...

Տեր-Պետրոսյանի կոնսպեկտները հիշեցի՞ք

Տեր-Պետրոսյանի կոնսպեկտները հիշեցի՞ք

Ռոբերտ Քոչարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Ղարաբաղի կարգավիճակին` ասել է. «Կարգավիճակի հարցը միակ փաստարկն է, որ մենք այսօր ունենք: Մենք բանակցային սեղանին առևտրի համար ոչինչ չունենք: Այստեղ ուղղակի այլ կարգի դիվանագիտական հմտություններ են պետք ինչ-որ չափով հաջողության հասնելու համար: Եթե մենք դրան զուգահեռ մեր կարգավիճակը չփոխենք տարածաշրջանում, մենք այստեղ ոչինչ չենք ունենալու: Մենք բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունենք, և մենք տարածաշրջանում ազդեցություն ևս չունենք»:

«ՉԻ». Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սկսել են Լևոն Տեր-Պետրոսյանի կոնսպեկտներից օգտվել: 

Օրինակ՝ հիմա Քոչարյանը նույն բանն է ասում, ինչ Առաջին նախագահը 20 տարի փորձում էր մարդկանց ուղեղը մտցնել: Տարբերությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը դա ասում էր արժանապատիվ խաղաղություն հաստատելու և նոր պատերազմներ կանխելու համար, Քոչարյանը դա ասում է արդեն եղած պատերազմը և դրա հետևանքները մեկնաբանելու համար:

Մինչև 1998թ. հեղաշրջումը մենք բազմաթիվ խաղաքարտեր ունեինք. Ադրբեջանի հետ ռազմա-տնտեսական գրեթե հավասար բալանսը, Արցախի բանակցային կողմ լինելը, Հայաստանի միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացում ամուր դիրքերը, թուրքական գործոնի բացակայությունը, Ադրբեջանի՝ խաղաղության պայմանագիր կնքելու և փոխզիջումների գնալու հակվածությունը: Տեր-Պետրոսյանն ասում էր՝ քանի դեռ այս խաղաքարտերը կան, պետք է դրանք օգտագործել, դրա համար ամենանպաստավոր պահն է, հետո այդ խաղաքարտերը կկորցնենք: Մերժեցին, ու տարիների ընթացքում այդ խաղաքարտերը իրար ետևից կորցրեցինք: Այն աստիճանի, որ հիմա ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն էլ է դուրս մնացել բանակցություններից: Ու պոստֆակտում Քոչարյանը սա է ասում, որ խաղաքարտեր չունենք: Այսինքն՝ ակամա խոստովանում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ:

Իսկ Սերժ Սարգսյանն էլ մի ուրիշ հետաքրքիր բան ասաց շաբաթ օրը. հայտարարեց, որ պետք է հասնել իշխանափոխության, ինչը չի նշանակում՝ իշխանության գալ: Նույն բանը, ինչ Տեր-Պետրոսյանն է ասել: Մի տարբերությամբ. որ Առաջին նախագահը դա ասաց վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ, իսկ Սերժ Սարգսյանը՝ հետո: Այսինքն՝ հիմա: Տեր-Պետրոսյանը Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկեց համատեղել ուժերը, միասին մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ պայմանով, որ իրենցից որևէ մեկը ղեկավար պաշտոն չի զբաղեցնի: Այսինքն՝ իշխանափոխություն, առանց իշխանության գալու: Մերժեցին այդ առաջարկը: Իսկ հիմա նույն բանը Սերժ Սարգսյանն է ասում: Ու ստացվում է, որ խոստովանում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ