...

Բախումներին ընդառաջ

Բախումներին ընդառաջ

Այսօր ԱԱԾ-ն հայտնել էր, որ իր օպերատիվ տվյալներով, ՀՀ ընդդիմության ներկայացուցիչները փորձելու են ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել խորհրդարանի շենքը:

Մինչև կմտածեինք, թե ինչքանով կարող է նման սցենարը հավանական լինել, օրվա երկրորդ կեսին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության որոշ պատգամավորներ խորհրդարանի շենք մտան: Այնտեղ կառավարության հետ հարցուպատասխանն էր, խորհրդարան էր գալու նաև Նիկոլ Փաշինյանը

Խորհրդարանի շուրջ ոստիկանական ջոկատներ էին՝ որոնք շրջափակել էին Դեմիրճյան փողոցը: 

Մեր մեջ ասած, այս ընդդիմությունը ինչքան էլ հանրահավաք անի, փողոց փակի, բետոնախառնիչներով, բանով, աստղերին երգացնի, մեկ է, դա իշխանափոխության համար քիչ է: Ժամանակին շատերն են կանխատեսել, զգուշացրել, որ իշխանություն-ընդդիմություն առճակատումը գնալով ավելի ծայրահեղ դրսևորումներ է ստանալու, և բանը հասնելու է բախումների: Չենք ցանկանում քաղաքացիական պատերազմի կամ նման մի բանի մասին ասել, հույս ունենք, որ նման սցենար չի լինի, բայց այսօր պատային վիճակ է քաղաքական դաշտում. այսինքն. ոչ իշխանությունն է ի վիճակի ինչ-որ կերպ հանգուցալուծում տալ ներքաղաքական լարված իրավիճակին, ոչ էլ՝ ընդդիմությունը:

Մնում է բախումների սցենարը: Իսկ այս ընդդիմության մի մասը բախումների հարուստ փորձ ունի. սկսած 1996-ից, ավարտած՝ 2008-ի մարտի 1-ով: Նրանց շարքերում խորհրդարանի շենք ներխուժածներ էլ կան, 90-ականներին զինված ջոկատներ ստեղծածներ էլ կան: Ամեն ինչ սպասելի է:

Ու ամբողջ ցավն այն է, որ ոչինչ չես կարող անել: Սթափության, հաշտության, հանդարտեցման ցանկացած կոչ գնում է, կորչում է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1465 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ