...

Ձևի մեռածը, բովանդակություն թաղածը

Ձևի մեռածը, բովանդակություն թաղածը

«Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել Հայաստանի համար, մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն բնորոշվում է ոչ թե «ընտրական ավտորիտարիզմ» տերմինով, այլ որպես «ընտրական ժողովրդավարություն»,- ՀՀ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա, ըստ էության, նշանակում է, որ ժողովրդավարության առումով Հայաստանի Հանրապետության դասակարգման փոփոխություն է տեղի ունեցել։ Այսինքն՝ նույնիսկ 2018-ի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո այս կազմակերպությունը շարունակում էր Հայաստանը դիտարկել որպես ընտրական ավտորիտար համակարգ ունեցող երկիր, որի իմաստը հետևյալն էր, որ կա ավտորիտար համակարգ, որն ընտրական պրոցեսն օգտագործում է սեփական վերարտադրությունը կազմակերպելու համար: Այս նոր բնորոշման էությունը հետևյալն է, որ իշխանությունները ձևավորվում են ընտրություններով, այսինքն՝ ընտրությունը ոչ թե իշխանության վերարտադրության գործիք է, այլ իշխանության ձևավորման գործիք է: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ նաև 2021-ի արտահերթ ընտրություններով Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ «Մենք պետք է այդ բարձրագույն լիգայում ամեն տարի փորձենք ավելի բարձր տեղեր զբաղեցնել»։ 

«Բարձրագույն լիգա»։ Հաջորդիվ՝ չեմպիոնական տիտղոսի ակնկալիքով։ Ձևի հետևից է ընկել՝ առանց կարևորելու բովանդակությունը։ Իսկ պետության բովանդակության առումով ոչինչ չի փոխվել։ Չնայած փոխվել է՝ դեպի վատը։ Կորցրել ենք Արցախը, դրա հետ միասին՝ մի ողջ սերունդ, հարյուրավոր հաշմանդամներ ունենք, հետպատերազմական դեպրեսիայից ոչ մի կերպ ուշքի չեկող հասարակություն, որը փախչում է երկրից։ Տնտեսական ծանր վիճակում ենք հայտնվել՝ թանկացումներ բոլոր ոլորտներում, իսկ աշխատավարձը, կենսաթոշակն ու սոցիալական նպաստները որևէ կերպ չեն վերանայվել այս համատեքստում։ Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ տնտեսական վիճակը էլի կվատանա՝ կանխատեսում են տնտեսագետներն ու փորձագետները։ Բայց մենք «բարձրագույն լիգայում ենք»։ Եվ սա Նիկոլ Փաշինյանն իր ամենամեծ հաջողությունն է համարում։ Իրենով է սկսվել ավտորիտարիզմի բնույթի փոփոխությունը։ Ինքն առաքյալ է, աննախադեպ երևույթ, աշխարհում չտեսնված ու չլսված։ Բայց, չգիտես ինչու, «լիգայում» հայտնված պետության դեմոկրատացումը որևէ մեկին չի հուզում, մեզ չեն էլ կարևորում, մեզ հետ հաշվի չեն նստում, անգամ չեն անհանգստանում մեր դիրքորոշման լինել-չլինելուց։ Ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ էլ եվրոպացիները։ Բայց մենք «բարձրագույն լիգայում ենք»։ Որ էսպես շարունակենք, չեմպիոն էլ կդառնանք։ Ափսոս, որ դրանից պետության բովանդակությունը չի փոխվի։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ