...

Պուտինը չեկավ, չէ՞

Պուտինը չեկավ, չէ՞

Ահա և եկավ հոկտեմբերի 1-ը: Աշնանային գեղեցիկ մի օր, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը ոչ մի դեպքում չպետք է լիներ Երևանում: Չէ՞ որ հայաստանյան լրատվամիջոցների Կրեմլյան աղբյուրները 6 ամիս շարունակ հավաստիացնում էին՝ Պուտինը ասել է. «եթե իմ ընկեր Ռոբերտը չլինի ազատության մեջ, ես ոչ մի դեպքում ոտք չեմ դնի Հայաստան»: Վերջին 10 օրը «աղբյուրները» մի փոքր փոխեցին հռետորաբանությունը՝ «չի բացառվում, որ կգա, բայց հաստատ չունի առանձին հանդիպելու մեկի հետ, որն անազատության մեջ է պահում իր ընկեր Ռոբերտին»:

Հոդվածի թեման Պուտինի այցը չէ: Այն ոչ պատմական է և ոչ էլ էական ազդեցություն է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ֆորմալ աշխատանքային կոլեկտիվ այց է, որի նպատակը մեկն է՝ ցուցադրել աշխարհին՝ Ռուսաստանը  դեռ չի պատրաստվում անջատել ԵԱՏՄ-ի արհեստական շնչառությունը: Այն դեռևս իրեն անհրաժեշտ է իբրև կռվան գեոպոլիտիկի համատեքստում:

Հարցը հայկական լրատվամիջոցներն են: 10 տարի Միքայել Մինասյանը հնարավոր բոլոր միջոցներով ապականեց լրատվական դաշտը: Նրա բարձր քավորությամբ դաշտ ներմուծվեցին տասնյակ լրատվականներ, որոնց միակ նպատակը մանիպուլյացիան էր և Սարգսյանի քաղաքական հակառակորդների վրա ցեխ շպրտելը: Հեղափոխությունից հետո հույս կար, որ դաշտը կառողջանա, գովազդային շուկան կազատականանա և լրատվամիջոցները կթոթափեն առաջին փեսայի և օլիգարխների լուծը: Բայց տեղի ունեցավ հակառակը: Ելնելով իր մեղադրյալի, իսկ այնուհետև ամբաստանյալի կարգավիճակից՝ մեդիա դաշտ ներխուժեց Ռոբերտ Քոչարյանը: Ներխուժեց իրեն բնորոշ հատկանիշներով: Սկսեց աջուձախ գնել լրատվամիջոցներ և ստիպել զբաղվել լրատվամիջոցին հարգանք չբերող գործունեությամբ: Եթե Միքայել Մինասյանի ժամանակներում, նրա ազդեցության տակ գտնվող  լրատվամիջոցները կատարելով հանդերձ պատվերներ, խորշում էին այնպիսի լրատվության տիրաժավորմամբ, որ փաստերով արագ հերքվելու էր, ապա Քոչարյանին դա բացարձակապես չի հետաքրքրում: Նրան չի հետաքրքրում գնված լրատվամիջոցների հեղինակությունը և այնտեղ աշխատող լրագրողների մասնագիտական պատիվը: Ինչպես ընթերցողը հավատա լրատվամիջոցին, որը 6 ամիս «երդվում էր», թե Պուտինը չի գալու Հայաստան, քանի Քոչարյանը ազատության մեջ չէ: Ինչպես ընթերցողը հավատա լրագրողին, որ ինքնասպանությանը ներկա ականատեսը չի ունեցել որևէ այլ մտահոգություն կամ գործ, քան արագ զանգահարելը լրագրողին: Քոչարյանին չի հետաքրքրում լրատվամիջոցի հեղինակությունը, քանի որ ընդամենը 1-2 ժամ հետո վկան ցուցմունք է տալու այն մասին, որ ոչ մեկին էլ չի զանգահարել: Պատվիրատուին, ի դեմս՝ Քոչարյանի, անհրաժեշտ է այսրոպեական արդյունքը: Ինքը տիրապետում է այնքան ֆինանսական ռեսուրսների, որ ցանկացած նմանատիպ լրատվական դիվերսիայի համար կարող է վճարել հերթական լրատվամիջոցի անխուսափելի հեղինակազրկմամբ: Վաղը կգնի հաջորդ լրատվամիջոցը՝ հաջորդ դիվերսիայի համար: Եթե մի փոքր այլաբանորեն ասենք, ապա Քոչարյանը լրատվական ջիհադ է հայտարարել հայ ժողովրդին, իսկ նրա հանձնարարությունները կատարողները ջիհադի զինվորներն են:

Քանի որ իշխանությունը չի պատրաստվում պայքարել լրատվական տեռորի դեմ, միակ հույսը մնում է ընթերցողի մեդիագրագիտության բարձրացումը: Ինքնուրույն պետք է տարբերակեն դիվերսանտին լրագրողից:

Արիս Վաղարշակյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ