Բոլոր զուգադիպությունները պատահական են, բոլոր ձերբակալությունները՝ ոչ պատահական
Հայաստանի քաղաքական դաշտում այս շաբաթ սցենարը գրել են միանգամից երեք ժանրի համար՝ ողբերգություն, սիթքոմ ու միստիկա։ Բայց քանի որ մեր կառավարությունը հիանալի կատարում է բոլոր դերերը՝ միանգամից և՛ զոհի, և՛ դատավորի, և՛ սցենարի հեղինակի, ամեն ինչ ստացվել է այնպես, ինչպես պետք է, այսինքն՝ կառավարական մակարդակով:
Դե, եթե սովորական ընդդիմությունը զագառ է ընդունում, հոգևորականների կաստային պետք էր ընդդիմության պատմուճան հագցնել։ Մի կերպ հայտնաբերվեց, որ երկու արքեպիսկոպոս մի պահ մտածել են՝ գուցե կարելի՞ է իշխանություն փոխել։ Իշխանությունը մի պահ էլ չմտածեց, ուղիղ եթերով ձերբակալեց։
Սա ի՞նչ է՝ պետության անվտանգությո՞ւն, թե՞ «հիմա դուք էլ քաշվեք մի կողմ, ձեր հերթը անցել է» մրցույթ։ Բայց եթե փնտրում եք հեղաշրջման փորձ, հիշեցնենք՝ ճաշացանկում միայն աղոթք ու սուրճ է եղել։
Խորհրդարանական ոչմիթիզականություն
Այ, խորհրդարանի ճաշացանկն ավելի հարուստ է: Ոնց որ խառը կռվի MMA հայաստանյան հարթակ լինի, որտեղ ժյուրին ԱԺ ղեկավարության աթոռներին նստած, միմիայն բարի ժպիտով հետևում էր, թե ոնց են միմյանց անխնա ու երբեմն էլ անզգույշ քաշքշում:
Ու մինչ խորհդարանում կռիվ էր, մեր դիվանափետներն էլի բանակցում էին բարիդրացիների հետ։ Հետո նորից։ Հետո երրորդ անգամ։ Արդյունք չկա, բայց պրոցեսը շատ գեղեցիկ է։ Քարտեզները դրվում են սեղանին, հետո հավաքվում, հետո նորը դրվում՝ «մի քիչ էստեղից վերցնենք, մի քիչ էնտեղից» մեթոդով։
Ամենակարևորը. կողմերը համաձայն են, որ դեռ համաձայն չեն։ Իսկ մինչև լուծում կլինի, գյուղացիները շարունակում են ստուգել, թե արդյո՞ք հողն այսօր էլ է իրենց հողը, թե՞ արդեն Զանգելանի 3-րդ թաղամասն է:
Օդում կախված գծերը
Այս շաբաթ նորից համոզվեցինք, որ Հայաստանում քաղաքականության սահմանները հստակ չեն։ Ու դա ոչ մեկին չի խանգարում ամեն օր նոր գիծ քաշել։ Միայն իշխանության ձեռագիրն է նույնը մնում՝ սեղմ, կոպիտ, բայց ամենակարևորը՝ վախեցած։
Ահա այսպիսին էր շաբաթվա թարմ օդը։ Եթե մի քիչ խեղդող էր, ներող: Սա Հայաստանում ազատ շնչելու սովորական գինն է։