...

Զարթնիր, Նաիրի

Զարթնիր, Նաիրի

Նոր բախումներ, նոր «հերոսներ»

Այս շաբաթը նախորդներից տարբերվեց: Վերջապես: Վերջապես՝ նկատի ունենք ընդդիմության տեսանկյունից: Վերջապես արեց այն, որն իր մոտ ամենալավն է ստացվում վերջին 130 տարում:

Ու սա մենք կանխատեսել էինք: Որ դաշնակա-քոչարյանական այս ուժերը, քանի որ քաղաքական դաշտում անելիք և քաղաքական հարթության վրա ասելիք չունեն, ստիպված պետք է գնան իրավիճակի սրման և բախումների: Անկախ նրանից, թե քանի հոգի նրանց կաջակցի: Քոչարյանն ասել էր, չէ՞, որ ինքը քաղաքական գործիչ չէ: Բա ի՞նչ է. վոյին: Իսկ վոյինը ի՞նչ է անում. կռվում է: 

Մի բան միայն պակասեց նրանց պլաններում. զոհ չեղավ: Իսկ դա մինուս է, մեծ մինուս: Գոնե մի հատ զոհ պետք է լինի, որ կարողանան մի քիչ էլ դրանով հանրությանը զբաղեցնեն, հերոսացման գործընթաց սկսեն, նրա նկարները տարածեն սոցցանցերում: Չստացվեց: Այսինքն՝ էլի են փորձելու:

Իհարկե, այս ուժերի զինանոցում դեռ կա ևս մեկ փամփուշտ, որի անունն է Նաիրի Հունանյան: Ման են գալիս, գուցե գտել են նոր Նաիրի Հունանյանի: Բայց ուրիշ ճար չունեն: Գաղափարապես սնանկ են, թեպետ իրենց սնանկության համար ժողովրդին են մեղադրում՝ վերջինիս անվանելով դավաճան, եթիմ, փողակեր և այլն: 

Հոգեզավակը ձերն է

Ի դեպ, երբ Նաիրի Հունանյանի անունը կապում ենք այս ուժերի հետ, ահավոր խրտնում են: Թե բա՝ ի՞նչ կապ ունի Նաիրին մեր հետ, եթե նա մինչև իր ոճրագործությունը Դաշնակցությունից հեռացվել էր: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նախկին դաշնակ չի լինում:

Բայց հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ամեն անգամ ձեր հարյուրավոր ելույթներում, ստատուսներում, լրատվամիջոցներում բարբաջում եք, թե Նիկոլը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ինչ է թե՝ ժամանակին մի կուսակցությունից են եղել, դա ձեզ կարելի է, իսկ Նաիրի Հունանյանին ձեր հոգեզավակ անվանել չի կարելի: Այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյանը Նիկոլին չէր ասել՝ Ղարաբաղի հարցը վարի տուր, ոչմիթիզական կեցվածք ընդունիր, դաշնակների գաղափարներով առաջնորդվիր: Ճիշտ հակառակն էր կոչ անում: 

Իսկ դուք Նաիրի Հունանյանին զենքի վրա երդվել եք տվել, ձեր սկաուտական ճամբարներում տեռորիզմի ուսմունքներ եք դասավանդել, ու մինչև հիմա նույնն եք անում: Ինչի՞ց եք սրտնեղում, ձեր հոգեզավակն է, բա ո՞ւմն է, հո Ֆիլիպ Կիրկորովինը չի՞:

Օբեր շտուրմ բան ֆյուրեր -2022

1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վազգեն Մանուկյանի աչքերը փայլում էին, հազիվ էր ուրախությունը զսպում: Երեկ էլ հանկարծ հայտնվեց, մի քիչ պակաս ուրախ, բայց նույն վճռականությունը կար, նախօրեին հերթական պամֆլետն էր հրապարակել: «Մայն կամպֆ» չէր, բայց էլի ուտվող է. ասում է. «Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում»։

Մարդ մի հատ կախարդական փայտիկ ունենար, այս իշխանություններին հեռացներ, Վազգեն Մանուկյանին վերցներ, դներ վարչապետի աթոռին ու ասեր. դե հլը գնա ու բանակցի Ադրբեջանի հետ: Տեսնեինք՝ ոնց էր Ալիևի առջև նախապայման դնելու. մինչև Արցախի անկախությունը չճանաչես, հետդ որևէ հարաբերություն բացառվում է: Այ, հենց այդպես: Ու տեսնեինք, ճանաչելո՞ւ էր, թե՞ պատերազմ էր սկսելու: 

Բան չենք ասում. մի օր կդնենք, փաստերը իրար կողքի կշարենք, որ համոզվեք. Նիկոլ Փաշինյանը Վազգեն Մանուկյանի հետ ավելի երկար ճանապարհ է անցել, քան նույնիսկ կարող եք պատկերացնել, ու բովանդակությամբ, հռետորաբանությամբ գրեթե չի տարբերվում: Բացառված չէ, որ Վազգեն Մանուկյանը հիմա էլ սրանից է վառված. թիվ մեկ առաջնորդ չի ստացվում լինել, գոնե թիվ Վազգեն Մանուկյան մնա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7185 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ