...

Ճակատագրի հեգնանք

Ճակատագրի հեգնանք

Միքայել արք. Աջապահյանը և Բագրատ արք. Գալստանյանը կալանավայրից հայտարարություն էին տարածել, որտեղ դատապարտել էին աշխարհիկ իշխանություններին ներեկեղեցական հարցերի լուծման մեջ ներքաշելը։

«Մեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում ու ատյաններում, դիմում ենք Վեհափառ Հայրապետին, անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը։ Միևնույն ժամանակ պնդելով ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս»:

Բայց կյանքն ինչ բան է: Իշխանությունները բացահայտ պատերազմ են հայտարարել Մայր Աթոռին, անհնազանդ հոգևորականներին կալանավորում, ուրացողներին խրախուսում են, իսկ հասարակական սեկտորը լռում է: Ավելի ճիշտ՝ արևմտամետ կոչվածները: Ոչ միայն լռում են, այլև մի բան էլ խրախուսում են այդ հալածանքները: Բազմաթիվ իրավապաշտպան համարվող ՀԿ-ներ լծվել են իշխանությունների գործողությունները արդարացնելու «սուրբ» գործին:

Իսկ կային ժամանակներ, երբ հասարակական սեկտորը ակտիվորեն աջակցում, պաշտպանում էր հոգևորականներին, եթե նրանց թեկուզ թարս հայացքով նայեին:

Մի հատ օրինակ բերենք: 17 տարվա վաղեմության: Հատկանշական է, որ Միքայել արք. Աջապահյանի մասին է խոսքը: Ահա թե ինչ նյութ էր հրապարակվել «Առավոտում», 2008թ. նոյեմբերին 29-ին: 

«Արդեն մի քանի օր է՝ Շիրակի մարզում խոսակցություններ են պտտվում, որ շուտով աշխատանքից ազատելու կամ լավագույն դեպքում այլ թեմ են տեղափոխելու Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Իսկ պատճառը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «վերևներին» ուղղված «դանոսն» է՝ իբր թեմի առաջնորդը քաղաքականությամբ է զբաղվում և ընդդիմությանն է սատարում: 

Երեկ Շիրակի մարզի մի խումբ մտավորականներ, ազդեցիկ հ/կ-ների ղեկավարներ, բիզնեսմեններ, գիտնականներ, պաշտոնյաներ, ազատամարտիկներ ու լրագրողներ այցելելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին՝ իրենց զորակցությունը հայտնեցին նրան: Նրանք մասնավորապես հայտարարեցին, որ ի պաշտպանություն սրբազանի պատրաստ են ստորագրահավաք, հանրահավաք կազմակերպել և նույնիսկ հոգևոր արժեքների պաշտպանության շտաբ հիմնել: Մասնակիցներից մեկը՝ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ինչո՞ւ հասարակության կարծիքը հաշվի չեն առնում, հասկացանք՝ մարզպետը պարտադրված պաշտոն է, քաղաքապետն էլ Գյումրիում համարյա նշանակովի է, բայց գոնե կրոնական հարցերում իշխանությունները չմիջամտեն ու հասարակությանը իրենց սիրած անձից չզրկեն»: 

Իսկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հավելեց. «Միլիմետր տարակույս չունեմ, որ թեմը համերաշխությամբ, ամբողջությամբ, վճռականությամբ պաշտպանել և պաշտպանելու է սրբազանի վարքը՝ որպես թեմի առաջնորդի: Այս խնդիրը այլևս սրբազանինը չէ, քաղաքապետինը չէ, այս խնդիրը Գյումրիի հավատացյալ ժողովրդինն է»: Մի խումբ ազդեցիկ գյումրեցիներ պատրաստվում են առաջիկայում հանդիպել կաթողիկոսի՝ հերքելու Միքայել սրբազանի մասին սուտ տեղեկությունները»:

Ոնց որ ճակատագրի հեգնանք լինի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   118 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ