...

Ընդդեմ պետության 1

Ընդդեմ պետության 1

Տեռորի ժողովրդավարականը

2016-ի հուլիսին «Սասնա ծռերը» գրավեցին Էրեբունու ՊՊԾ-ն և հայտարարեցին, որ սկսել են ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ զինված ապստամբություն։ Կարգախոսն էլ հետևյալն էր․ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Ապստամբությունը շարունակություն չունեցավ, «ծռերը» հանձնվեցին, զոհվեցին 3 ոստիկաններ։ Հետո մահացավ հաց բերողը։ Հա՛, մի դետալ մոռացանք։ ՊՊԾ գրավյալ տարածքում շատ արագ հայտնվեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց նկարահանել օրվա հերոսներին, ինչպես նաև ինքն իրեն։ Հետո նույն Փաշինյանը մասնակցեց ժողովրդավար ապստամբների աջակիցների հանրահավաքին և կրակոտ ճառ արտասանեց՝ փորձելով օգտվել իրադրությունից և առաջնորդ դառնալ «ծռերի» հաշվին։ Բայց «ապստամբները» հասկացան և նրան վռնդեցին։ Սակայն պատմության համար մնաց Փաշինյանի՝ ազգային ժողովրդավար ահաբեկիչների ականջին հաճո ճառը, որում նա մեղադրեց Լևոն Տեր- Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին՝ Արցախը հանձնելու համար։ Թե ով և ինչպես 4 տարի հետո հանձնեց Արցախը, բոլորս գիտենք։ 

Ինչո՞ւ ենք հիշել այս հին պատմությունը։ Որովհետև «ծռերի» մոդիֆիկացիան աղմկում է նաև այսօր։ Անկեղծ ասած՝ չէինք անդրադառնա ԱԺԲ կոչվող մարգինալ խմբակին, եթե Հայաստանում չշարունակվեր իրենց քաղաքական գործիչներ համարող մարդկանց հակապետական գործունեությունը։ 

Ուրեմն ԱԺԲ-ականները Արևմուտքի պոչն են բռնել, ամենուր թափահարում են Վիլսոնի քարտեզը և առաջարկում, որ Հայաստանը «ԱՄՆ-ը ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի» կարգավիճակ ստանալու նպատակով դիմի ԱՄՆ կառավարությանը։ Հասկանում ենք՝ ինչու չեն ուզում միանգամից ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Չէ՞ որ այնտեղ Թուրքիան է։ Բայց զավեշտաողբերգական ներկայացումն այսքանով չի ավարտվում։ Այո՛, Բևեռը փորձում է ինքնուրույն երևալ, բայց իր ամբողջ գործունեությամբ օգնում է Նիկոլ Փաշինյանին։ Ապացո՞ւյց եք պահանջում։ Ահա՛․

«Փաշինյանը մի կարևոր բան ասեց՝ Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա Մինսկի խմբի հովանու ներքո: Ես նայում էի Պուտինի ու Ալիևի դեմքերին և ցավակցական խոսքեր էի ուզում ասել նրանց, որովհետև նրանք լավ են հասկանում, որ Փաշինյանի այդ բառերի հետևում կանգնած է Արևմուտքը և հայ ժողովուրդը»,- կազմակերպության վերջին հանրահավաքում ասում է ԱԺԲ անդամ Վահե Գասպարյանը («Առավոտ», 27․11․2021)։  Ըստ սույն հռետորի՝ ստացվում է, որ Սոչիի հանդիպումը Արևմուտքի և մեր փոքրիկ հաղթանակն էր, և վերջ։ Իսկ դուք ասում եք՝ Ն․ Փաշինյանն ազգակործան է։ «Ծռերն» այլ կարծիքի են։

Եվ ընդհանրապես, ԱԺԲ անունը սխալ են ընտրել․ այն չի համապատասխանում իրենց գործունեությանը։ Կարելի է վերանվանել ՀՌԲՀՆ՝ հակառուսական բևեռ հանուն Նիկոլի։ Սրանց բոլոր «գաղափարները» կարելի է ձևակերպել մեկ տողով՝ Ռուսաստանը քըխ է, Ամերիկան՝ պուպուշ։ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ ոքի չի հետաքրքրում։ Ուղղակի ուզում են ուրիշի վասալ լինել։ 

Ամփոփենք։ ԱԺԲ կոչվածի գործունեությունը հակապետական է, որովհետև․

1․ Իրենց գործունեության գագաթնակետը 2016 թ․ «ժողովրդավար» ահաբեկչությունն էր․

2․ Իրենց լսող հանրույթին կերակրում են մեռելածին միֆերով՝ Սևրի պայմանագիր, Վիլսոնի քարտեզ և այլն․

3․ Թաքուն կամ ակնհայտ պաշտպանում են Հայաստանն ու Արցախը կործանող իշխանությանը։

Մի խոսքով՝ վտանգավոր են պետության համար։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   743 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ