...

Պոպուլիստները նոր թեմա ունեն

Պոպուլիստները նոր թեմա ունեն

Հայաստանը, ըստ հեղինակավոր Freedom House-ի, քայլեր է ձեռնարկել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, սակայն դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց. տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանը։ Մինչդեռ մարտի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «․․․Կարող ենք արձանագրել, որ 2021 թվականին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ժողովրդավարական երկրների, պայմանական ասած, բարձրագույն լիգա»։

Ինչպես տեսնում ենք՝ բարձրագույն լիգայից շատ հեռու ենք, բայց դե Փաշինյանը, իր ոճին հավատարիմ, ասում է բաներ, որոնք փաստարկելի չեն։ Ի դեպ՝ Freedom House-ը դրական փոփոխություն է որակել հատկապես 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ըստ փորձագետների՝ կարգավորել են հետպատերազմական քաղաքական ճգնաժամը։ Եվ եթե դրսի համար այդ ճգնաժամը հաղթահարված է կամ գոնե տեսանելի չէ, ապա քաղաքական ճգնաժամը այդ ընտրություններով ոչ թե կարգավորվել է, այլ մի բան էլ խորացել է։ Հասարակությունը բացարձակ մասնակցություն չունի երկրի կառավարմանը, իշխանությունը չի վերահսկվում քաղաքացիների կողմից, ընդդիմության լեգիտիմությունը կասկածելի է։ Սրան գումարվում են Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները, և քաղաքական ճգնաժամն իր ողջ հմաքով թակում է մեր դուռը։ Առհասարակ, մինչ թավշյա հեղափոխությունը այս կառույցի և առհասարակ միջազգային կառույցների այսօրինակ զեկույցներն իսկական իրադարձություն էին դառնում քաղաքական օրակարգ խմորող բոլոր օղակների, այդ թվում՝ լրագրողների համար։ Այդ զեկույցները շաբաթներով շարունակում էին մնալ լրահոսի հիթ շքերթում։ Հիմա դրանք այլևս անկարևոր են դարձել, որովհետև դրսի չափումներն այլ են, իսկ ներսում շատերը մտածում են, որ սխալվել են՝ կարծելով, թե երկրի ժողովրդավարացումը կարող է բերել անվտանգային խնդիրների ցանկալի լուծման։ Կոնկրետ մեր օրինակով հակառակն է ապացուցվում։ Մեր գլուխը շոյում են, թե ապրեք, ժողովրդավարական ընտրություններ եք արել ու ավտորիտար ռեժիմ ունեցող երկրից վերածվել եք հիբրիդային ռեժիմով երկրի։ Եվ ի՞նչ։ Ի՞նչ է այն մեզ տվել։ Բառացիորեն՝ ոչինչ։ Ուրեմն կասկածե՞նք այն ճշմարտություններին, որի համար պայքարել ենք, ընկերներ ենք կորցրել, որի համար մարդիկ բանտերում են եղել, աշխատանք են կորցրել, ունեզրկվել են, ի վերջո՝ թողել հեռացել են։ Ոչ՝ իհարկե։ Բայց այս պահին նմանօրինակ զեկույցները կարող են ուրախացնել միայն թեթևսոլիկներին ու պոպուլիստներին, որոնք առաջիկա կառավարության կամ ԱԺ նիստում անպայման կխոսեն այս զեկույցից։

Գոհար Վեզիրյան   

ՎԱՐԿԱՆԻՇ

   1181 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ