...

Ընդդեմ պետության 3

Ընդդեմ պետության 3

Միաբանության ազգայինը

Ըստ հայկական հին ավանդույթի՝ մեր քաղգործիչներն ու վերլուծաբանները երկիրս աղետալի վիճակից հանելու համար միաբանվելու կոչեր են հղում ընդդիմությանը, մեկ-մեկ էլ՝ իշխանությանն ու ընդդիմությանը՝ իրար հետ։ 

Աղետի պատճառի հարցում շատերը միաբան են․ Նիկոլ Փաշինյանն է, նրա հավակնոտությունը, դիլետանտիզմը, անգործությունը։ 

Առավել ազգայինները, իհարկե, պարտությունից անմիջապես հետո առաջ բերեցին դավաճանության թեզը, ինչից օգտվեց նաև հողատու, դավաճան հռչակված վարչապետը և սկսեց այդպիսիներին որոնել ամեն տեղ՝ բացի սեփական շրջապատից։ Խորհրդարան անցած խրոխտ ընդդիմությունը նույնիսկ շշամարտ կազմակերպեց, որին իշխանականները պատասխանեցին աքացիներով և ցայսօր մնացին անպատիժ։ Մեր խրոխտ և հաղթողական ընդդիմությունը, սակայն, ոչ մի կերպ չհամաձայնեց մանդատներից հրաժարվելու առաջարկին՝ բերելով բազում պատճառաբանություններ, որոնցից ոչ մեկը քննադատության չի դիմանում։ Խորհրդարանական «բուռն» գործունեությանը զուգահեռ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հաճախ են խոստանում սկսել փողոցային հուժկու շարժում։ Գործն ավարտվում է մեկ-երկու լղար հանրահավաքով։ 

Ասպարեզից չի հեռանում ԱԺԲ-ն՝ իր արևմտամետ վիլսոնյան «գաղափարախոսությամբ»։

Վերջերս ակտիվացած ազգային ազատագրական շարժման անհասկանալի անդամները նույնպես խոստանում էին գործել նոն-ստոպ ռեժիմով, բայց․․․ պառակտվեցին։

Մի խոսքով՝ չեն միաբանվում, և վերջ։

Ինչո՞ւ։ Մի՞թե հայրենիքի ճակատագիրը դարձյալ ստորադասվում է անձնական շահերին։ Այո՛, սա էլ կա։ Սակայն մեր պետության խայտառակ վիճակի պատճառն ուրիշ է։ Խնդիրն այն է, որ բուռն, ակտիվ գործունեության իմիտացիա բեմադրողներից ոչ մեկը չի պատկերացնում, թե ինչ է անելու իշխանության բեռը շալակելուց հետո։ 

Այսպես, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը, օրինակ, ս․թ․ հուլիսի 25-ին անկեղծորեն խոստովանեց, որ իրենք նույնպես մերժելու էին Լավրովի պլանը։ Այսինքն՝ իրենք նույնպես Հայաստանն ու Արցախը դարձնելու էին արյան ու վշտի ծով։ Չենք կասկածում։ Սակայն հարց ենք տալիս՝ ինչո՞վ եք տարբերվում ներկա իշխանությունից։

Նշենք, որ հայտնի պլանը ստորագրել-չստորագրելու հարցի մասին շատ ավելի զգույշ է արտահայտվում Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմադիր հիմնական ուժի ղեկավարը։ Ընտրություններից առաջ նա միայն պնդում էր, որ եթե ինքը իշխանության գլուխ լիներ, պատերազմ չէր լինի։ 

Հա՛, մի բան էլ հիշենք։ Ընտրություններից առաջ Ռ․ Քոչարյանի աջակիցները հաճախ էին շրջանառում նրա և Վ․ Պուտինի ընկերության հանգամանքը։ Այժմ դրա մասին ծպտուն չեն հանում։ Տեսնես ի՞նչ է պատահել։

«Ազգային» ընդդիմության շարքերը խայտաբղետ են։ Բոլորը չէ, որ պատրաստ են անցնել Ռ․ Քոչարյանի թրի տակով։ 

Տարբեր է նաև նրանց աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Եթե «Հայրենիք» և «ՊՈՒ» դաշինքները, վերջերս փողոցում հայտնված «ազատագրական» շարժման ներկայացուցիչները պրոռուսական են կամ այդ երկրին չեն ընդդիմանում, ապա ԱԺԲ-ն անթաքույց արևմտամետ է, ամերիկամետ։ Զավեշտն այնտեղ է հասել, որ ռուսաց թագավորին գրված նամակներին փոխարինել են ԱՄՆ նախագահին հղված խնդրագրերը։

Հին հայկական անմիաբանությունից նեղսրտող մեր վերլուծաբաններին հանգստացնենք․ կարևոր հարցում միաբան են թե՛ ընդդիմության դաշտը զբաղեցնողները, թե՛ իշխանությունը։ Նրանք Հայաստանն աղետից դուրս բերելու ոչ մի ծրագիր չունեն։ Բոլորի հույսն էլ օտար ափերում է։

1․ Տապալված, պարտված Նիկոլ Փաշինյանն առայժմ փորձում է ամեն գնով Հայաստանում պահել իր իշխանությունը, որովհետև վախենում է։ Նա որևէ «կտրուկ» շարժում չի անում դրսի ուժերի դեմ, քանի որ, կարծում ենք, փորձում է իր անձի անվտանգության համար երաշխիքներ ստանալ։ Պետությունը, բնականաբար, նրան և ՔՊ թիմին չի հուզում։ 2020-ին հասարակության բողոքի ալիքը մեղմելու համար գոնե ճանապարհային քարտեզից էին խոսում, հիմա դա՛ էլ չունեն։

2․ Ռուսամետ ընդդիմությունը սպասում է հյուսիսային շեֆի բարեհաճությանը և պատրաստվում գուբերնատորի դերի քաստինգին։

3․ Արևմտամետ ընդդիմությունը նույնն է անում, միայն թե շեֆն այս անգամ օվկիանոսից այն կողմ է։

Կրկնենք՝ պետության ճակատագրի հարցում սրանք բոլորը միաբան են․ ոչ մեկը ծրագիր, անգամ ճանապարհային քարտեզ չունի՝ ստեղծված դրությունը հաղթահարելու համար։ Այնպես որ, սիրելի՛ վերլուծաբաններ, կարող եք հանգիստ քնել։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ