...

Փոքր միտքը թույլ չի տալիս հաղթահարելու սեփական հավակնությունները

Փոքր միտքը թույլ չի տալիս հաղթահարելու սեփական հավակնությունները

Փոքր մտքի տեր մարդիկ վիրավորվում են
չնչին բաներից, մեծ մտքի տեր մարդիկ 
նկատում են ամեն ինչ, բայց բանի տեղ 
չեն դնում։

Լառոշֆուկո

Հունվարի 9-ին լրացավ ՀՀ հիմնադիր նախագահ, պետական ու քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը։ Մամուլում և սոցցանցերում բազում էին շնորհավորանքները։ Անկախության տարիներից ի վեր ոչ մի ղեկավար այդպիսի պատվի չէր արժանացել և դժվար է ասել, թե առաջիկայում կլինեն։ 

Շնորհավորել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Չէր շնորհավորել վարչապետ Փաշինյանը, ինչը միանշանակ չընդունվեց սոցցանցերի օգտատերերի կողմից, և քիչ չէին Փաշինյանին ուղղված գրառումները, ինչն ամենևին էլ պատվաբեր չէր երկրի ղեկավարի համար։ Երբ մարդը չի կարող հաղթահարել սեփական հավակնություները և ամեն ինչ տեսնում է սեփական պրիզմայով, նրա համար դժվար է պետություն ղեկավարելը և չի կարող լինել պետական գործիչ։ Քաղաքական գործիչ կարող է լինել։

Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի դասընկերը չէր և ոչ էլ ՀԱԿ-ի շարքային անդամ, որ ժամանակին եղել է նաև Փաշինյանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է ՀՀ առաջին նախագահը՝ պետության սիմվոլն է։ Փաշինյանն ինչ էլ ունենար հոգու խորխորատներում առ Լևոն Տեր-Պետրոսյան, միևնույն է, որպես երկրի ղեկավար պետք է շնորհավորեր։ Անկեղծ ասած, մի քիչ անհասկանալի է, թե ի՞նչ կարող էր ունենալ Փաշինյանը։ Ինչքան էլ մտածում ես, անհնար է լինում տրամաբանական պատասխան գտնել։ Պարզ պատճառով։ Լևոն Տեր-Պետրոսյանը և Նիկոլ Փաշինյան տարբեր հարթություններում են։ Թե՝ հասարակ մահկանացուներս, թե՝ երկրի ղեկավարը, երբ կարողանում ենք մեր մեջ ուժ գտնել, հաղթահարել մեր ես-ը և ճիշտ գնահատել դիմացինի արժանիքները, չենք հայտնվի զավեշտալի իրավիճակներում։ Իսկ սեփական ես-ը հաղթահարելու համար մեծ միտք է պետք ունենալ, ինչը ձեռքբերովի չի լինում։  

Մի փոքր վերհիշենք Նիկոլ Փաշինյանի անցած քաղաքական ճանապարհը։ Առաջին անգամ պատգամավոր դարձավ ՀԱԿ-ի ցուցակով, կարճ ժամանակ անց դուրս եկավ ՀԱԿ խմբակցությունից։ Հաջորդ ընտրություններին Էդմոն Մարուքյանի կուսակցության հետ կազմեց «ԵԼՔ» դաշինքը և մի կերպ հաղթահարեցին անցողիկ շեմը։ Դեռ այն ժամանակ ասում էին, որ Նիկոլը ելքը գտավ։ Դժվար է ասել, եթե դաշինք չկազմեր, կարող էր հայտնվել ԱԺ-ում։ Իսկ մեկուկես տարի առաջ իշխանության եկավ նախկին իշխանություների 20 տարվա վաստակած ատելության հաշվին։ Հանրությունն այնպիսի ատելություն ուներ և ունի նախկիների հանդեպ, որ եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշն էլ առաջնորդեր, միևնույն է, այդ ուրիշին էին ընտրելու։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության է եկել բացառապես համաժողովրդական համակրանքով։

Ժամանակակիցները շատ լավ են հիշում 1988-ից սկսած Ազատության հրապարակում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ պետական գործչին հատուկ կշռադատված խոսքը։ Իսկ ղեկավարման տարիներին ինչպես էին աշխարհի մեծերը հաշվի նստում Լևոն Տեր-Պետրոսյան համաշխարհային հռչակ ունեցող գիտնականի և պետական գործչի հետ, սա նույնպես հայտնի է և անուրանալի։ Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը Լևոն Տեր-Պետրոսյանի փայլուն արտաքին քաղաքականության արդյունքն է։ Հավանաբար քչերը կհիշեն, թե ինչպես ԽՍՀՄ ԳԽ-ում դեպք է եղել, որ նրանց պատգամավորներից մեջբերում են արել Լևոն Տեր-Պետրոսյանից։ Լևոն Տեր- Պետրոսյանը մեծ միտք ունեցող պետական գործիչ է և պետության շահը միշտ էլ  բարձր է դասել անձնականից։ Ապացույցները բազմաթիվ են։ Անկախ նրանից, թե 1998թ. ովքեր էին եղել իր հրաժարականը պարտադրած հայտնի ուժերը, Լևոն Տեր-Պետրոսյանը մի կողմ թողեց և 1999թ հոկտեմբերի 27-ին կոչով դիմեց ժողովրդին, որ համախմբվեն երկրի նախագահի շուրջը։ Պետությունն էր վտանգված։ Ապրիլյան քառօրյային հանդիպեց Սերժ Սարգսյանին։ Դարձյալ պետությունն էր վտանգված։ Հեղափոխությունից հետո, որ առաջարկեց և հանդիպեց Փաշինյանի հետ, Փաշինյանի սիրուն աչքերի համար չէր, դարձյալ պետության հանդեպ իր ունեցած անհանգստություն էր, Ղարաբաղի չլուծված հակամարտություն կա։  

Համոզմունք ունենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե պետության համար վտանգ զգա, դարձյալ իր խոսքն ասելու է և չի էլ հիշելու, որ Փաշինյանն իրեն չի շնորհավորել։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի՝ երկրի ղեկավարին ոչ հատուկ վերաբերմունքը խոսում է Փաշինյանի փոքր լինելու և ոչ պետական մտածելակերպի մասին, իսկ փոքրերը չեն կարող մեծերի մեծությունը տեսնել։ Իսկ երբ չեն ուզում Մեծի մեծությունը տեսնել, իրենց փոքր լինելն ավելի ցցուն է դառնում։ Լևոն Տեր-Պետրոսյանի գործողություններն իր մեծ մտքի շրջանակներում է, ինչը շատերին հասու չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը պետական գործիչ է։ Պետական գործիչ չեն դառնում, պետական գործիչ ծնվում են։ Գենետիկան հզոր բան է։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4595 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ