...

Աջապահյանի կալանքն ու Նիկոլի բարոյական կերպարի նոր շտրիխները

Աջապահյանի կալանքն ու Նիկոլի բարոյական կերպարի նոր շտրիխները

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը 10 օրով երկարաձգելու որոշումը, իհարկե, կատարյալ խայտառակություն էր, ընդ որում՝ բոլոր առումներով։

1․ Իրավական տեսանկյունից՝ դատարանի որոշումն անհեթեթության բարձրակետն էր, որովհետև կալանքը երկարաձգելու «հիմնավորումն» այն էր, որ Միքայել Աջապահյանը, ազատության մեջ հայտնվելով, կարող է «շարունակել հանցագործությունը», այն է՝ «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնել»։ Հասկանալի է, չէ՞, որ նույն «հանցանքը» նա կարող է անել նաև կալանավայրից, ընդ որում՝ այդ դեպքում դա շատ ավելի ազդեցիկ կլինի։ Հասկանալի է նաև, որ նորմալ իրավիճակում որևէ ողջամիտ դատավոր ինքնակամ նման որոշում չէր կայացնի, դա կարող էր անել՝ միայն իշխանությունների վրեժխնդրությունից վախենալով, հետևաբար՝ նիկոլական Հայաստանում «անկախ դատական համակարգի» մասին խոսակցությունները հեքիաթներ են։

2․ Բարոյականության տեսանկյունից՝ տարիքն առած, առողջական խնդիրներ ունեցող մարդուն, բարձրաստիճան հոգևորականին կալանքի տակ պահելու հրահանգ տալն ինքնին վկայում է այն մասին, որ նման հրահանգ տվողը (թեկուզ՝ ոչ ուղղակիորեն կամ «մասնավոր» SMS-ով) բարոյական որևէ արժեք ու արգելակ չունի։ Առավել ևս՝ որ ինքը 2018-ին ոչ միայն «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել», այլև զավթել է իշխանությունը՝ բառացիորեն ուժի կիրառմամբ և շանտաժով։ Վերջին հաշվով՝ ուժ կիրառելը միայն ավտոմատներով շենքեր գրավելը չէ, ուժի կիրառում է նաև այն, երբ հրահանգում ես փակել փողոցները, կաթվածահար անել պետությունը, և շանտաժով ստիպում ես իշխանությունը հանձնել քեզ, ընդ որում՝ ստիպում ես այն ուժերին, որոնց ընդամենը մի քանի ամիս առաջ պարտվել ես ընտրություններում ու օրինական ճանապարհով չես էլ վիճարկել այդ ընտրությունների արդյունքները։

Բայց սա խոսում է ոչ միայն հրահանգ տվողի լիակատար բարոյական սնանկության, այլև քինախնդրության և վախկոտության մասին։ Վստահաբար՝ հենց այս երկու «որակներն» են Նիկոլ Փաշինյանին ստիպել կալանքի տակ պահել Աջապահյանին։

3․ Քաղաքական տեսանկյունից՝ կալանքի երկարաձգումը հիմարություն է, որովհետև դրա արդյունքում Աջապահյանի հեղինակությունն ու ազդեցությունը ոչ թե նվազում են, այլ աճում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կայացրել է (կամ հրահանգել է կայացնել) որոշում, որը, զուտ պրագմատիկ հաշվարկներով, լրջորեն թուլացնում է իր իսկ քաղաքական դիրքերը։

Այսպիսով՝ միայն այս «դրվագը» ցույց է տալիս, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է ավտորիտար հակումներով, դատաիրավական համակարգն իր անձնական ամբիցիաների գործիքը դարձրած, բարոյական արժեքներից և արգելակներից կատարելապես զուրկ, վախկոտ, քինախնդիր և մեղմ ասած՝ ոչ այնքան խելացի մեկը։ 

Չնայած՝ սրանով որևէ նոր բան չենք ասում։ Աջապահյանի կալանքի երկարաձգո՞ւմն է, որ պիտի «զարդարի» ու նոր շտրիխներ հաղորդի Նիկոլ Փաշինյանի կերպարին։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ