...

Պատուհասը աղե՞տ է, թե՞ պատիժ

Պատուհասը աղե՞տ է, թե՞ պատիժ

Աշխարհաբարում պատուհաս բառի առաջին իմաստը աղետ-ն է, իսկ գրաբարում պատիժ-ն է, չար գործերի հատուցումը՝ իբրև հետևանք Աստծո բարկության։ 

Որն էլ ընտրենք, արդյունքը նույնն է։ Սակայն մտածելու տեղիք է տալիս, թե որ իմաստն է ավելի բնութագրական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Քաղաքացու տոնը։ Եվ գիտե՞ք՝ ինչն է տեքստի մեխը։ Ճիշտ եք, արդարանալը, մեղքն ուրիշների վրա գցելը։ Չե՞ք հավատում, ուրեմն կարդացե՛ք այս հատվածը․

«Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»:

Աղետը չկանխողը, երկիրը պատերազմի հորձանուտը նետողը, հազարավոր զոհերի և կորուսյալ տարածքների պատճառը պնդում է, որ ինքն ու իր թիմը աղետների հեղինակ չեն։ Այնինչ սեփական աղետաբերության բազում վկայություններից ամենակարևորները հենց իրենն են՝ Նիկոլ Փաշինյանինը։ Այսպես, ՔՊ առաջնորդն է խոստովանել, որ կարող էր կանխել պատերազմը՝ շրջանների հանձնմանը համաձայնելով, բայց չի արել դա՝ մտածելով, թե իրեն դավաճան կանվանեն։ Այսինքն՝ մահ ու ավեր բերելը գերադասել է սեփական անձին տրվող որակումից և գուցե իշխանության կորստից։ Հենց ինքն է խոստովանել, որ կարող էր 2020-ի հոկտեմբերին դադարեցնել պատերազմը և փրկել հազարավոր կյանքեր, նաև Շուշին և Հադրութը, բայց չի արել, որովհետև չէր ուզում դավաճան կոչվել։ Իսկ մեր կարծիքով՝ խաղամոլի ազարտի մեջ ընկած՝ ուզում էր հեղափոխական հաղթանակին գումարել նաև «աննախադեպ» ռազմական հաղթանակ և կոչվել հերոս, ստվերել անգամ Տիգրան Մեծի փառքը։ Իրականում մրցում էր նախկին նախագահների հետ, որովհետև նրան հանգիստ չէր տալիս Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը։ Չէ՞ որ ինքը չէր դրա հեղինակը։

Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը համարում է սրբագույն առաքելություն և խոստանում նավը հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի։ Այսիքն՝ իշխանությունից հեռանալու որևէ մտադրություն չունի, թեպետ նավը ջախջախել է։ Եվ ահա համարյա նույն ժամանակահատվածում երկիրս ԱԱԾ-ը սպառնալից հայտարարություն է անում՝ զգուշացնելով, որ Հայաստանում զանգվածային անկարգությունների իրական վտանգներ կան։ Նույն օրը՝ ս․թ․ ապրիլի 30-ի երեկոյան, իշխանության աջակիցները սոցցանցերը ողողում են տարբեր տեղեկություններով, թե ընդդիմությունը զինված է կամ անկարգություններ է հրահրելու։ Ծանոթ ձեռագիր է։ Այսպիսի ախմախություններ տեսել ենք հատկապես 2008 թ․ փետրվարի վերջին։

Վիճակը, իրոք, ծանր է։ Կարող են լինել և՛ սադրանքներ, և՛ բախումներ։ Սակայն ի գիտություն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ ամբողջ թիմի՝ արձանագրենք․ եթե հանկարծ արյուն թափվի Երևանի փողոցներում, մեղավորը իշխանությունն է, որովհետև պատասխանատու է նույնիսկ այն մարդկանց անվտանգության համար, որոնք բնավ իր համակիրը չեն։ Սա աքսիոմա է։ Ինչպես աքսիոմա է այն, որ պետության ինքնիշխանությունը շրիշակի մակարդակի հասցնողը, բանակի ողնաշարը կոտրողը չի կարող կառավարել։ 

Մտածեցի՞ք՝ պատուհաս բառի որ իմաստն է հարմար․․․ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ