...

Սա նույնիսկ «հայկական թալիբան» չէ

Սա նույնիսկ «հայկական թալիբան» չէ

Այո՛, նույնիսկ թալիբներն այսքան հեռու չեն տրամաբանությունից։ Մերոնք ուրիշ են։ Եվ մերոնց մտքի գոհարներն են ուրիշ։ Օր․՝ փողոց դուրս եկած ընդդիմությունը պնդում է, որ իրենց պայքարն ապաքաղաքական է։ Մի՛ զարմացեք։ Սա հին, փորձված հնարք է։ Այն էլ Հայաստանում։ Ընդդիմության ներկայացուցիչներին ինչ-որ մեկը հուշել է, որ ժողովուրդն ավելի լավ կընկալի ապաքաղաքական պայքարի կոչերը, որ պետք է արթնացնել մարդկանց ազգային զգացմունքները, ոչ թե քաղաքական միտքը։ Թե ինչու ազգայինը քաղաքական չէ, ոչ ոք չի բացատրում։ 

Իշխանությունն ի սկզբանե հեռու էր քաղաքական մտքից։ Ապացույցը «թավշյա հեղափոխության» տեքստերն են, որոնց նպատակը նույնպես զգացմունքների վրա խաղալն էր, սակայն ավելի շատ՝ դասակարգային։

Այնուամենայնիվ, իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը հիշեց ոչմիթիզականության ուղին, որ բռնել էր դեռևս 2015-16 թթ․, երբ Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրում էր՝ պնդելով, որ նրանք ուզում են հանձնել հողերը։

Թե ինչով ավարտվեց նրա ապաքաղաքական ազգայնականությունը, շատ լավ գիտենք։ Հետևանքը պատերազմն էր և պարտությունը։

Ուրեմն եթե պատերազմից առաջ մենք ունեինք ոչմիթիզական ընդդիմություն և իշխանություն, պատերազմից հետո ստացանք մի քիչ այլ պատկեր։

Նիկոլ Փաշինյանն այս անգամ որոշեց, որ պետք է դառնա խաղաղության ջատագով։ Նրա աջակիցները նույնպես վերածվեցին խաղաղասերների, իսկ ընդդիմությունը մնաց ազգայնական «ծիրին» մեջ։

Ընդդիմությունը, պնդելով, որ դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանին», համոզում է, որ պարտված իշխանությունը դարձյալ պատերազմ է բերելու երկրի գլխին։ Մի հարցում ընդդիմադիրները ճիշտ են․ վարչապետը պարտության դեմքն է և չի կարող բանակցել Հայաստանի անունից։ Սակայն իրենց ելույթներում բողոքի ցույցերի առաջնորդները մի տրամաբանական սխալ են թույլ տալիս․ երբ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին պատերազմից առաջ և, մանավանդ, պատերազմի ժամանակ «լավրովյան» պլանից հրաժարվելու համար, մոռանում են, որ տարիներ շարունակ իրենք են արժանապատիվ խաղաղության մասին խոսողներին գամել անարգանքի սյունին։ 

Իսկ Նիկոլ Փաշինյանի հանկարծ ծայրահեղ պացիֆիստ դարձած պաշտպանները (Վիգեն Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Խաչատուր Սուքիասյան և այլք), ոչ միայն անտրամաբանական, այլև իսկապես հակապետական ելույթներ են ունենում, որովհետև ջնջում են Արցախյան առաջին պատերազմի նվաճումները։ Եվ եթե Արմեն Մարտիրոսյանի «ազատ» խոսքն առանձնապես վտանգավոր չէ, ապա պատգամավորների և վարչապետի փնթի, այսրոպեական պնդումները դառնում են ադրբեջանական սադրանքների հիմք։ Եվ ոչ միայն ադրբեջանական։

Հեռու ենք հասարակությանը մեղավոր հռչակելու մտքից, սակայն հենց նրա ակտիվ հատվածի՝ 2021-ի ընտրությանը մասնակցողների շնորհիվ, հայոց խորհրդարանում հայտնվեցին նախկին և ներկա մերժվածները։ Եվ այսօրվա քաղաքական դաշտի աղետալի վիճակի պատճառը նաև դա է։ 

Փաստացի և իրավաբանորեն մերժված նախկին իշխանությունը հիմա փաստորեն միակ ընդդիմությունն է, իսկ փաստացի մերժված, պարտված, բայց իրավաբանորեն իշխանություն ստացած վարչապետը որոշում է երկրի ճակատագիրը։

Հասարակության մեծամասնությունը, սակայն, լուռ է, չի կողմնորոշվում այս անտրամաբանական աղմուկի մեջ։ Մարդիկ չեն տեսնում որևէ բանական առաջարկ։ Թվում է՝ դրությունը կարող է փրկել իսկապես քաղաքական տեքստը, տրամաբանական ելք ցույց տվող ծրագիրը։ Սակայն թվացյալ այս հույսը դառնում է աղոտ, երբ հիշում ենք 2021-ի ընտրությունները։ Բանականությունն այդ ժամանակ էլ ստացավ 1,5 տոկոս ձայն։ Թե ինչու, մեկ այլ քննության առարկա է։ 

Այնուամենայնիվ, պետք է դուրս գալ երկու ապաքաղաքական ծայրահեղությունների օղակից և գտնել երկիրն ապրեցնելու ճանապարհը։ 

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2264 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ