...

Պատրիարք Մաշալյանը պարտք է թուրքական իշխանություններին

Պատրիարք Մաշալյանը պարտք է թուրքական իշխանություններին

Հայ հանրությունը հերթական անգամ ցնցվել է: Երևանից Գյումրի, Գլենդելից Փասադենա, Մոսկվայից Դոնի-Ռոստով, Փարիզից Աթենք, բոլորը վիրավորված են Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանի հարցազրույցից՝ տրված թուրքական «Սաբահ» օրաթերթին: Հայ հանրությունը հերթական անգամ անակնկալի է եկել Կոստանդնուպոլսի պատրիարքների կրկնվող դիրքորոշումներից: Հիշեցնենք՝ նորընտիր պատրիարքը դատապարտել է ԱՄՆ սենատի կողմից ընդունված բանաձևը, այն համարել անբարոյական և անպատեհ քայլ մեր նախնիների նկատմամբ, իսկ վերջում ավելացրել «մենք հիշում ենք, որ մոռացել ենք»:

Մինչդեռ կան մարդիկ, ովքեր տարակուսած են հանրության վերաբերմունքից, կոչ են անում, որ պետք է հաշտվել այն մտքի հետ, որ անկախ պատրիարքների անձից, նա, միևնույն է, արտահայտելու է նման տեսակետ, որպեսզի հայ համայնքը թուրքական իշխանությունների հետ խնդիրներ չունենա:

Գիտակցելով հանդերձ թուրքական իշխանությունների քաղաքականության ամբողջ վտանգավորությունը՝ չպետք է անտեսել փաստը, որ նորընտիր պատրիարքը բավական կոշտ է արտահայտվել հայ ժողովրդի ամենամեծ ցավի նկատմամբ: Եվ այդպիսի դիրքորոշման մեջ միայն համայնքի անվտանգության նկատմամբ մտահոգությունները չեն: Չպետք է մոռանալ, որ նույն համայնքը պահանջեց և հասավ նրան, որ տեղապահ Աթեշյանը չդառնա պատրիարք: Մինչդեռ թուրքական իշխանություններն ի սկզբանե նրան էին հովանավորում և տեսնում այդ պաշտոնում: Համայնքի հետևողական դիրքորոշման և բողոքի ակցիաների արդյունքում թուրքական իշխանությունները տեղի տվեցին և նշանակեցին ընտրություններ: Բայց նրանք արեցին ձիու քայլ: Աթեշյանի դեմ հանեցին եպիսկոպոս Մաշալյանին, որը տարիներ շարունակ հեզորեն աշխատում էր դրածո տեղապահի ենթակայության տակ: Անհրաժեշտ պահին Մաշալյանը սկսեց մեղադրել Աթեշյանին եկեղեցական ֆոնդերի յուրացման մեջ, իսկ Աթեշյանը գրեթե չհերքեց մեղադրանքները և «հաճույքով» պարտվեց: Իսկ պատճառն այն էր, որ Թուրքիայի ՆԳՆ նախարարը մի քանի հանդիպում էր անցկացրել երկուսի հետ և բացատրել, որ միայն այդ սցենարի դեպքում հնարավոր կլինի կանխել դրսից երրորդ թեկնածուի ընտրվելը:

Այնպես որ՝ Մաշալյանի հայտարարությունների հիմքում միայն համայնքի անվտանգության խնդիրը չէ, նա պարտք է թուրքական իշխանություններին և կատարում է ստվերային պայմանավորվածությունները: Ուրեմն պետք չէ հովվապետից կերտել հերոսի, ով միայն մտահոգված է հոտի անվտանգությամբ: Պարտք չունեցողը հանգիստ կարող էր ասել, որ չի մեկնաբանում քաղաքական հարցեր, այն էլ՝ օտարերկրյա երկրների օրակարգից: 

Արիս Վաղարշակյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1188 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ