Վերջին օրերի քարոզչական հիստերիան էապես փոխեց առաջիկա ընտրությունների տրամաբանությունը։ Նույնիսկ հարցադրումն է փոխվել՝ եթե ընդամենը մեկ-երկու օր առաջ դեռևս չկողմնորոշված մարդիկ մտածում էին, թե ո՞ւմ ընտրեն, հիմա մտածում են, թե ո՞նց անեն, որ հանկարծ Նիկոլը չընտրվի։ Իսկ նա շարունակում է ասպատակել ՀՀ մարզերն ու Երևանի համայնքները՝ համարյա զոռով մարդկանց բուկլետներ ու Հայաստանի «բրոշկա-քարտեզ» նվիրելով։
Ի դեպ՝ քարտեզի մասին։ Իսկ ովքե՞ր են ապրում այդ տարածքում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանն ու այլ ՔՊ-ականներ տարբեր առիթներով խոսել են այդ մասին։
Այսպես՝ Հայաստանում ապրում են․
- Մոտ 1,2 միլիոն «շուն ու շանգյալներ» (ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ հենց այդքան են կազմում «պատերազմի եռագլուխ հրեշի» աջակիցներն ու նրանց ընտանիքների անդամները),
- Մոտ 100 հազար արցախցիներ, որոնք «թողել-փախել են, ու դեռ պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն մեռել, ինչո՞ւ են կենդանի մնացել»,
- 44-օրյա պատերազմին մասնակցած «11 հազար դասալիքներ» և «600 հազար պոտենցիալ դասալիքներ» (սա ասել է Աննա Հակոբյանը՝ նկատի ունենալով Հայաստանի զինապարտության տարիքի բոլոր տղամարդկանց),
- «Խոպանչիների» ընտանիքների անդամները՝ 250-300 հազար հոգի, ովքեր ապրում են Հայաստանում, օգտվում են ճանապարհներից, բայց ձրիակերների նման՝ «լայաղ չեն անում» դրսից իրենց ուղարկված գումարներից հարկեր վճարել,
- Նախկին իշխանությունների օրոք «պատերի տակ վնգստացող դատավորներ», «ծախու լրագրողներ», «կաշառակեր չինովնիկներ», «5-10 հազարով իրենց ձայները ծախողներ» և այլն, մի խոսքով՝ ևս մի 300 հազար հոգի։
Տակն ո՞վ մնաց։ Ճիշտ է, կերած-խմած ու բոլոր իշխանությունների օրոք թաղապետարանների մերձակայքում մանր-մունր գործեր «կպցնող» «տասովչիկները», իշխանական թափառախմբին ուղեկցող ու Նիկոլին պաչպչող կանայք ու «հորս արև, զենք տու՝ էթամ դրանց սաղին գյուլլեմ» լմլմացնող քյոփակները։ Մի խոսքով՝ նրանք, ովքեր, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հենց «իսկական ժողովուրդն» են։
Բայց նա այդ «իսկական ժողովրդի» աջակցությամբ չէ, որ պատրաստվում է պահպանել իշխանությունը։ Մի քանի տարի առաջ գուցե այդպես էր, բայց հիմա արդեն ինքն է՛լ լավ հասկանում է, որ իր հենարանը փոքրամասնություն է, դրա համար էլ փոխել է մարտավարությունն ու ընտրել մեծամասնությանն ահաբեկելու և այդ ճանապարհով վարչապետ մնալու տարբերակը։ Սա շատ նման է դասական տեռորիստական խմբակի մարտավարությանը։ Պարզապես տեռորիստական խմբակները, որպես կանոն, պատանդներ վերցնելուց հետո պահանջում են պայմանական «5 միլիոն դոլար և ուղղաթիռ»՝ հակառակ դեպքում սպառնալով կես ժամը մեկ սպանել պատանդներից մեկին, իսկ Նիկոլ Փաշինյանը պահանջում է ևս 5 տարով իշխանություն ու ևս 5 տարով ՀՀ բյուջեն սեփական գրպանի պես օգտագործելու իրավունք՝ հակառակ դեպքում սպառնալով պատերազմով կամ «կես ժամը մեկ քաղաքական հակառակորդներից մեկնումեկին սատկացնելով»։ Մնացած ամեն ինչը մոտավորապես նույնն է՝ լավ զինված և «շեֆին» անվերապահորեն ենթարկվող խմբեր, ահաբեկչության «գաղափարական հիմնավորում», մինչև վերջ գնալու վճռականություն՝ առանց բարոյական արգելակների, և այլն։
Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ են այս ամենի անունը դրել «ընտրություններ»։
Մարկ Նշանյան