...

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 2․ Ժողովրդավարություն

Նիկոլի հաջողության գաղտնիքները։ 2․ Ժողովրդավարություն

Հաջորդ ոլորտը, որտեղ Նիկոլ Փաշինյանը կիրառեց ճիշտ բաներ ասելու և ուղիղ դրա հակառակն անելու հնարքը, պայմանականորեն կարելի է անվանել «ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»։ 

2018-ի ապրիլին նրա ասածները հիշում եք։ Հայաստանում ընտրակեղծիքների էջը փակված է, այսուհետ միայն ժողովուրդն է որոշելու, թե ում է պատկանում իշխանությունը, ինքը երբեք որևէ որոշում չի կայացնելու առանց ժողովրդի համաձայնության, և ընդհանրապես՝ Հայաստանում ոչ մի ժողովուրդ էլ չկա, կան 3 միլիոն վարչապետներ։ Պատկերացնո՞ւմ եք, թե այս կարգախոսներից հետո ինչ էքստազի մեջ պիտի ընկներ հասարակ մարդը, որին տարիներ շարունակ վախեցնելով կամ 5-10 հազար դրամ կաշառքով (ընդ որում՝ երբեմն նաև զգուշացնելով, որ եթե այդ կաշառքից հրաժարվի, պրոբլեմներ է ունենալու) ստիպում էին քվեարկել որևէ լպրծուն կարիերիստի կամ հաստավիզ օլիգարխի օգտին։ Տասնամյակներ շարունակ իրեն նվաստացրել էին, ու հանկարծ հայտնվում է ինչ-որ մեկն ու ասում, որ սրանից հետո ինքը ոչ թե շարքային Պողոս է, այլ մի ամբողջ վարչապետ։ Ու որպեսզի շարքային Պողոսն ինքն իր «վարչապետ լինելուն» հավատալու ավելի առարկայական հիմքեր ունենա՝ որոշ ժամանակով ԱԺ ցանկապատները հանեցին, ասացին «ժողովրդի դուռն ա, կուզի՝ կջարդի, չի ուզի՝ չի ջարդի», և այլն։ Եվ վերջ, ժողովուրդը սիրահարվեց։ «Սիրո օբյեկտն» էլ այդ ընթացքում ում որտեղ բռնում՝ հետը սելֆի էր անում։

Ու իզուր էին հատուկենտ սթափ ձայները փորձում բացատրել, որ այդ ամենը սովորական խաբեություն է, որ մարդկության պատմության ընթացքում երբևէ որևէ երկրում իշխանությունը չի պատկանել ժողովրդին ու չի կարող պատկանել, որովհետև դա անխուսափելիորեն կհանգեցնի անիշխանության ու պետության փլուզման․․․ Մարդու բնույթն է այդպիսին, ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել պատրանքներից ու հասկանալ, որ իր գտած «գանձը» ոչ թե ոսկի է, այլ սովորական «ֆոլգա»։ Ոչ միայն չի ցանկանում, այլև ցանկացած նման խոսք ընդունում է թշնամաբար և ընկալում որպես իրենից իր գտած «գանձը» գողանալու փորձ։

Կարճ ժամանակ անց՝ իշխանությունն արդեն պաշտոնապես «իրենով անելուց» (2018-ի խորհրդարանական ընտրություններից) հետո Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, սկսեց իր ասածների հակառակն անել։ Ժողովուրդն այդպես էլ չհասցրեց հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ ԱԺ դարպասները ոչ միայն նորից փակվեցին, այլև զոդվեցին, իրենց սիրելիի հետ հանդիպումների ժամանակ չգիտես որտեղից հայտնված անհասկանալի դեմքերը սկսեցին հրահանգել «ծա՛փ տվեք, արա՛», իրենք էլ, թեև առանց կաշառքի գնում էին ընտրությունների, բայց իրենց ընտրությունն «անցնում էր» միայն այն դեպքում, եթե ընտրում էին Նիկոլի ուզած մարդուն, իսկ եթե ուրիշին էին ընտրում՝ սա անմիջապես հանցագործ էր հռչակվում ու հայտնվում ճաղավանդակների ետևում։ Այդպես եղավ Վանաձորում, Ալավերդիում, բազմաթիվ այլ համայնքներում, իսկ Երևանում ընդհանրապես քաղաքապետ դարձավ մեկը, ով ոչ մի տրամաբանությամբ այդ պաշտոնին հավակնել չէր կարող։

Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա հանկարծ պարզվեց, որ իրականում ոստիկանական մահակներով մարդկանց ջարդելը լավ էլ լեգիտիմ է, ավելին՝ մահակավորների թիվը պիտի կրկնապատկել ու պարգևավճարներ տալ, մարդու թևերը ոլորել տալն ու երեսին թքելը որևէ կերպ մարդու իրավունքների ոտնահարում չէ, իսկ «պադավատապետության» շարասյունով հղի կնոջը վրաերթի ենթարկելու և սպանելու մեջ հանցակազմ չկա։ 

Բայց քանի որ նման «անցանկալի միջադեպերը» տեղի էին ունենում միայն երբեմն-երբեմն ու շատ արագ էլ մոռացվում, իսկ Նիկոլը բանավոր ընթացակարգով իրենց սեր էր խոստանում ամենօրյա ռեժիմով՝ հնարքը հաջողությամբ աշխատում էր։

Մարկ Նշանյան

Շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   3703 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ