...

Փաշինյանն առաջ կընկնի

Փաշինյանն առաջ կընկնի

Շաբաթն անցավ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականների և մամուլի միջոցով թմբակահարվող ևս մի քանի տասնյակ հնարավոր հրաժարականների աղմուկի ներքո: Արդեն գրեթե չկա պաշտոնյա, որի անունը չնշվի առաջիկա հրաժարական տվողների ցանկում: Նախկին ռեժիմի մամուլը խնայում է միայն Նիկոլ Փաշինյանին և չի նշում, որ նա նաև սեփական աշխատանքից էլ է դժգոհ և առաջիկայում ինքն իրեն էլ պաշտոնանկ կանի:

Մինչդեռ որևէ աշխարհացունց իրադարձություն տեղի չի ունեցել: Կառավարության ղեկավարը պաշտոնանկ է արել իր ենթակայության տակ գտնվող երկու գերատեսչությունների ղեկավարներին: Եվ, հաշվի առնելով այդ գերատեսչությունների սպեցիֆիկ բնույթը, տրվել է հստակ պարզաբանում՝ ոչ պատշաճ պայքար կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և Հայաստանում բուն դրած լրտեսական ցանցերի դեմ:

Բայց նախկինները չեն համակերպվում պարզաբանումների հետ և ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների վրա կառուցում են նոր կանխատեսումներ: Դրանցից գլխավորը՝ ԱԺ «Իմ քայլը» դաշինքը կփլուզվի և խորհրդարանական մեծամասնության գոյությունը կդրվի կասկածի տակ: 

Հայաստանն ունի խորհրդարանական կառավարման համակարգ և ճգնաժամերն ամենևին էլ բացառված չեն: Վերջին 1.5 տարում Իսրայելում տեղի է ունեցել 3 խորհրդարանական ընտրություն, և օրերս կայացած ընտրությունները կարծես թե նույնպես չեն կարողանում հաղթահարել ճգնաժամը:

Խնդիրն այլ տեղում է: Բացառված չէ, որ հենց Փաշինյանը ցանկանա ստեղծել խորհրդարանական ճգնաժամ՝ նպատակ ունենալով լուծարել այս խորհրդարանը: Ակնհայտ է՝ 88 հոգանոց խմբակցությունը չի արդարացնում իր գոյության անհրաժեշտությունը: Չի համոզում, որ այսպիսի մեծաքանակ կազմով իմաստ ունի իր հետագա մասնակցությունը երկրի կառավարման գործին: Գաղտնիք չէ, որ այն կազմվել է հապճեպ, ձախողված քասթինգի, 1+1 սկզբունքով: Վերջինը նշանակում է, որ ՔՊ-ի հնաբնակները երաշխավորել են ցուցակի անցողիկ տեղերում ևս մեկին, և դրանք հիմնականում եղել են ընդամենը մտերիմ մարդիկ: 

Եվ քանի որ ներկայումս կանխատեսումների պակաս չկա, մենք էլ ներկայացնենք մերը: Փաշինյանը չի սպասի, որ նախկին ռեժիմն իրեն փաստի առաջ կանգնեցնի՝ սեփական խմբակցության մի մասին բացահայտ դարձնելով ընդդիմություն: Առաջիկայում խորհրդարանը կբարեփոխի Ընտրական Օրենսգիրքը, կվերացվի վարկանիշային համակարգը: Նույնը վերաբերում է կուսակցությունների մասին օրենքին: Բացառված չէ նաև խորհրդարան մուտք գործելու ընտրական շեմի իջեցում: Եվ դրանից հետո, Փաշինյանը կգնա խորհրդարանը լուծարելու ճանապարհով: Նրա վարկանիշը թույլ է տալիս նորից կազմել մեծամասնություն, բայց առանց բալաստի: Նա նաև կձգտի, որ խմբակցության քանակը չանցնի 60 հոգին: Նրանում տեղ կկազմեն առավել վստահելիները և քաղաքական պայքարի պատրաստվածները: Իհարկե, կա վտանգ, որ հանրապետականները մի քանի հոգով կսողոսկեն խորհրդարան: Բայց միևնույն է՝ նրանք չեն կարող մեծ վտանգ ներկայացնել Փաշինյանի համար: Նրանց ներկայությունը կլինի տհաճ, բայց չեն կարող անել ավելին, ինչ անում են այսօր:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5661 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ