...

Ճամբարափոխությունը փոխելու է ընտրությունների արդյունքները

Ճամբարափոխությունը փոխելու է ընտրությունների արդյունքները

Սին են հույսերը, թե ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը թուլանալու է: Ոչ մի նախադրյալ չկա, որ պարտվողները ընդունելու են իրենց պարտությունը, իսկ հաղթողները փորձելու են հասարակական մեծ կոնսենսուսի հասնել:

Հաղթանակի հասնելու ամենամեծ շանսեր ունեցող ուժը չի էլ թաքցնում, որ իր նպատակների մեջ չի մտնում հասարակության համախմբումը: Նրան ակնդետ հետապնդողը նույնպես խոսում է հասարակության մի լայն շերտի իրավունքների սահմանափակման իր ծրագրերի մասին: Եթե դա չի թաքցվում ընդդիմադիր կարգավիճակում, կարելի է միայն ենթադրել, թե ինչ կանեն իշխանությունը ստանալու դեպքում:

Իսկ ընդհանրապես, դժվար է լինելու ասել, թե ով է հաղթել, ով՝ պարտվել` հաշվի առնելով, որ իքս պատգամավորը առանց խղճի խայթի ու ամոթի զգացողության կարող է այնպիսի արագությամբ ճամբարափոխ լինել, որ անգամ հարազատները չկարողանան հասկանալ, թե ինչ դրդապատճառներ ստիպեցին նրան դիմել նման քայլի:

Նոր խորհրդարանը ունենալու է 105 պատգամավոր (միայն նիկոլականներն ու քոչարյանականներն են հավատում, որ ստանալու են 70 տոկոսից ավել ձայն), ուստի 5-10 պատգամավորի ճամբարափոխությունը կարող է առոչինչ դարձնել ժողովրդի ընտրությունը: Այսինքն՝ կարող է իքս ուժը հաղթանակ տանի, ստանա, օրինակ՝ 57 քվե, բայց մի ամիս անց 7 պատգամավոր ճամբարափոխ լինի ու կստացվի, որ ժողովուրդը տեղերով խառնել է իշխանությանը և ընդդիմությանը: Չորս պատգամավորի ճամբարափոխությունն ընդհանրապես կարող է իրարանցում չառաջացնել, քանզի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կհայտարարեն, որ գրված թերի սահմանադրության պատճառով են հայտնվել առաջին տեղը զբաղեցրած խմբակցության կազմում:

Ինչու ենք սրա մասին գրում: Շատ պարզ պատճառով, ճամբարափոխներին արդարացնելու միտում կա: Սա շատ վտանգավոր միտում է: Ճամբարափոխները պետք է արժանանան հասարակության շատ խիստ գնահատականին, իմանան, որ նման պահվածքը լուրջ ստվեր է գցելու իրենց հետագա քաղաքական կարիերայի վրա: Քաղաքական կոնյունկտուրան ու այսրոպեական շահը ոչ ոք չի կարող չեղարկել, բայց նաև պետք է հստակ գիտակցել, թե ինչ մարտահրավերներ է պարունակում ճամբարափոխությունը: Վարկանիշային համակարգի հանելուց հետո ոչ ոք չպետք է ասի` ռեյտինգ ունեմ: Եղբայր կամ քույր, համաձայն չես խմբակցության հետ, վայր դիր մանդատդ, մարդիկ ձայն են տալու կուսակցությանը և ոչ թե կոնկրետ մեկ անձին: Նույնն իմիջիայլոց վերաբերում է թիմի առաջնորդներին:

Եթե մի օր թիմը որոշի, որ փոխում է ղեկավարին, պետք է համակերպվել և ընդունել, չասել, որ բոլորը ուսապարկ էին, և ժողովուրդը միայն ինձ է ձայն տվել: Վերջին ամիսներին մենք ականատես եղանք, որ որոշ ուժեր կիրառում են նման հռետորաբանություն, իսկ թիմի անդամներն իրենց իրավունքները պաշտպանելու փորձ անգամ չեն անում:

Հայաստանի նորանկախ պատմության մեջ ներողություն խնդրելու անվիճարկելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է: Նա սիրում է ներողություն խնդրել: Ուստի, ավելորդ չի լինի, եթե ներողություն խնդրի իր անմիջական մասնակցությամբ ամենամեծ ճամբարափոխություններից մեկի համար: Հայտարարի, որ, այո, 2012 թվականին ընտրվելով ՀԱԿ համամասնական ցուցակով, կատարել է ճամբարափոխություն՝ այդպիսով նպաստելով այդ վտանգավոր միտման հետագա տարածմանը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 16, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   855 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ