...

Տկարամտության իներցիան

Տկարամտության իներցիան

Հատկապես իշխանության ապշեցուցիչ թեթևամտությունը բերել-հասցրել է նոր աղետի, սակայն բոլորը՝ քաղաքական գործիչները, վերլուծաբանները, լրագրողները կամ «ակտիվ» քաղաքացիներն ապրում են իներցիայով, անում են այն, ինչին սովոր են, ասում են այն, ինչ պետք է իրենց, իրենց տերերին՝ կուսակցապետ լինեն, թե «անկախ» մտավորական։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը» ոչ մի կերպ չի գալիս, իսկ խորհրդարանական ընդդիմությունը կարծես հրճվում է դրանից՝ ծաղրելով խաղաղության գաղափարը։

Սեղմ ներկայացնենք Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի, հարակիցների մետամորֆոզների «հարցի պատմությունը»։

Այս աղջիկների և տղաների մի մասը 2008-ին աջակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը։ Հետո, երբ շարժումը մարտի մեկով, դրան նախորդող և հաջորդող բռնի գործողություններով թուլացավ, նրանք կորցրին իշխանական աթոռներին Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով բազմելու հույսը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշեցին, որ ՀՀ առաջին նախագահի խաղաղության ծրագիրը իրենցը չէ, ավելին՝ դավաճանական է, իրենք ազգային են և հող չեն հանձնելու։ Պաշտոնապես ՔՊ-ն ստեղծվել է 2015-ին, սակայն փաշինյանի թիմակիցները նախ կամացուկ մռթմռթոցով, հետո ավելի բարձր սկսեցին «դժգոհել» Արցախի հարցի լուծման տերպետրոսյանական տարբերակից։ Իսկ թե ինչ բոցաշունչ ոչմիթիզական ելույթներ էր ունենում Նիկոլ Փաշինյանը 2016-ի ամռանը՝ ՊՊԾ գունդը գրավելու օրերին, կարծում ենք, շատերդ եք հիշում։ Այնուամենայնիվ կարդացե՛ք այս մեջբերումը 2016 թ․ հուլիսին Խորենացի փողոցում նրա ունեցած ելույթից

«․․․ Լևոն Տեր-Պետրոսյանը,․․․, դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ հարցում մի ծրագիր իրականացնելու համար, որը խայտառակ ու ստորացուցիչ լուծում է: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է: Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում է խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»։ 

Ուշադրությո՛ւն դարձրեք այս հիստերիկ և ցաքուցրիվ տեքստի բառապաշարին՝ տարածքները հանձնել, Ալիև, հոխորտալ, ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիա։ Ճիշտ եք, սիրելի՛ ընթերցողներ, այսպիսի խոսքը բնորոշ է այսօրվա ընդդիմությանը։ Նախապատերազմական շրջանում սա բնորոշ էր քաղաքական դաշտը գրաված բազում «ուժերի», որոնք միասնաբար, այո՛, միասնաբար ընդդիմանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա ղեկավարած քաղաքական կուսակցությանը։ 

Եվ ահա, ինչպես ապացուցեց պատմությունը, հայ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի փառահեղ հրամանատարությամբ ամեն ինչ արեց արժանապատիվ խաղաղության գաղափարը վերջնականապես թաղելու համար՝ հընթացս ոչնչացնելով հայերի՝ Արցախի տերը լինելու հեռանկարը և Հայաստանի ինքնիշխանությունը։ 

Ի՞նչ էր մնում մինչև պատերազմը առյուծ կտրած իշխանությանը։ Ոչինչ, բացի խաղաղության մասին կմկմալուց։ Ջախջախիչ պարտությունից հետո անցել է 1,5 տարուց ավելի, սակայն մեր իշխանավորները որևէ կոնկրետ գործ չեն արել երկրի սահմաններն ամրապնդելու համար։ Միջազգային ասպարեզում Հայաստանը գոյություն ունի, բայց ձայնի իրավունք չունի։ Դարձյալ ոչ մի կոնկրետ գործ չեն արել դիվանագիտության ոլորտում։ Իսկ իշխանությունը պահելու համար արել են և անելու են ամեն ինչ՝ անգամ երկիրը վերջնականապես կործանելու գնով։

Նշենք, որ ընդդիմության անպտուղ գործողությունները, մաշված խոսույթը ձեռնտու են միմիայն Նիկոլ Փաշինյանին։ Այսպես, մեր «հերոս» ընդդիմադիրները զօրուգիշեր խոսում են նոր ցեղասպանության վտանգից և փրկվելու համար․․․ հանրահավաք են անում․․․

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3949 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ