...

Դ. Շահնազարյան. Ս. Սարգսյանը համակարգ է ներդրել կոռուպցիոն բաղադրիչներ

Դ. Շահնազարյան. Ս. Սարգսյանը համակարգ է ներդրել կոռուպցիոն բաղադրիչներ

4rd.am-ը շարունակում է ներկայացնել ԱԱԾ նախկին պետ, ՀՀՇ-ի վարչության նախկին անդամ, «21-րդ դար» կուսակցության նախկին նախագահ, ՀՀԿ ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի տեսակետները: Նախորդ անգամ հրապարակել էինք նրա մեղադրանքները Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ: Ծանր մեղադրանքներ էին, նույնիսկ մարտի 1-ի գործով Քոչարյանը նման հանցագործությունների մեջ չի մեղադրվել:

Այս անգամ ներկայացնում ենք, թե ինչ է ասել Դ. Շահնազարյանը Սերժ Սարգսյանի մասին: Այն Սերժ Սարգսյանի, որի ղեկավարած կուսակցության ցուցակով ԱԱԾ նախկին պետը մասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

Եվ այսպես, Դավիթ Շահնազարյանը՝ Սերժ Սարգսյանի մասին:

«1994-95թթ. ԱԱԾ-ն ղեկավարած Դ. Շահնազարյանը անդրադարձավ օրերս Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի արտահայտած մտքին, թե երբ ինքը 1995 թվականին գլխավորեց նախարարությունը, այնտեղ վատ վիճակ էր, քանի որ շատ պրոֆեսիոնալներ դուրս էին մնացել համակարգից: «Սերժ Սարգսյանի և իմ պատկերացրած պրոֆեսիոնալները միմյանցից տարբեր բաներ են: Երբ ես նշանակվեցի ԱԱ-ի ղեկավար, հրամանագրով ինձ հանձնարարված էր ատեստացիա անցկացնել բոլոր աշխատակիցների շրջանում, նոր կառուցվածք ստեղծել և գործունեության իրավական դաշտի փաստաթղթեր ստեղծել, ինչը տեղի ունեցավ: Դա կատարվեց 1994 թվին: Մինչ այդ կառույցը չէր համապատասխանում նորանկախ ՀՀ-ի պահանջներին: Ես այդ ծառայությունից դուրս վռնդեցի Հրաչիկ Հարությունյանին և նրա նմաններին, ձեզ հայտնի Կրակեմ Հրաչիկին, կգբ-ական մեթոդներից այլ մեթոդներ չընդունողներին, որոնք չէին համապատասխանում անկախ երկրին»:

Դավիթ Շահնազարյանը նշեց, որ իր հեռացրածներն են Սերժ Սարգսյանի պրոֆեսիոնալները, որոնց վերջինս կրկին վերականգնել է ԱԱԾ-ում.

«Այն մարդիկ, ովքեր պետք չէին նորանկախ Հայաստանին, պետք էին Սերժ Սարգսյանին»: Շահնազարյանը նաև նշեց, որ նույն Հրաչիկ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանի մյուս «պրոֆեսիոնալները» 1998 թվից վերացնում են 1988թ. շարժման ձեռքբերումները. «Նրանք «Ղարաբաղ» կոմիտեի հետապնդողներն են եղել, ինձ և մյուսներին ձերբակալողները այսօր ղեկավարում են ԱԱԾ-ն: «Ղարաբաղ» կոմիտեի քննիչ Աղվան Հովսեփյանն այսօր ղեկավարում է ՀՀ Գլխավոր դատախազությունը: Նրանց նպատակն է ոչնչացնել Արցախյան շարժման նվաճումները»: Բացի այդ, ըստ Դավիթ Շահնազարյանի, Սերժ Սարգսյանը նաև համակարգ է ներդրել կոռուպցիոն բաղադրիչներ, ինչպես Արմեն Ավետիսյանն ու նմանները, և այդպիսով փաստացի սկսել է նախապատրաստել 1998 թվականի հեղաշրջումը:

Դ. Շահնազարյանը հիշեցրեց, որ իշխանության յուրացումը Սահմանադրության դրույթներով ամրագրված միակ հանցագործությունն է, այսինքն` ամենածանրն է և մեծագույնը: Դրա, մասնավորապես մարտի 1-ին խաղաղ քաղաքացիների սպանության անմիջական պատասխանատու և մեղսակից է նաև Ազգային Ժողովն` իր նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Նա որպես այդ մեղսակցության օրինակ է համարել այն, որ խորհրդարանը հաշված րոպեների ընթացքում քվեարկեց իրենց գործընկեր, Համաժողովրդական շարժման կողքին կանգնած պատգամավորների կալանավորման օգտին, ինչպես նաև հաշված րոպեների ընթացքում քվեարկեց ապօրինի արտակարգ դրություն հաստատելու օգտին: Դավիթ Շահնազարյանը նշեց նաև, թե չեն նկատում տեղի ունեցածի բացահայտման հարցում Սերժ Սարգսյանի գործողությունների համարժեքություն, ճկունություն, և եթե Սարգսյանն այդպես շարունակի, ապա ըստ Շահնազարյանի, թերևս նա էլ հայտնվի Հաագայի դատարանի արժանավորների ցանկում:

Դ. Շահնազարյանը անդրադարձավ վերջին օրերին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած դեպքերին` դրանք գնահատելով իշխանությունների հերթական սադրանքներ, որոնք իրականացվում են հանցագործ տարրերի կողմից: Խոսելով առանձին դեպքերի, մասնավորապես Վահրամ Սահակյանի հարբած և զենքով Հյուսիսային պողոտայում հայտնվելու մասին` նա ասաց. «Կենտրոնի ոստիկանությունը պարտակում է այդ հանցագործությունը, որը ահաբեկչություն է: Կենտրոնի ոստիկանապետը հրաժարվեց ոստիկաններ և քննիչներ ուղարկել դեպքի վայր` պատճառաբանելով, որ վկաները պետք է այցելեն ոստիկանություն, ինչը օրենքի կոպիտ խախտում է»: Եթե այս հանցագործությունը չպատժվի, ապա Դավիթ Շահնազարյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ դրա պատվիրատուն Սերժ Սարգսյանն է»: Ամփոփելով երկրում տիրող իրավիճակը` նա մեկ բառով ասաց. «Իշխանությունը յուրացված է», «ՉԻ», 15.07, 2008թ.

«Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ տարածքներ հանձնվել են Ադրբեջանին, իրականություն է, որը հետագայում բոլորի համար ակնհայտ դարձավ: Այդ ամենը կատարվել է, որպեսզի հիմնավորվի մեր տարածքի խորքից երկրորդ ճանապարհի կառուցումը, և այդ ճանապարհի շինարարության համար մեծ գումարներ ձեռք բերվեն արտասահմանից: Որպեսզի այդ գումարները իշխանությունները տնօրինեն: Սա կոռուպցիայի դասական օրինակ է: Դա կատարվել է, դա փաստ է, դրա համար նույնպես պատասխան են տալու:

Երբ այդ տարածքների վերաբերյալ ես հայտարարություն արեցի, պաշտպանության նախարարությունը հերքեց դրա իրողությունը և պատրաստակամություն հայտնեց կազմակերպել ուղևորություն այդ շրջանները՝ լրագրողների մասնակցությամբ: Ես հենց նույն օրը պատասխանեցի, որ միշտ պատրաստ եմ դրան: Սակայն ես այդպես էլ որևէ առաջարկություն չստացա ՊՆ-ից: Որից հետո Սերժ Սարգսյանը իրեն բնորոշ, քաղաքավարության նորմերից դուրս որոշ արտահայտություններ թույլ տվեց: Սակայն փաստը մնում է փաստ. ստախոսությունը այս իշխանությունների գործելաոճն է արդեն 6 տարի շարունակ», «ՉԻ», 27.04, 2003թ.:

«Վարշավայում տեղի է ունեցել ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողովը։ Անդամ երկրների շարքում է նաև Հայաստանը և այնտեղ ընդունվեց մի փաստաթուղթ, որի մասնակիցները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը, պատասխանատվություն են վերցնում, որ պետք է շարունակեն զարգացնել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքի և օրենքի գերակայությունը։ Այդ փաստաթուղթը դեռ չէր տարածվել մամուլում, և Սերժ Սարգսյանը ժամանեց Երևան և 2 գործողություն կատարեց։ Առաջինը` ընդօրինակելով Ադրբեջանին և Թուրքիային` բլոկադայի ենթարկեց մայրաքաղաք Երևանը, և ըստ իս` մայրաքաղաքի բլոկադան շատ ավելի խիստ և ավելի անանցանելի է, քան այն բլոկադան, որն իրականացնում են Ադրբեջանը և Թուրքիան։ 

Երկրորդ` այդ փաստաթղթով նա նաև հանձն էր առել, որ Հայաստանում պետք է լինի ազատ տնտեսություն, ազատ բիզնես։ և ընդամենը ժամեր անց ժամանելով Երևան` նա փակեց Ազատության հրապարակի շրջակայքի բոլոր սրճարանները, ռեստորանները։ և սրանից հետո պիտի ասեն, որ Հայաստանում կա ազատ բիզնե՞ս։ Սրանից ավելի վառ ապացույց գոյություն չունի։ և եթե ԵՄ-ն և Բրյուսելը համապատասխան արձագանք չտան, ապա դա ապացուցում է, որ ԵՄ-ին ձեռնտու չէ Հայաստանում ունենալ օրինական իշխանություն, ժողովրդավարություն», 06.10.2011թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   6491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ