...

Նիկոլ Փաշինյանն անցնում է «պլան Բ»-ին

Նիկոլ Փաշինյանն անցնում է «պլան Բ»-ին

Հայաստանում տեղի ունեցողն օրեցօր ավելի ու ավելի քիչ է նմանվում նախընտրական իրավիճակի։ Պատկերը փոխվում է մեծ արագությամբ, և սրտիկներով ու «սիրում եմ բոլորիդ»-ով սկսված անշառ կրկեսն արդեն իսկ վերածվել է «դուք ինչի՞ չեք մեռել» ու «սաղիդ սատկացնելու եմ» հիստերիկ ճղճղոցներով ուղեկցվող զանգվածային ձերբակալությունների «միջոցառման»։ 

Պատճառը հասկանալի է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ն ընկալում էր որպես հերթական ընտրություններ, որոնց պետք է մասնակցել և հեշտությամբ հաղթել, բայց քարոզարշավի առաջին իսկ օրերը ցույց տվեցին, որ դա լինելու է չափազանց բարդ (եթե ոչ անհնար), հետևաբար՝ պետք է «ուրիշ բան մտածել»։ Մեծ հավանականությամբ՝ իշխանությունները դրանից առաջ է՛լ «պլան Բ» և անգամ «պլան Գ» ունեին․ եթե հանկարծ տեսնեն, որ գործերը լավ չեն՝ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկ-երկուսի մասնակցությունը կարգելեն ու լիդերներին կկալանավորեն, կամ էլ «վերջին վարիանտ»՝ բախումներ կհրահրեն ու արտակարգ դրություն հայտարարելով՝ անորոշ ժամանակով կչեղարկեն ընտրությունները։ Եվ ահա պարզվեց, որ Նիկոլի գործերն իսկապես էլ լավ չեն, ու այն, ինչը նա նախկինում համարում էր ընդամենը «պահեստային տարբերակ», այսօր շատ ավելի ակտուալ է։ Արդյունքում՝ եթե առաջ նպատակն ընտրություններում հաղթելն էր, հիմա արդեն ընտրությունները «հարամելը» կամ չեղարկելն է։ Այստեղից էլ՝ «պացիենտի» վարքաբանական կտրուկ փոփոխությունը։

Այո, բախվելով իրականությանը՝ Նիկոլ Փաշինյանը լրջորեն վախեցավ։ Եվ այդ հիրավի կենդանական վախը երկու հիմնական պատճառ ուներ։ Առաջին՝ նույնիսկ ամենաիշխանամետ սոցհարցումների համաձայն, «պատերազմի եռագլուխ հրեշի» գումարային վարկանիշը ՔՊ-ի վարկանիշից շատ ավելի բարձր է, հետևաբար՝ նորմալ ընտրությունների դեպքում իր պարտվելու հավանականությունը մեծ է։ Երկրորդ՝ իր համար դա ոչ թե պարզապես պարտություն է նշանակելու, այլ պատասխանատվության ենթարկվելու անխուսափելի հեռանկար, որովհետև ով-ով, բայց ինքը լավ է հասկանում, թե ինչ աղետներ է բերել պետության ու ժողովրդի գլխին։

Որևէ մեկը լրջորեն հավատո՞ւմ է, որ նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը սուսուփուս կընդունի ընտրությունների արդյունքները։ Որևէ մեկը հավատո՞ւմ է, որ նախ՝ նա թույլ կտա նորմալ, մրցակցային ընտրություններ, հետո էլ թույլ կտա հրապարակել արդյունքներն ու կհայտարարի, թե «սիրելի ժողովուրդ, այն ուժերը, որոնց ես անվանում էի հանցագործներ ու լրտեսներ և սպառնում էի կտրել նրանց ձեռքերն ու այլ մարմնամասերը, հաղթել են ընտրություններում, և ես ընդունում եմ այդ արդյունքները»։ Պարզ է, չէ՞, որ նա ընդդիմության հաղթանակը կհայտարարի «Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա», իսկ պետության դեմ արտաքին ագրեսիայի դեպքում պաշտպանության բոլոր ձևերն ընդունելի են, այդ թվում՝ բանակի օգտագործումը։ Հո հենց այնպես չե՞ն ընդդիմադիր ուժերի ցուցակների վերին հորիզոնականներում օտարերկրյա քաղաքացիներ, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ ու «պետական դավաճաններ» փնտրում, հո հենց այնպես չե՞ն «դիմակավորված ահաբեկիչների» տեսագրություններ տարածում, ու հենց այնպես չի՞ պաշտպանության նախարարը հոխորտում, թե տրորելով կանցնի։

Այնպես որ՝ հունիսի 7-ին Հայաստանում սովորական իմաստով ընտրություններ չեն լինելու։ Այդ օրն ընդամենը պարզ է դառնալու, թե կոնկրետ ի՞նչ մեթոդներով է Նիկոլ Փաշինյանը փորձում պահպանել իր իշխանությունը, և ի՞նչ գին կարող է վճարել Հայաստանն այդ փորձերի հետևանքով։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   91 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ