...

Ցցեմ նշաձողդ

Ցցեմ նշաձողդ

Ջահելով երթը

Այս շաբաթն ավարտվում է ապրիլի 24-ով: Իսկ դա, ինչպես ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր ասում, պետք է տոնել, ու այնպես, որ աշխարհն ամաչի: Կամ, գոնե մարդկային արդարությունը:

Ահավասիկ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մի հատ գժական տեսաուղերձ է թողարկել, որում՝ Երևանի ֆոնի վրա, ասում է. «Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Բոլորիդ հրավիրում ենք Ջահերով երթին։ Մենք այդ օրը ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք և ապացուցենք՝ մենք տեր ենք Արցախին, մենք տեր ենք մեր պետականությանը և տեր ենք հայ ժողովրդի ապագային, որի համար պատրաստ ենք պայքարել, իսկ ապրիլի 25-ից մենք ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ»:

Էս հեչ: Ջահերով երթերը 131 անգամ արդեն տեսել ենք, հայրենիքի փրկության գործընթացը՝ 13,1 անգամ: Մի հատ ավել, մի հատ պակաս, դրանից բան չի փոխվի: 

Մուրադը կատաղել ա

Այնտեղ ավելի հետաքրքիր կինոներ են սկսվել, որի գլխավոր դերում Էդմոն Մարուքյանն է: Մորթըմ ա: Քոչարյանի հասցեին թունդ հրետակոծություն է սկսել, թող ու փախի: 5-րդ ալիքն իր մասին ռեպորտաժ է սարքել: Դե, պարզ է, թե 5-րդ ալիքի պատրաստած նյութը ինչ որակի պետք է լինի, դրանից Մարուքյանը զայրացել է ու գրել.

«Ցանկանում եմ 5-րդ ալիքին հարցնել կարո՞ղ եք այս թեմաներով էլ ռեպորտաժներ պատրաստել. 

- ինչպե՞ս կազմակերպվեց հոկտեմբերի 27-ը, և խորհրդարանում գնդակահարվեցին ժողովրդի կողմից ընտրված երկրի առաջնորդները, 

- ինչպե՞ս և ու՞մ հրահանգով Քոչարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ սպանվեց քաղաքացի Պողոս Պողոսյանը,

- ինչպե՞ս սպանվեց գլխավոր դատախազն իր աշխատասենյակում,

- ինչպե՞ս մինչև 2008-ը սպանվեցին իշխանությանը հակադրվող հայտնի քաղաքական գործիչներ,

- ինչպե՞ս մարտի 1-ին սպանվեցին խաղաղ ցուցարարները Երևանում։

Ավելի բարի թեմաներով ռեպորտաժներ էլ կարող եք պատրաստել: Օրինակ՝ Արևմուտքում ընդունված է հաջողակ անձանց կողմից իրենց հաջողության պատմություններով եթերում կիսվելը։ Առաջարկում եմ ձեր տիրոջ որդիները գան և ուղիղ եթերում պատմեն, թե ինչպե՞ս կարողացան տակավին երիտասարդ տարիքում դառնալ դոլարային միլիոնատերեր։ Մեր երեխաներն էլ կդիտեն և այդ հաջողության պատմությունը կսերտեն։

Վերջում մի բարի ռեպորտաժ էլ առաջարկեմ. ինչպե՞ս կարող է հոգատար պապիկը անել այնպես, որ թոռները ծնվեն Միացյալ Նահանգներում՝ ԱՄՆ անձնագիր ստանալու համար, հետո ինքը մասնակցի Ցեղասպանության տարելիցի ջահերով երթին՝ «ընդդեմ թուրքի, հանուն հայի և Արցախի»:

Ի՞նչ եք աչքներդ չռել, մարդը բան ա հարցնում, պատասխանեք: Դե լավ ա, Լևոն Քոչարյանն է պատասխանել: Գրել է. «Իմ երեխաների դրսում ծնվելը բացառապես իմ և կնոջս որոշումն է, որն ունի մեր անձնական պատճառները և նպատակը բացարձակապես այլ քաղաքացիություն ունենալը չէ»: 

Իմ ձողիկը քո ձողիկին վնաս չի

Հա, հեչ, բան չասինք: Ո՞ւմ հետ չի պատահում: Իսկ Մարուքյանը կինոյի մյուս սերիայում ժամուկեսանոց հարցազրույց է տվել Սաթիկ Սեյրանյանին:

Ժամուկես համացանցը դղրդում էր: Որովհետև այստեղ էլ էր նշաձողի խնդիր առաջացել: Մարուքյանամետները Մարուքյանին էին քննադատում, թե ինչի՞ ես նշաձողդ իջեցրել, գնացել Սաթիկ Սեյրանյանի մոտ, ընդդիմադիրներն էլ մեր գործընկերոջն էին քննադատում, թե ինչի՞ ես նշաձողդ իջեցրել, կակոյ-նիբուծ Մարուքյանի հրավիրել քո տաղավար: 

Էս ա: Ով պատահի, որտեղ պատահի, ձող է ցցում, ասում՝ էս իմ նշաձողն է: Մենակ պետության նշաձողն է, որը պահող չկա: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ