...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Իբր՝ ինքն ու Քոչարյանը որոշել են ձևականությունները մի կողմ թողնել և միասին քարոզարշավ անցկացնել։ Բայց՝ միայն երկուսով, առանց թիմերի։ Կգնան որևէ մարզ, կհանդիպեն ժողովրդի հետ, հետո շուկայից ուտելիք-բան կառնեն, կգնան անտառում մի տեղ կնստեն, հաց կուտեն ու ձեռի հետ էլ իրար մեջ կորոշեն, թե ով քանի տոկոս պիտի ստանա։ Թե ոնց կորոշեն՝ այլ հարց է, բայց եթե շատ ուտելով որոշեն՝ ինքը նաղդ կրող է, եթե մրցեն, թե ով ավելի բարձր կզռռա՝ ոչ մեկը չի լսի․․․ 

Բայց ժողովրդի հետ հանդիպումը մի տեսակ այնքան էլ հաջող չի ստացվում։ Ընդ որում՝ իր բախտը համեմատաբար բերում է, որովհետև շլյապայի տակից կասկա հագած է լինում։ Մի խոսքով, ստալինյան սապոգների ցեխոտ հետքերը քամակներին՝ մի կերպ փախչում են ու շնչակտուր հասնում շուկա։ «Հո զոռով չի, Ռոբիկ, էս մեր ժողովուրդն ազնվությունն ու ճշմարտությունը չի գնահատում», շալվարը թափ տալով՝ դժգոհում է ինքը, «ախր շատ անկեղծ էինք, ես քեզ ասում էի թալանչի, դու ինձ ասում էիր դավաճան, էս ինչի՞ մեր ազնվությունը չգնահատեցին․․․ Լավ, արի մտնենք շուկա, ուտելու բան-ման առնենք»։ «Բա փողը ո՞վ պիտի տա, ես խուրդա չունեմ, մոտս մենակ 200 միլիոնանոցներ են», հարցնում է Քոչարյանը։ «Փող պետք չի», ձեռքը թափ է տալիս ինքը, մտնում շուկա ու առաջին պատահած վաճառողի վրա գոռում․ «արագացրո՛ւ, միս ա, լավաշ ա, տնական արաղ ա, վազելով բեր, թե չէ սեպտեմբերին պատերազմ կսկսվի»։ Վայրկյանների ընթացքում ամեն ինչ հավաքվում է․․․

Պատկերը փոխվում է։ Անտառի ինչ-որ «բեսեդկայում» նստած են։ Ինքը մանդարինները հերթով կլպում է, ամբողջությամբ խցկում բերանն ու կեղևով ինչ-որ բան սարքում։ «Էդ ի՞նչ ես անում», հարցնում է Քոչարյանը։ «Հեչ, Հայաստանի քարտեզի տեսքով բրոշկա եմ սարքում։ Վա՛յ քու, արա, ներքևի մասը պոկվեց․․․ Դե լավ, ոչինչ, սենց էլ ա սիրուն, շատ չեն ջոկելու», պատասխանում է ինքը, ապա շարունակում․ «հիմա ո՞նց ենք որոշում՝ ով քանի տոկոս խփի, զռռում ե՞նք, թե՞ ոնց»։ Այդ պահին ծառերի միջից կկվի ձայն է լսվում։ «Էս չհասկացա, ախրաննիկիդ հետ ես եկե՞լ, բա ասում էիր Կուկուն արտագաղթել ա», բարկանում է ինքը․․․ 

«Լավ, արի հենց կկվի կանչելով էլ որոշենք, թե որ կուսակցությունը քանի տոկոս ա ստանալու», առաջարկում է ինքը, «ամեն կանչը՝ 4 տոկոս։ Կկո՛ւ-կկու, ՔՊ-ն քանի՞ տոկոս ա ստանալու»։ «Կո՛ւ-կու, կո՛ւ-կու», լսվում է ծառի վրայից։ «Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ եթե կկուն առնվազն 30 անգամ չկանչի՝ սեպտեմբերին պատերազմ ա սկսվելու», հիստերիայի մեջ է ընկնում ինքը․․․ Հիմա էլ Քոչարյանն է հարցնում․ «Կկո՛ւ-կկու, ե՞ս քանի տոկոս եմ ստանալու»։ «Կո՛ւ», լսվում է ճյուղերի միջից։ Սփրթնած նայում են իրար երեսի․․․ «Բա Ուժեղ Հայաստա՞նն ինչքան ա ստանալու», հարցնում են միաժամանակ, և․․․ ի պատասխան՝ քար լռություն։ Ուրախ-ուրախ վազում են ծառի կողմը, և ի՞նչ տեսնեն։ Աննա Վարդապետյանը, ծառի տակ կիսանստած, պարսատիկով նշան է բռնում սաղարթներին։ Նույն վայրկյանին էլ արձակում է քարը, ու Վահագն Հովակիմյանը, ճյուղերը ջարդելով, թրմփում է գետնին․․․

Արթնանում է սառը քրտինքով պատված։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ