Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով աշխատանքից ազատվել է դատախազ Արման Բաղդասարյանը։ Նա, ի դեպ, եղել է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատախազը, Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով էլ, որպես մեղադրող դատախազ, պահանջել է երկուսուկես տարվա ազատազրկում։
«ՉԻ»․ Մի խոսքով՝ իշխանություններին այդպիսի արժեքավոր ծառայություններ մատուցած դատախազը հայտնվել է Գյումրվա հայտնի անեկդոտի հերոսի վիճակում, որն «առաջ բանտի դեմը կապրեր, հիմա իրա տան դեմը կապրե»։ Չնայած՝ ի՞նչ իմանաս, գուցե հենց այդ ծառայությունների շնորհիվ է, որ նրան ընդամենը ազատել են աշխատանքից, և ոչ թե ուղարկել «իրա տան դեմը ապրելու»։ Կամ էլ՝ գուցե ոչ թե ազատել են, այլ ուզում են ուրիշ աշխատանքի տեղափոխել։ Օրինակ՝ նշանակել Կաթողիկոս։
Ամեն դեպքում՝ Աննա Վարդապետյանը բավականին անզգույշ քայլ է կատարել։ Առջևում ընտրություններ են, ազատության մեջ դեռևս բավականին շատ քաղաքական գործիչներ ու հոգևորականներ կան, եթե նման «արժեքավոր կադրերին» գործից հանում է՝ բա ո՞վ է այդքանի համար ազատազրկման ժամկետներ պահանջելու։ Դատախազի գործն էլ հո պատգամավորի գործ չի, որ ՔՊ-ականներով հավաքվեն, քասթինգ անեն, 1,5 միլիոն դրամը քերեն, ուղարկեն Աննայի հետ հաջողակաբար ընթրելու և «նորաձև կրթվելու» ու մտցնեն ցուցակ։