...

Ռեսուրսները, լաչառությունը և հասարակությունը

Ռեսուրսները, լաչառությունը և հասարակությունը

Վերջին օրերին ակնհայտ է մի փաստ․ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության հետաքրքրությունն իջել է, գրեթե մարել։ 

Մի՛ շտապեք լուտանքներ տեղալ մարդկանց գլխին, նրանց ժեխ կամ տկարամիտ անվանել կամ այնպիսի «ապոկալիպտիկ» տեքստեր գրել, ինչպիսին է, օրինակ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանի հետևյալ գրառումը․ «Մեր ցեղատեսակը միշտ ցեղասպանվելու է հարյուր տարին մեկ, հարյուր տասը տարին մեկ․․․ Եւ դրա մեղավորն ու պատասխանատուն ամենևին էլ մեզ ցեղասպանողը չէ․․. մենք ինքներս ենք, առանձին-առանձին և որպես մեկ հավաքական ամբողջություն»։ Մի՛ շտապեք, որովհետև ո՛չ ձեր որակումներն են մարդկանց հուզում, ո՛չ էլ գռեհկության հասնող ձեր պաթոսը։ 

Իշխանական թևը մեկ այլ ծայրահեղության մեջ է․ շարունակում է ի ցույց դնել կռապաշտական վերաբերմունքը վարչապետի նկատմամբ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի շաբաթ օրվա այցը Արարատի մարզ մեր լրատվականներում հայտնվել էր այսպիսի վերնագրով՝ «Ոտքդ խերով լինի, մեր համայնքը քեզ փեշքեշ Փաշինյան ջան․․․»։ Քաղաքականությունից հեռու մի մարդու ասածն անմիջապես դարձել է շահարկման առարկա երկու կողմերում։ Մեկը՝ իշխանականը, փորձում է ապացուցել կուռքի պաշտամունքի ռեալությունը, մյուսը՝ ընդդիմադիրը, առիթն օգտագործում է ժողովրդին պարսավելու համար։

Ի՞նչ է սա, եթե ոչ տարրական լաչառություն, որը, բնականաբար, լուրջ արձագանք չի կարող ունենալ։

Իսկ հիմա ռեսուրսների մասին։ Հեռուստաէլեկտրոնային տիրույթում ռեսուրսները բաժանված են «հակամարտող» երկու կողմերի միջև։ Փաստ է, որ Ֆրանսիայի հրապարակի վրանային ընդդիմությունը և իշխանությունը գրեթե ամբողջովին զավթել են քարոզչական դարշտը նախ և առաջ ձեռքի տակ ունեցած հեռուստաընկերություններով և լրատվական կայքերով։ Այսինքն՝ հասարակությունը ստիպված է տեսնել, լսել կամ կարդալ նույն մարդկանց իռացիոնալ պաթետիկ տեքստերը, որոնցում երկրի չլուծված խնդիրներին վերաբերող շատ քիչ բան կա։ Մեծ մասամբ մեր իշխանականներն ու ընդդիմադիրները զբաղված են միմյանց քննադատելով։ Ընդ որում, էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարներն ունեն իրենց բնական շահերը։ Նրանք ձգտում են ավելի շատ դիտումներ և լայքեր ապահովել, որովհետև դրանցից են հաճախ կախված նրանց ֆինանսական միջոցները։ Այսինքն՝ հասարակական արձագանքը կարևոր գործոն է քարոզչական բիզնեսի համար։ 

Ուրեմն տեսնենք, թե ինչին է ավելի «բուռն» արձագանքում քաղաքական մտքին հետևող հանրությունը։ Այո՛, ճիշտ եք՝ ավելի շատ դիտումներ և լայքեր են հավաքում լաչառ, պաթոսախեղդ, ինչ-որ անձի ոչնչացնող նյութերը։ Տխուր պատկեր է։ Բայց արդյո՞ք այն իրական է, թե՞ պարզապես ամեն լրատվամիջոց արդեն ձևավորել է սպառողների իր «բանակը»։ Հակված ենք կարծելու, որ երկրորդն է։ Այսինքն՝ դիտումնալայքային քանակը չի արտացոլում այն, ինչ իրականում մտածում է հասարակության մեծամասնությունը։ 

Հետևաբար մարդկանց թվացյալ անտարբերությունն ընդամենը մի բան է ապացուցում․ մեր իշխանությունը և ընդդիմությունը հավասարապես սնանկ են։ Նրանք երկուստեք չեն ներկայացնում հայ հասարակության իրական պահանջները։ Միայն քննադատությամբ հարց չի լուծվում։

Առանձնացնենք երկու կարևոր հանգամանք․

1․ Քննադատությունը նորմալ երևույթ է, եթե դրան հաջորդում է իրատեսական լուծումների առաջարկ։ Չկա։ Ընդդիմությունը դուրս չի գալիս Ռոբերտ Քոչարյանի «եթե ես լինեի, պատերազմ չէր լինի, կամ կհաղթեինք» խոսույթից, իսկ իշխանությունը՝ «նախկին թալանչիներն են մեղավոր» արդեն հոգնեցրած և անպտուղ երգի տակից։ 

2․ Երկու կողմերի քարոզչական աշխատանքը ոչնչացրեց այն մարդկանց ջանքերը, որոնք փորձում էին ներկայացնել 2020-ի պատերազմի և պարտության քաղաքական իրական պատճառները և լուծումներ առաջարկել՝ Նիկոլ Փաշինյանի ստեղծած քաոսից դուրս գալու համար։

Եզրափակենք․ հիվանդությունը բուժելուց առաջ ճիշտ ախտորոշում է պետք, հետո՝ գործողությունների հստակ ծրագիր և, իհարկե, խելացի բժիշկներ։ 

Հասարակությունը սա հասկանում է, բայց բժիշկներին չի գտնում։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ