...

Նոստրադամուսի անկյուն․ Հայաստանը՝ մեկ տարի անց


Արհեստական բանականությանը (AI) խնդրեցինք վերլուծել Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, և հաշվի առնելով առկա միտումները՝ ներկայացնել որևէ հայկական լրատվամիջոցի լրահոսը մեկ տարի անց՝ 2026-ի դեկտեմբերի 10-ին։ Ստացանք հետևյալ պատկերը․

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընթացող կառավարության նիստում սահմանվել է, որ այսուհետ հայկական բոլոր եկեղեցիներում աջհամբույրի արարողությունը տեղի կունենա միայն խորանի այն հատվածում, որտեղ փակցված է իր լուսանկարը, իսկ պատարագիչ քահանան պարտավոր է հավատացյալներին ՀԴՄ կտրոններ տալ։

- Այսօր Երևանի Միրզաֆաթալի Ախունդովի անվան հրապարակում պաշտոնապես բացվեց SOCAR ընկերության առաջին բենզալցակայանը։ Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, որ շահույթի մի մասն օգտագործվելու է բարեգործական նպատակներով, մասնավորապես՝ «Հին Իրևան» ծրագրի շրջանակներում վերականգնվելու են ադրբեջանական մշակութային ժառանգության կարևորագույն հուշարձանները։

- Արդարադատության նախարար Լուսինե Բադալյանը (Լուլու) պաշտոնապես տեղեկացրել է, որ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կտրիճ Ներսիսյանի համար բերված հանձնուքում, այն է՝ «Աստվածաշունչ» անվանումով գրքում, հայտնաբերվել է շուրջ 15 գ․ դեղնականաչավուն զանգված։ Նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են ևս 67 հոգևորականներ։

- Արտգործնախարար Վահագն Ալեքսանյանը պաշտոնապես հայտնել է, որ ադրբեջանական կողմից ստացվել է 1988-ից ի վեր Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ կատարած մոտ 42 հազար անձանց ճշտված ցուցակը։ Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են ընթանում վերջիններիս Ադրբեջանին արտահանձնելու տեխնիկական մանրամասների հստակեցման և ճշգրիտ ժամանակացույցի մշակման ուղղությամբ։

- Փոխվարչապետ Աննա Հակոբյանը Դավալուի մարզում աշխատանքային հանդիպում է ունեցել Արամ Սարգսյանի հետ։ Վազգեն Սարգսյան տուն-թանգարանում փոխվարչապետի պատվին տրված ճաշի ընթացքում քննարկվել են ինչպես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տեղում կառուցվելիք հյուրանոցա-ռեստորանային համալիրի, այնպես էլ Քյարքին շրջանցող նոր ճանապարհի շինարարության համար մատակարարվելիք ցեմենտի գները։ 

- ՀՀ Ոստիկանության գվարդիայի և ադրբեջանական «Յաշմայի» համատեղ ուժերով կանխվել է Սյունիքի մարզի մի շարք ծայրահեղականների՝ ադրբեջանցիների վերաբնակեցման դեմ կազմակերպված ապօրինի բողոքի ցույցը։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ազատ տեղերի բացակայության պատճառով ձերբակալված 522 օրինախախտների շուրջ 60 տոկոսը տեղափոխվել է Ադրբեջանի համապատասխան հիմնարկներ։

- Աշխատանքի և սոցապ նախարար Արսեն Թորոսյանն առաջարկել է 20 տոկոսով թեթևացնել պետբյուջեի սոցիալական բեռը՝ թոշակառուների 20 տոկոսին էվթանազիայի ենթարկելու ճանապարհով։ Հանրային քննարկումներին կարող են մասնակցել միայն ՔՊ բարեվարքության հանձնաժողովի փորձաքննությունն անցած քաղաքացիները։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կիրանց այցելած և պատի տակ լուսանկարված հոբելյանական 100 000-րդ քաղաքացին որպես նվեր ստացել է ԱԺ պատգամավոր Արամազդ Ղալամքարյանի «Ինչպե՞ս ճանաչեցի Հիսուսին» գիրքը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ