...

Լրագրող Նիկոլն ու վարչապետ Փաշինյանը

Լրագրող Նիկոլն ու վարչապետ Փաշինյանը

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության այսօր հրապարակած տարեկան զեկույցը արձանագրում է՝ Հայաստանում խոսքի ազատությունը շարունակում է անարդար կերպով սահմանափակված մնալ։ «Կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական մի քանի փոփոխություններ, որոնք սահմանափակում են անկախ մամուլն ու այլ քննադատական խոսքը։ [2021թ.] մարտին Ազգային ժողովը բարձրացրեց վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված տուգանքի վերին շեմը՝ հասցնելով 6 միլիոն դրամի (մոտ 12 հազար ԱՄՆ դոլար)։ Օգոստոսին՝ օրենսդրական փոփոխությունների մեկ այլ փաթեթ քրեականացրեց հանրային դեմքերին վիրավորանք հասցնելը՝ վիրավորանքի կրկնության դեպքում հնարավոր դարձնելով մինչև երեք ամիս ազատազրկումը։ Այդ նոր օրենքի շրջանակում սեպտեմբերին ոստիկանությունը քրեական գործ հարուցեց Ֆեյսբուքի մի օգտատիրոջ նկատմամբ՝ վարչապետին պատկերող լուսանկարի մեկնաբանությունների դաշտում նրան վիրավորանք հասցնելու համար»,- զեկույցից մեջբերում է արել «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ հրապարակման՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատության է ենթարկել Հայաստանի իշխանություններին՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով անկախ մամուլը և քննադատական խոսքը սահմանափակելու, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ հարձակումների ու սպառնալիքների արդյունավետ հետաքննությունը ձախողելու համար։

Էս ի՞նչ անհասկանալի զեկույց է։ Ընդամենը վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլորիս այն առիթով, որ «Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների բարձրագույն լիգա»։ Բա անարդար կերպով սահմանափակված խոսքով ի՞նչ ժողովրդավարություն։ Բայց դե գնահատողը բավականին լուրջ ու հեղինակավոր կազմակերպություն է, այնպես որ՝ երևի ճիշտ կլինի, եթե Փաշինյանն իր հայտարարությունները վերանայի։ Չնայած՝ ում ենք ինչ ասում։ Հիմա ընդամենը մի պարզ վիճակագրություն ներկայացնենք՝ փաստելու, որ Amnesty International-ը ճիշտ է, Նիկոլը՝ սխալ։

Գործող իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած կես տարում արդեն ութ գործ է հասել դատարան, բոլորը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։

Քրեական գործ է հարուցվել Նիկոլ Փաշինյանին «հայրենիքի դավաճան» և «ազգակործան պատուհաս» ասելու, իշխանությունների հասցեին «քեմալական սովածներ» արտահայտություն անելու համար։ 

Անցած շաբաթ էլ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է հրավիրվել Էրեբունու ոստիկանության բաժին՝ «վիրավորանքի» հոդվածով։ Պատճառը նրա գրառումն է Ֆեյսբուքում։

Ինչպես ընդունված է ասել՝ նախկիններն են մեղավոր ամեն ինչի, այդ թվում՝ նմանատիպ զեկույցների համար։ Նախկիններն են մեղավոր, որ լրագրող Նիկոլը էլ լրագրող չէ ու չի պայքարում խոսքի ազատության սահմանափակումների դեմ։ Հիմա վարչապետ է ու խոսքը «mute» անելու հեռակառավարման վահանակը տիրապետողն է:

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ