...

24 տարում մի տառ սովորեց

24 տարում մի տառ սովորեց

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է. 

«Արցախի հարցում մենք չենք կարողացել բանակցային գործընթացի արդյունքում հաջողություն ունենալ։ Որովհետև մեր ընկալումները ընկալելի չեն եղել միջազգային հանրության համար, վերջինիս ընկալումները՝ մեր համար։ Ունեցել ենք ձևակերպում՝ Արցախի հարցի հայանպաստ լուծում և նվիրված ենք եղել դրան, բայց հաշվի չենք առել, որ միջազգային հանրությանը ոչ թե հայանպաստ լուծումն է հետաքրքրում, այլ լուծումը:

Նույնը և սահմանազատման-սահմանագծման դեպքում է։ Միջազգային հանրությունն ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք, որ հրադադարը խախտվեց, որ ագրեսիա եղավ, մեր ստեղն եք հասցրել, գնացեք իրար հետ լեզու գտեք... հինգ տարի առաջ էլ ենք այս կետում եղել, տասը տարի առաջ էլ։ Պետք է գնանք լուծումների՝ հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։ Կա լուծում կամ կա չլուծում»։ 

«ՉԻ». Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, դժոխքում տանջանքների նոր սեկցիա է բացվել: Առավել ծանր մեղքեր գործածներին այնտեղ են գցում, ու իրենք առաջին 500 տարին պետք է լսեն մեր այսօրվա պաշտոնյաների ելույթները: Իսկապես, ահավոր տանջանք է:
Էս վերջերս մեկն ասաց, թե սրանք դավաճան չեն, իզուր եք իրենց դավաճան անվանում: Որովհետև դավաճանը որոշակի լոգիկայով է առաջնորդվում: Այսինքն՝ իր դավաճանության մեջ ինչ-որ տրամաբանություն կա: Նյութական, ֆինանսական, քաղաքական: Սա ճիշտ մոտեցում է. դավաճան չեն:

Պարզապես մենք չգիտենք, թե քաղաքագիտության մեջ սրանց վարքագիծն ինչպես է կոչվում: Օրինակ՝ Քոչարյանի դեպքում դա կոչվում էր ավազակապետություն, թաթար-մոնղոլական համակարգ: 

Բա սրա՞նց ինչ անուն տանք: Դաունիզմ. մի քիչ էն չի: Անմեղսունակություն. էլի սխալ է: Որովհետև Նիկոլ Փաշինյանը բառ առ բառ, շեշտում ենք՝ բառ առ բառ, մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը վերջինս ասել էր դեռ 1997 թվականին՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում: Այն հոդվածում, որը Նիկոլ Փաշինյանն իր թերթի տիրաժը բարձրացնելու համար մի 10 անգամ տպել էր: Գուցե ժամանակին անգիր էլ էր արել: 

Առաջին նախագահն ասել էր. «Ղարաբաղի հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների»:

24 տարի անց նույնը Նիկոլ Փաշինյանն է ասում: Այն տարբերությամբ, որ Տեր-Պետրոսյանը սա ասել էր, որպեսզի կանխի ժողովրդին սպառնացող դաժան փորձությունները, Փաշինյանն էլ ասում է, որ արդարացնի, թե ինչու է ժողովուրդը դաժան փորձությունների մատնվել: Շատ հանգիստ, անվրդով, դե, միջազգային հանրությունը մեզ չլսեց: Կարծես խոսքը գնում է բառի մեջ տառասխալի մասին: 

Եթե քաղաքագիտության տարրական այբուբենի առաջին տառը 24 տարի հետո ես հասկացել (եթե իհարկե, հասկացել է), քո ղեկավարած պետությունն էլ այս վիճակում պետք է լիներ: 
Այբուբենի երկրորդ տառն էլ էր Տեր-Պետրոսյանն ասել. այն, ինչ ուժեղի դիրքից կարող ենք հիմա ստանալ, հետո թույլի դիրքից խնդրենք էլ, դրա կեսն էլ չենք ստանալու: Էս մի տառը դեռ չի սովորել: Երևի մի 24 տարի էլ դրա համար կպահանջվի:

Բա լավ, հիմա ի՞նչ անուն տանք, բան չասեցիք. երևի՝ լայքապետություն, նման մի բան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ