...

Ալեն Սիմոնյան․ իշխանությունների դիագնոզը՝ մեկ ելույթում

Ալեն Սիմոնյան․ իշխանությունների դիագնոզը՝ մեկ ելույթում

Շաբաթներ առաջ Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից պահանջեց հստակ պատասխանել, թե ե՞րբ «300 հազար ադրբեջանցիները կկարողանան վերադառնալ Արևմտյան Ադրբեջան», ու պատասխանը չուշացավ․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում»։ Ալեն Սիմոնյանը հայտարարեց նաև, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել, իսկ ադրբեջանցիներն էլ Հայաստանում ապրելու են այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում։

Քիչ է պատահում, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կարողանա ընդամենը մի ելույթի ընթացքում միաժամանակ բացահայտել և՛ իր մարդկային որակները, և՛ մտավոր ունակությունները (կամ դրանց բացակայությունը), և՛ բարոյական անկման խորությունը։ Ալեն Սիմոնյանին դա հաջողվեց, ուստի արժե հերթով ներկայացնել բոլոր «բացահայտումները»։

1․ Վախկոտություն։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ հայերը կարող են վերադառնալ Բաքու, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանի այն գյուղերը, որտեղ ապրել են։ Ուշադրություն դարձրեք՝ հայերը Բաքվում ապրել են ընդամենը վերջին 150-200 տարիներին և այնտեղից բռնագաղթել են 35 տարի առաջ, մինչդեռ Արցախում ապրել են հազարամյակներ շարունակ ու ընդամենը երկուսուկես տարի առաջ էլ ապրում էին իրենց հայրենիքում։ Բայց Ալենը վախենում է Արցախի անունը տալ (Նիկոլը կպատժի), ու Արցախ վերադառնալու փոխարեն Բաքու վերադառնալու մասին է խոսում։

2․ Ստախոսություն։

Ի թիվս այլ պատճառների՝ հայերը Բաքու չեն կարող վերադառնալ նաև այն պատճառով, որ վերադառնալու տեղ պարզապես չունեն։ Հո չե՞ն կարող վերադառնալ, ասենք, Արմենիքենդ, ծեծել դռներն ու այնտեղ ապրողներին ասել «դուրս եկեք, սա 35 տարի առաջ իմ տունն է եղել»։ Իսկ ահա ադրբեջանցիները կարող են «վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ապրել են Հայաստանի տարածքում», որովհետև, օրինակ՝ Սյունիքի մարզում, նախկին ադրբեջանաբնակ գյուղերից շատերն այսօր դատարկ կամ գրեթե դատարկ են։ Էլ չենք խոսում Ադրբեջանի պահանջած «անվտանգության միջազգային մեխանիզմների» մասին։ Բայց Ալեն Սիմոնյանը ձևացնում է՝ իբր չի հասկանում այս տարբերությունները, այսինքն՝ գիտակցաբար կեղծում է իրողությունները։

3․ Բթամտություն կամ ստորաքարշություն։

Ալեն Սիմոնյանն ասում է՝ ադրբեջանցիները կարող են ապրել Հայաստանում այնպես, ինչպես հայերն են ապրում Վրաստանում։ Կարող էր, չէ՞, Վրաստանում ապրող հայերի փոխարեն բերել Վրաստանում ապրող ադրբեջանցիների օրինակը։ Բայց՝ չէ, մարդու ուղեղն այդքանի է «զոռում»։ Հընթացս էլ Ադրբեջանին է ստորաքարշաբար նվեր մատուցում՝ իբր «ինչքանով հայերն իրավունք ունեն Ջավախքն իրենց հայրենիքը համարել, այնքան էլ ադրբեջանցիներն իրավունք ունեն իրենց հայրենիքը համարել, ասենք, Զանգեզուրը կամ Գյոկչա-Բասարգեչարը»։

4․ Բարոյական սնանկություն։

Ասում է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից 5 րոպե հետո հայերն ու ադրբեջանցիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Այսինքն՝ նրա կարծիքով, հայերի «բարոյական կերպարն» այդպիսին է, ընդամենը 5 րոպե է պետք՝ հանուն մի քանի կոպեկանոց շահի հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը, ամենօրյա նվաստացումներն ու այսօր էլ շարունակվող բարբարոսությունները մոռանալու համար։ Այո, այդպիսի մարդիկ է՛լ կգտնվեն, այդպիսիք հիմա էլ կան, առաջ էլ կային, որ, ասենք, Սադախլոյում ադրբեջանցիների հետ առևտուր էին անում, ու դա նորմալ է։ Ավելին՝ ակնհայտ է, որ խաղաղության դեպքում, գուցե տարիներ կամ տասնամյակներ անց, այդ շփումներն իսկապես ավելանալու են։ Բայց «5 րոպե հետո՞», այսպիսի ստորացված վիճակո՞ւմ, վերքերը դեռ չսպիացա՞ծ։ Թե՞ Ալեն Սիմոնյանը պարզապես իր՝ հանուն սեփական նյութական շահի ցանկացած արժեք տրորելու պատրաստ «բարոյական նկարագիրն» է պրոյեկտում ողջ ժողովրդի վրա։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Հասկանալի է, որ Ալեն Սիմոնյանը որևէ ինքնուրույն միտք հայտնելու ոչ համարձակություն ունի, ոչ խելք, և ընդամենը ասում է այն, ինչը կամ լսել է անձամբ Նիկոլ Փաշինյանից, կամ, իր կարծիքով, դուր կգա նրան։ Այսինքն՝ նա փաստացի Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներն է ներկայացնում։ Իսկ բերանը սեփական նախաձեռնությամբ օգտագործել կարող է թերևս միայն դիմացինի երեսին թքելու համար, իհարկե՝ միայն թիկնազորի «կանխարգելիչ միջոցառումներից» հետո։

ՎԱՐԿԱՆԻՇ

   393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ