...

Ոչ զառանցելը, ոչ գժական գնալը ձեզ չի փրկելու

Ոչ զառանցելը, ոչ գժական գնալը ձեզ չի փրկելու

Հոգեբանները պնդում են․ «Զառանցական մտքերը ախտաբանական փուլի ժամանակ ծագող սխալ դատողություններն են, երբ հիվանդը համոզված է, որ իր դատողությունները ճշմարիտ են: Զառանցանքները լինում են առաջնային և երկրորդային: Առաջնային զառանցանքի հիմք են հանդիսանում սխալ փաստերը, իրադարձությունները, որոնք աղավաղված են և հիվանդի կողմից սխալ են մեկնաբանվում: Երկրորդային զառանցանքների հիմք են երևակայության, հորինվածի վրա ձևավորված զառանցանքները»: Ասենք նաև, որ զառանցանքը մտածողության խանգարում է։ 

Կարծում ենք, սիրելի՛ ընթերցողներ, արդեն գլխի ընկաք, թե ինչու ենք դարձյալ հիշել հոգեբաններին։ 

Եվ այսպես, օգտվելով Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքական սխալներից՝ պատերազմից, պարտությունից, հետպատերազմյան անգործությունից և, իհարկե, մետամորֆոզներից (հիշեցնենք՝ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը ամենաոչմիթիզականն էր, պատերազմից հետո փորձում է դառնալ «խաղաղության դարաշրջանի» առաքյալ), «ազգափրկիչ» ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ օր․ Իշխան Սաղաթելյան, Արսեն Բաբայան, Յուրի Խաչատուրով, Լարիսա Ալավերդյան և այլք, պատեհ առիթ են գտել աղավաղելու Հայաստանի պատմության կարևորագույն դրվագներից մեկը՝ 1997-98թթ․ դեպքերը։ 

Նրանք շարունակում են հանրությանը ներկայացնել այն, ինչ չի եղել, որպեսզի իրենց վրայից գցեն մեզ պատուհասած աղետների մեղավորությունը։ 

Կռիվը, ինչպես հասկացաք, Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ է։ Ինչո՞ւ, որովհետև, ցավոք, ժամանակին չլրջացանք։

Այսինքն՝ 1997 թ․ փուլային առաջարկը ցայսօր եղածներից լավագույնն էր, որովհետև ապահովում էր Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ վիճակ, Արցախը պահում էր հայկական։ Իսկ թե ինչ եղավ հետո, երբ այն մերժվեց, բոլորդ գիտեք։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք լայնամասշտաբ պատերազմի չհասանք, բայց Հայաստանը չզարգացավ, օր օրի թուլացավ։ Նիկոլ Փաշինյանը շարունակեց «չզիջելու» կեղծ, զառանցական քաղաքականությունը, և աղետն ամբողջացավ։ Սա ցավոտ, նվաստացնող փաստ է, որից այժմ ամեն կերպ փորձում են «պրծնել» դաշնակցականները, քոչարյանականները և այլք։ 

Նրանք խեղաթյուրում են փաստերը, Լևոն Տեր-Պետրոսյանին վերագրում արտահայտություններ, որոնք նա երբեք չի արել։ Այսպես, վերոնշյալ անձինք պնդում են, թե ՀՀ առաջին նախագահն ասել է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Այնինչ այդպիսի բան չի եղել։ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հայտնի հոդվածում կարդում ենք․ «Բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո»։ Այսինքն՝ 1997- 98թթ Արցախյան խնդրի լուծման առաջարկվող տարբերակը չէր ենթադրում Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու հեռանկար։ Խոսքը կարգավորման փուլային տարբերակի մասին էր, իսկ Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր մինչև դրա իրագործումը։

Ավելի պարզ ասենք․ Լևոն Տեր-Պետրոսյանի վայ հակառակորդները տասնամյակներ շարունակ խեղաթյուրել են թե՛ նրա մտքերը, թե՛ գործերը, նրան են վերագրել չասած և չարած բաներ։ Եվ սա արել ու անում են այնքան հաճախ, որ թվում է՝ այս մարդիկ զառանցախտի առաջին տեսակին են պատկանում, այսինքն՝ աղավաղված փաստերը, սխալ դատողությունները նրանց համար իրականություն են։ Այդպե՞ս է, թե՞ շատ լավ էլ հասկանում են, որ ասածները կեղծիք է, բայց զառանցանքը վաղուց են դարձրել քաղաքական կատեգորիա և հիմա չեն կարող հրաժարվել։ Ընդ որում, նրանցից ոչնչով հետ չի մնում Նիկոլ Փաշինյանը։ Ցավոք, ՀՀ վարչապետին նույնպես թվում է, որ աղավաղված փաստերն ու դատողություններն իրական են, ինքն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ առաքյալ է։

Վերջում հավելենք․ զառանցանքը վարակիչ է։ Ախտահարվում են այն առողջ մարդիկ, որոնք երկար ժամանակ շփում են ունենում հիվանդ անձանց հետ։ Ընդ որում, հիվանդների ազդեցությունն այնքան խորն է լինում, որ  նրանց հետ առնչվողները դառնում են ավելի ներշնչվող, ունենում են ցածր զարգացած ինտելեկտ և քննադատական դատողությունների ցածր աստիճան:

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2164 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ