...

Վախեցե՛ք իրական ընդդիմությունից

Վախեցե՛ք իրական ընդդիմությունից

Իշխանության կողմնակիցները հրճվում են ընդդիմադիրների ցույցերի սակավամարդությունից, իսկ վերջին օրերին, վիրավորական արտահայտություններ անելով, պահանջում են «մաքրել» Ֆրանսիայի հրապարակը։ 

Իշխանությունն ինքնագոհ պնդում է, որ լեգիտիմ է, որ ստացել է ընտրողների մեծամասնության քվեն։ 

Հիասթափեցնենք։ Լեգիտիմությունը կամ օրինակարգությունը միայն ընտրությունների արդյունքներով պայմանավորելը անմտություն է, որովհետև նախ 2021-ի ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների կեսը, և երկրորդ՝ այդ միջոցառումից անցել է մոտ մեկ տարի։ Մեկ տարում երկրում շատ բան է փոխվել։

Եթե իշխանությունը դուրս գա ֆեյսբուքյան խաբուսիկ տարածքից, կտեսնի, որ կորցրել է երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնության վստահությունը։ Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ընդդիմության հավաքներին քանի մարդ է մասնակցում։ Իշխանությունը լեգիտիմ չէ, որովհետև սպառել է անգամ այն մարդկանց վստահության լիմիտը, որոնք 2021-ին ստիպված քվեարկեցին Ն․ Փաշինյանի օգտին։ Ստիպված, որովհետև վախեցան նախկինների վերադարձից։ Այսինքն՝ մարդիկ իրենց ձայնը տվեցին ոչ թե հանուն իշխանականների «խաղաղության օրակարգի», այլ ընդդեմ նախկինների «բեսպրեդելի»։

Իհարկե, ափսոսում ենք, որ հենց իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի ստեղծած ատելության մթնոլորտում հասարակության մի մասը բացարձակապես իռացիոնալ ընտրություն կատարեց անցյալ տարի։ Սակայն սխալները կարելի է ուղղել, և իշխանությունը շուտով բախվելու է առայժմ լռող մարդկանց իրական դիմադրությանը։ Սա լինելու է, որովհետև հասարակությանը հնարավոր չէ անվերջ կերակրել Նիկոլ Փաշինյանի «առաքելության» մասին հեքիաթներով, հնարավոր չէ խաբել դոգանմանների յութուբյան «ելույթներով», հնարավոր չէ անդադար կենդանի պահել «թուրք-թուրքը դու ես» խոսույթը։ Իշխանությունը սպառել է հասարակությանը ֆռռացնելու բոլոր պատումները։ Առանձնացնենք մի քանի կետ․

1․ Հասարակությունը դուրս է գալու հետպատերազմական շոկից և հասկանալու է, թե ում մեղքով ենք կորցրել Արցախը և Հայաստանի ինքնիշխանությունը։

2․ Հասարակությունը բախվում է սոցիալական ծանր խնդիրների և հասկանում է, թե քանի կոպեկ արժեին Նիկոլ Փաշինյանի խոստումները։

3․ Հասարակությունը շատ լավ տեսնում է, թե ինչ վիճակում է դատական համակարգը, տեսնում է, թե ինչով է զբաղված հակակոռուպցիոն կոմիտեն։

4․ Հասարակությունը տեսնում է, որ իշխանությունը չունի և չի ունեցել պետության կարևորագույն հարցերը լուծելու որևէ տրամաբանական առաջարկ։ «Արցախը Հայաստան է, և վերջ»-ից, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»-ից կտրուկ անցումը «խաղաղության օրակարգ»-ին և նշաձող իջեցնելուն, «եթե լավրովյան պլանը ստորագրեինք, նույնն էր լինելու, բայց զոհեր չէինք ունենա» ցինիզմը ապացուցում են իշխանության բնույթը։

5․ Եթե 2018-ին և նույնիսկ 2021-ին կարելի էր մուրճ ճոճել և խաբել շատ-շատերին, այսօր դա անհնար է, որովհետև իշխանավարման 4 տարում Նիկոլ Փաշինյանը չի լուծել ոչ մի հարց, ավելին՝ բերել է պատերազմ և զոհաբերել հազարավոր երիտասարդների։

Ներելո՞ւ է հասարակությունը սեփական զավակների զոհաբերությունը՝ հանուն նրա, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չկոչվի։ Կարծում ենք՝ ո՛չ։

Ուրեմն հայ հանրության ճնշող մեծամասնության համար իշխանությունը լեգիտիմ չէ։ Եվ շուտով բախվելու է իսկապես գիտակից և արժանապատիվ քաղաքացիների դիմադրությանը։ Այդ քաղաքացիներն այլևս չեն հանդուրժելու ո՛չ ժապավենազարդ մուրճը, ո՛չ էլ պսևդոհայրենասիրական դափ ու ծնծղան։ Նրանք պահանջելու են իրատեսական, բանական ծրագիր և իշխանությունը վստահելու են այն մարդկանց, որոնք խելք և հմտություն ունեն պետությունն այս դժվարագույն պահին կառավարելու։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ