել․․․
Մի խոսքով՝ որ տարբերակն էլ ճիշտ լինի, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գտել է իր սրտի կաթողիկոսին։
 
 