...

Ձայն բազմաց, հուժկու ապտակ

Ձայն բազմաց, հուժկու ապտակ

ՀՀ ԱԳ առաջին նախարար, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նամակում մասնավորապես ասված է. «Մենք, ամենայն բարյացակամությամբ ակնկալում ենք, որ Թուրքիան... վերադարձնի ձեր մեկ ազգության մյուս պետությունում պահվող բոլոր ռազմագերիներին` զինվորական և քաղաքացիական... երաշխավորի, որ ձեր մեկ ազգության մյուս պետությունը ԵԱՀԿ հովանու ներքո կվերսկսի քաղաքակիրթ բանակցությունները Արցախի Հանրապետության` պատշաճ ընտրված իշխանությունների հետ` հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորման համար:

Սա է, պարո՛ն, ճանապարհը դեպի երկարաժամկետ խաղաղություն և արժանապատվություն: Նվաճումը և ժխտումը, ԱԹՍ-ները և բայրաքթարները կարող են տալ մեկ օրվա, մեկ տասնամյակի, մեկ դարի արժեզուրկ մարդկային մեծարանք: Բայց անարդարության և կեղծիքի վրա հառնած տերությունը ի վերջո խորտակվում է: Աստված մահմեդական չէ, կամ քրիստոնյա կամ հուդայական:

Ետքայլ արեք, մա՛րդ արարած, ճակատամարտը դեռ պատերազմ չէ»:

«ՉԻ». Որ 1988թ. Ղարաբաղյան շարժումը նոր էր սկսվել, արդեն հանրահավաքներ, բողոքի ակցիաներ էին անցկացվում, ավելի ուշ սկսվեց Անկախության հռչակման գործընթացը, մարդկանց մի շերտ կար, որոնք այդ ողջ ընթացքում մենակ մի բանով էին զբաղված. բաց նամակներ գրելով:

Գրում էին Գորբաչովին, Լիգաչովին, Լուկյանովին, Մակաշովին, Սաֆոնովին, Պոլյանիչկոյին, հետո արդեն մի քիչ էլ հասցեատերերի դիապազոնը մեծացավ, սկսեցին գրել տարբեր երկրների ղեկավարներին, հայտնի դեմքերին:

Պատմաբանների խումբ էլ կար, որոնք ամեն շաբաթ նամակ էին հրապարակում՝ ուղղված, օրինակ, ինչ-որ մի հատ ադրբեջանցի պատմաբան Զիա Բունիաթովի: Ու բոլոր այս տեքստերը գրվում էին նույն հռետորաբանությամբ, ինչ որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն է գրել: Դասեր էին տալիս, բարոյականություն էին խրատում, խելք էին սովորեցնում, անարգանքի սյունին էին գամում: Մի խոսքով, հայրենանվեր գործ էին անում: 

Արդեն Անկախություն ձեռք բերեցինք, պատերազմ սկսվեց, բազմաթիվ մարտահրավերների առջև էինք կանգնած, որոնք պրակտիկ որոշումներ էին պահանջում, մեկ է, այս խավը շարունակում էր նամակախեղդ անել աջ ու ձախ:

Գրում էին՝ շատ լավ իմանալով, որ ում իբր ուղղված էր նամակը, նա չէր կարդալու, նույնիսկ տեղյակ էլ չէր լինելու, որ իրեն բան են ասել: Նման ճոռոմ նամակները զուտ ներքին լսարանի համար էին: Գործնական առումով՝ զրո նշանակություն: Ուզում ես, ամեն օր նամակ գրի:

Ավելի քան 30 տարի պետություն ստեղծելու ու այն պահելու, զարգացնելու փոխարեն ահա այսպիսի նամակագրությամբ էին զբաղված: 

Լավ հոդված է գրել Րաֆֆի Հովհաննիսյանը, գեղեցիկ շեշտադրումներով ու սրտաճմլիկ խոսքերով: Լացներս եկավ: Մնում է՝ Էրդողանը ամոթից գետինը մտնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1178 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ