...

Ով իրավունք ունի փողոց փակել

Ով իրավունք ունի փողոց փակել

Երեկվանից սոցիալական ցանցերում վեճեր են: Ինչո՞ւ 1.5 տարի առաջ ողջունում էիք փողոցներ փակելը, այսօր՝ ոչ: Ինչո՞ւ դաշնակցական երիտասարդներն իրավունք չունեն փողոցներ փակել: Վերաբերմունքի ու արձագանքի մեջ չկան արդյո՞ք երկակի ստանդարտներ: Մինչև 2018 թվականը Հայաստանը ավտորիտար երկիր էր, որտեղ կեղծվում էին բոլոր տեսակի ընտրությունների արդյունքները՝ սկսած նախագահականից մինչև դպրոցի տնօրենինը: Այդ համակարգում ընդդիմությունը և իշխանությունների հետ անհամաձայնություն ունեցող քաղաքացիները չունեին որևէ շանս: Նրանց ձայնը լսելի էր դառնում միայն փողոցում:

Անցած տարվանից Հայաստանը այլևս ավտորիտար երկիր չէ՝ անկախ որոշ մարգինալ և դատավճռի սպասող գործիչների տեսակետներից: Անցած տարվանից բոլոր միջազգային կառույցները Հայաստանը ճանաչում են իբրև ժողովրդավար պետություն, իսկ անցկացված ընտրությունները որևէ կասկած չեն հարուցում: Այդ պայմաններում 20 հոգով փողոց փակելն ու հեղափոխության կոչ անելն ընդամենը ապակայունացման փորձ են: Այն պահից, երբ գործող իշխանությունը կփորձի ընտրակեղծիքների միջոցով վերարտադրվել, փողոցի բոլոր շարժումները կստանան լեգետիմություն, իսկ մինչ այդ չեն կարող այլ որակում ստանալ, քան նախկին ռեժիմի ռևանշի փորձեր:

Կա ևս մեկ էական տարբերություն: Չի կարելի հավասարության նշան դնել փոքրամասնության, որ ձգտում է իր ձայնը լսելի դարձնել և նույնպես փոքրամասնության միջև, որը ձգտում է ապակայունացման ու ռևանշի: Առաջինը գիտի, որ հասարակության մեծամասնությունը չի կիսում իր տեսակետները: Նրանք չեն փորձում հենց այս պահին դառնալ իշխանություն, այլ փորձում են ունենալ հնարավորություն արտահայտվելու և տարածելու իրենց գաղափարները՝ ապագայում ավելի մեծ աջակցություն ստանալու ակնկալիքով: Այլ են երկրորդ խմբի մոտեցումները: Նրանք գիտեն, որ չեն վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը, բայց, այնուամենայնիվ, ձգտում են տարբեր միջոցներով հենց հիմա տիրանալ իշխանությանը: Դաշնակցության 30 տարիների գործունեությունը Հայաստանում դրա վառ ապացույցն են: 20 տարի լինելով կոալիցիոն գործընկեր՝ կյանքի չի կոչվել նրանց ծրագրերից և ոչ մեկը, սակայն դա չի խանգարել նրանց մնալ իշխանության մեջ: 

Իշխանությունը, պահպանելով ժողովրդավար երկրին հարիր բոլոր նորմերը, պարտավոր է օրենքի սահմաններում զսպել արդար և ազատ ընտրություններում 3.5 տոկոս ձայն ստացած ուժի անհամաչափ ախորժակները: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1324 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ