...

Սա մեզ կարող են հիշեցնել

Սա մեզ կարող են հիշեցնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է. «Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ 

Եկեք տեսնենք, թե ինչ է նշված Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածում.

«Եթե ՀԱՊԿ անդամ պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի (զինված հարձակում, որը սպառնում է անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը), ապա դա ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների կողմից կդիտարկվի որպես ագրեսիա Պայմանագրի բոլոր անդամ-պետությունների դեմ:

ՀԱՊԿ անդամ պետություններից ցանկացածի դեմ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ մնացած բոլոր անդամ-պետությունները՝ այդ պետության խնդրանքով, անմիջապես նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում՝ ներառյալ ռազմական»:

Այստեղ հարցերի հարցը հետևյալն է. իսկ ո՞ւմ կողմից է ագրեսիայի ենթարկվել Ղազախստանը: Արտաքին ի՞նչ միջամտություն է տեղի ունեցել, որի հիմքով էլ որոշում է կայացվել Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր: ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, ամենաբարձր մակարդակով այս օրերին արձագանքել են Ղազախստանում ընթացող զարգացումներին, տասնյակ հայտարարություններ են արվել, ու դրանց մեջ արտաքին միջամտության կամ ագրեսիայի մասին որևէ խոսք չենք գտել: 

Լավ, բա ո՞վ է հարձակվել Ղազախստանի վրա, բա չիմանա՞նք:

Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ Փաշինյանին ասել են՝ նման հայտարարություն արա, ինքն էլ արել է: Այդ առումով ինքը իդեալական տարբերակ է՝ ՀԱՊԿ-ի ներսում այս կամ այն հարցերը լուծելու համար: Թղթով սաղ ճիշտ է. Հայաստանը հիմա ՀԱՊԿ գործող նախագահողն է, դե, դիմում են իրեն, Հայաստանն էլ որոշում է կայացնում: 

Հասկանալի է, որ Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկեր՝ Ղազախստանում իրավիճակը վերահսկելի դարձնելու համար, բայց վատ է, որ դա արվում է Նիկոլի անունով: Արևմուտքում սա դիտարկվելու է որպես արտաքին միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին, եթե համոզիչ և հստակ փաստեր չներկայացվեն, որ Ղազախստանը ենթարկվել է արտաքին ագրեսիայի կամ միջամտության: 

Նույնիսկ չենք էլ ուզում ենթադրել, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար: Միայն մի բան ասենք. 1968 թվականին, երբ Չեխոսլովակիայում սկսվեց «պրահյան գարունը», այսինքն, երբ չեխական իշխանությունները դեմոկրատացման գործընթաց սկսեցին, ԽՍՀՄ և Վարշավայի պայմանագրի անդամ-երկրները այնտեղ զորք մտցրեցին ու խեղդեցին այդ գործընթացը: Որովհետև ԽՍՀՄ-ի իշխանությունները մտավախություն ունեին, որ հակառակ դեպքում Չեխոսլովակիան դուրս կպրծնի իրենց ազդեցության տակից: 

Քանի՞ տարի է անցել այդ դեպքերից. մինչև հիմա չեխերը աչքով աչք չունեն ռուսների հետ: Երբեք չեն ներելու 1968-ի դեպքերը: Հիմա Հայաստանի իշխանությունները մի գործընթացի մեջ են ներքաշվել, որը կարող են մեզ տասնամյակներով հիշեցնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ