...

Շարքային Հուդան, կամ թշնամին քնած չէր

Շարքային Հուդան, կամ թշնամին քնած չէր

Մինչ մենք ապրում էինք 1998-ի հեղաշրջմամբ պայմանավորված «հաղթողական» կամ «գերհայրենասիրական» մթնոլորտում (վերջին բնորոշումը պատմաբան Աշոտ Սարգսյանի «Անկախության օրվա ոչ թե առթիվ, այլ առիթով» հոդվածաշարից է, որը, անշուշտ, անհրաժեշտ է կարդալ), թշնամին իսկապես քնած չէր։ Շատ լավ գիտեք, որ երկիրն է և ինչ հզոր դաշնակիցներ ունի։ Ի դեպ, այն, որ տվյալ պետությունը մոտ ապագայում ավելի կարևոր էր դառնալու մեր վայ-դաշնակցի համար, կանխատեսել էր Լևոն Տեր-Պետրոսյանը և ասել դեռևս 1998 թ․ ԱԽ ճակատագրական նիստում․ «․․․ ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»։ (Լևոն Տեր-Պետրոսյան, Ելույթ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում, 1998 թ․, հունվարի 8): 

Գանք «հաղթողական», «հայդատական», «ոչմիթիզական» մթնոլորտում ապրող Հայաստան։ Այստեղ պատրաստ էին բառիս բուն իմաստով քարկոծել, «թուրք», «ապազգային», «դավաճան» և այլ հնչեղ պիտակներով լռեցնել իրապաշտական քաղաքականության ցանկացած կողմնակցի։ Չէ՞ որ իրենք ո՛չ դավաճան էին, ո՛չ էլ պարտվողական։ «Գերհայրենասիրությունը», իհարկե, գին ուներ։ Ճիշտ եք, այդ գինը շրջափակումն էր՝ երկրի բնականոն զարգացման արգելքը։ Գինը արտագաղթն էր։ Գինը նաև քաղաքական նորմալ պրոցեսի անհնարինությունն էր, «քաղաքական դաշտում» զանազան արկածախնդիրների հայտնվելը։ Մի խոսքով՝ իսկապես, մթնոլորտը ձեռնտու էր միայն թշնամուն։ Եվ այո՛, նրանք քնած չէին, նրանք տեսնում և նպաստում էին Հայաստանի ապուշացմանը։ Կրկնենք՝ դաշնակիցներ ունեին և ունեն, միջոցներ ունեին և ունեն։ Մտածե՛ք՝ ինչը կարող էր նրանց խանգարել, որ, ասենք, մեր «քաղաքական դաշտում» չհայտնագործեին բազմակի ծախված մեկին և չդարձնեին «ազգակործան պատուհաս»։ Ո՛չ, մեր ԱԱԾ-ն նրանց խանգարել չէր կարող։ Մեր ԱԱԾ-ն, ինչպես այսօր, զբաղված էր ընդդիմադիրներին վերահսկելով։

Իսկ մենք՝ միամիտներս, պատրաստ էինք պաշտպանել ցանկացածին, ով կելներ «նախկին» իշխանությունների դեմ։ Ուրեմն թշնամու «ընտրյալը» միշտ պետք է հայտնվեր ճիշտ ժամին, ճիշտ տեղում։ Օր․՝ պետք է հայտնվեր հեղինակություն ունեցող անձանց կողքին (ասենք՝ Վանո Սիրադեղյան, Լևոն Տեր- Պետրոսյան և այլք)։ 2008 թ․ մարտի մեկին պետք է գտնվեր այնտեղ, որտեղ հետո մարդկանց վրա պետք է կրակեր Ռոբերտ Քոչարյանը։ Հետո պետք է բանտ նստեր, այնուհետև դառնար պատգամավոր և անմիջապես «թռներ» այն թիմից, որն իրեն խորհրդարան էր բերել։ Հետո կրկին պատգամավոր պետք է դառնար, բայց արդեն որպես իշխանությունների հաճախորդ ընդդիմության ղեկավար։ Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր։

Իսկ ի՞նչ է անում «պատուհասը», երբ դառնում է, ասենք, երկրի ղեկավար։ Լուծում է Արցախի հարցն այնպես, ինչպես ձեռնտու է թշնամուն, Հայաստանը դարձնում է տարածաշրջանի կույրաղիք, որպեսզի վերջնականապես ջնջի քարտեզից։ Եվ այս ամենն անում է «գերհայրենասերի» կեցվածքով, որը նաև «գերդեմոկրատ» է։

Հիմա դարձել է «գերանկախական»։ Հետևանքը կարող եք պատկերացնել։

Իսկ մենք՝ միամիտներս, նրա հոգեվերլուծությամբ էինք զբաղված։ Այնինչ ունենք շարքային Հուդա, որն աստվածաշնչյանից տարբերվում է միայն նրանով, որ ինքնասպան չի լինելու։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   775 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ