...

Թավիշը վատ գաղափար չէ, պարզապես այն անգրագետ է կիրառվել

Թավիշը վատ գաղափար չէ, պարզապես այն անգրագետ է կիրառվել

Հիմա թավիշը չի քննադատում միայն ալարկոտը: Շատերը գտնում են, որ չէր կարելի նախկինների հետ խոսել թավշյա լեզվով, քանի որ նրանք չեն տիրապետում այդ լեզվին: Դա նրանց համար խորթ է և անհասկանալի:

Ինչպես շատ երևույթներ ու նորամուծություններ, այնպես էլ թավիշը կիսատ-պռատ ներդրվեց մեր իրականության մեջ և դրանով է պայմանավորված հասարակական դժգոհությունը քաղաքական այդ մոտեցման հանդեպ: Հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները և մի շարք այլ գործոններ՝ թավշյա քաղաքականության գրագետ և ինստիտուցիոնալ ներդրման դեպքում կունենայինք լրիվ այլ իրավիճակ: 

Այո, վենդետան կարող էր լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար և ողջունելի էր, որ նոր իշխանությունը չգնաց առաջին հայացքից գայթակղիչ, բայց իրականում կործանարար ճանապարհով: Բայց մյուս կողմից էլ թավշյա քաղաքականության ոչ գրագետ և թերի կիրառումը ստեղծեց մարտահրավերներ՝ առաջին հերթին ռևանշի հնարավորության տեսքով:

Մինչդեռ վենդետայի մերժմանը զուգահեռ, շատ արագ պետք է իրականություն դառնային քաղաքական և դատական բարեփոխումները, որպեսզի թավիշը չդառնար անատամ և խղճուկ:

Առաջնահերթ պետք էր ՀՀԿ-ին և սատելիտներին ճանաչել իբրև իշխանությունը տարիներ շարունակ զավթած ուժեր և չթողնել քաղաքական գործունեությամբ զբաղվել: 2018 թվականի ամռանը դա լիովին հնարավոր տարբերակ էր:

Վերցնելով գործադիր և օրենսդիր մարմինների կառավարումը՝ իշխող ուժը ոչ թե պետք է փորձեր լեզու գտնել դատական իշխանության հետ կամ շանս տալ նրան, այլ գնար այն ամբողջովին վերակառուցելու ճանապարհով:

Մասիսի քաղաքապետի կալանավորման հետ կապված խոչընդոտները առաջին ահազանգերն էին, և իշխանությունը պետք է հոտառություն ունենար հասկանալու հետագա զարգացումները:

Եթե արդեն գործեր առանց դատավճռի գույքի բռնագանձման մասին օրենքը, ապա շատ ռևանշիստների հետքը վաղուց չէր երևա, հոխորտալու և սպառնալու փոխարեն նրանք կաշխատեին դուրս չգալ բներից:

Կառավարությանը և ժողովրդին վիրավորողները ոռոգվում են նախկին ռեժիմի պարագլուխների կողմից: Իսկ ինչից են նրանք ամենից շատ սարսափում: Իհարկե, տարիներով կուտակած հարստության կորստից: Դրա փոխարեն ընտրվել է մասկի-շոուների տարբերակը, որով իսկապես վախեցնել հնարավոր չէ: 

Ամփոփելով՝ նշենք, ոչ թե թավիշն է սխալ, այլ նրա թերի կիրառումը: Նույն թավիշով կարելի էր այսօր արձանագրել լրիվ այլ արդյունքներ:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ