...

Փաշինյանը պահը բաց թողեց մեկ տարի առաջ

Փաշինյանը պահը բաց թողեց մեկ տարի առաջ

Նիկոլ Փաշինյանը չէր կեղծում, երբ հայտարարում էր, որ հեղափոխության ժամանակ չկար հանրային ձևակերպված պահանջ փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշները: Բայց դա, ինչպես հաճախ է պատահում, ճշմարտության ընդամենը կեսն էր: Հասարակությունը չէր և չի ուզում արտաքին քաղաքական վայրիվերումներ, սակայն ուզում էր և ուզում է ունենալ իշխանություն, որն ընդունակ կլինի պաշտպանել ՀՀ սուվերենությունը և շահերը, անկախ մարտահրավեր նետողի ով լինելուց: Հաշվի առնելով Հայաստանի սահմանափակ հնարավորությունները՝ որպես հիմնական հաղթաթուղթ ներկայացվում էր լեգետիմ իշխանություն ունենալը: Լեգետիմ իշխանություն, որի վրա ազդելու արտաքին ուժերի հնարավորությունները կլինեն սահմանափակ՝ հաշվի առնելով, որ նրա վրա չեն լինի տարատեսակ վարկաբեկող դոսյեներ, և նա կհենվի ամբողջ հայության ներուժի վրա:

Այս համոզմունքն առաջին քննությունը տապալեց անցյալ տարվա աշնանը, երբ հակառակ Հայաստանի պետական շահերի՝ հումանիտար զորախումբ ուղարկեց Սիրիա: Քայլ, որ միանշանակ չընդունվեց արևմուտքում, սակայն ոչինչ չտվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում: Կարծում ենք, մեկ տարով գազի գնի որոշումը հետաձգելը այն գինը չէր, որ արժեր վճարել: Այդ քայլի արդյունքում է, որ առ այսօր չկա հայ-ամերիկյան քաղաքական օրակարգ: Չի բացառվում, որ նաև այդ քայլի պատճառով էր պայմանավորված Եվրամիության կողմից Հայաստանին օգնության չափի չավելացումը: 

Այժմ նոր քննություն է՝ Ամուլսարի քննությունը: Բայց տեսնելով կառավարության պատրաստվածությունը՝ արդեն կարելի է պնդել, որ այս մի քննությունը կրկին տապալվելու է: Ի՞նչ է ասում Փաշինյանը: Հայաստանի կառավարությունը չի կարող մասնակից լինել որևէ կոռուպցիոն գործարքի: Ընդունենք: Այդ դեպքում, ժողովրդի կամքին հակառակ, Ամուլսարը հանք դարձնելու ցանկությունը միանշանակ տեղավորվում է արտաքին ճնշումներին ենթարկվելու համատեքստում: Հատկապես, որ վարչապետն ասում է, թե շատ փակագծեր չի կարող բացել: 
Այստեղ օրինաչափ հարց է առաջանում: Բա սրա համա՞ր էինք հեղափոխություն անում: Նախորդ իշխանությունը նույնպես չէր կարողանում դիմագրավել արտաքին քաղաքական ճնշումներին, ուրեմն ինչի՞ մեջ է փոփոխությունը. գեղեցիկ բառերի՞, քաղաքացու հետ զրույցների՞: Ստացվում է՝ ապրանքի որակը չենք վերանայում, փորձում ենք փաթեթավորումը սպառողի համար հաճելի դարձնել: 

Միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, Փաշինյանի կառավարությունը Սարգսյանի կառավարության իրավահաջորդն է: Սակայն միջազգային հանրությունն է որոշում՝ ե՞րբ, որքանո՞վ և ինչպե՞ս կիրառել միջազգային իրավունքը: Անցյալ տարվա ամռանը, եթե Փաշինյանի կառավարությունը գնար Ամուլսարի հանքի փակման ճանապարհով՝ վկայակոչելով նախկին հանցագործ ռեժիմի փաստաթղթերով ու թույլտվություններով չառաջնորդվելու կամքը, նույն միջազգային հանրությունն ավելի զուսպ և անտարբեր կլիներ Լիդիանի պահանջների հանդեպ: Բայց պահը բաց թողնվեց: Մեկ տարի հետո ավելի դժվար է լինելու:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   7653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ