...

Քաղաքական ուժերը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Քաղաքական ուժերը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Հայաստանի քաղաքական ուժերն արձագանքել են Ուկրաինայում ընթացող պատերազմին։

ՔՊ - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն աննախադեպ ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներին, և արձանագրելով, որ բոլոր կողմերը դժգոհ են՝ կոչ է անում այնպես անել, որ բոլորը գոհ լինեն։ Հորդորում ենք շփման գիծը որոշել GPS-ով, զորքերը հայելային ետ քաշել և խաղաղության դարաշրջան բացել։ Իսկ մեր ռազմավարական դաշնակցի ազատարար օկուպացիոն ուժերին կոչ եմ անում ազատագրված բնակավայրերի խանութներից ինչ-որ բան վերցնելիս անպայման ՀԴՄ կտրոն պահանջել։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի՛ պլստալու։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, և իհարկե՝ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Անկեղծորեն Ձեր՝ Նիկոլ (Միկոլա)։

ՀՅԴ - Դաշնակցությունն իր 172-րդ ընդհատակյա գաղտնի ժողովի անունից կոչ է անում հասնել Սուրգուտ, մտնել Օրսկ, Կուրսկ, Սամարա, Չերնոմորսկ։ Կողմ լինելով ուկրաինացի հերոսական ժողովրդի ազատագրական պայքարին՝ ՀՅԴ-ն միաժամանակ իր զորակցությունն է հայտնում ցեղասպան Թուրքիայի դաշնակից այդ երկրի մայրաքաղաքն արյան ծով դարձնելու ռազմավարությանը։ 

«Հայաստան» դաշինք - Ուվաժաեմի Վլադիմիր Վլադիմիրովիչ։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում Ուկրաինան ոչ մի անգամ չի համարձակվել փորձել մտնել ՆԱՏՕ։ Իսկ այսօրվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառն այն է, որ ՌԴ իշխանությունները ժամանակին պաշտոնապես չհերքեցին Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի հասցեին հնչող այն անհեթեթ մեղադրանքները, թե իբր նա թալանել է սեփական երկիրը, միլիարդավոր դոլարներ է դուրս բերել երկրից, ոսկյա ունիտազներ է ունեցել և այլն։ Միութենական պետության անկեղծ սպասումներով՝ «Հայաստան» դաշինք։

ՀԱԿ - Կարճ՝ իրավիճակի մասին։ 1․ Հակամարտության կարգավորման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ 2․ Ռուսաստանը կողպեքներ բացելու միայն մի ձև գիտի՝ կվալդը։ 3․ Զելենսկու և Պուտինի հայտարարություններին անդրադառնալն անիմաստ է։

ՀՀԿ - Եթե հողատու կապիտուլյանտը Հայաստանում իշխանությունը չզավթեր՝ Ռուսաստանն այսօր ստիպված չէր լինի պատերազմել ամբողջ աշխարհի դեմ։ Ահա թե ինչ աղետների է հասցնում պոպուլիստների իշխանությունը։

«Լուսավոր Հայաստան» - Մենք չգիտենք՝ հիմա մենք ռուսամետ ե՞նք, թե՞ ռուսամետ չենք։ Դրա համար էլ համենայն դեպս դիմում ենք երկու կողմերին․ էս չհասկացանք, իրար սպառնըմ ե՞ք։

«Սասնա ծռեր» - Չարիքի կայսրության դեմ մեր հուժկու պայքարի համար շտապ անհրաժեշտ է 200 պիկապ։ Հնարավոր է՝ նաև փոխանցումով։ Խնդրում ենք ռուսական ռուբլով չուղարկել։

ԲՀԿ - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է եղբայրասպան պատերազմը և խոստանում մարտերում աչքի ընկած ռուս զինվորներին պարգևատրել «Նիվա» ավտոմեքենաներով, իսկ ուկրաինացի զինվորներին՝ ասենք թե համապատասխան «Զապորոժեցներով»։ Կուսակցությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների՝ Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի մրցութային հայտերը կքննարկվեն արտահերթ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ