...

1. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ քաղաքական կոռուպցիա

1. Պատուհասապետության հաջողության նախադրյալները․ քաղաքական կոռուպցիա

Հայաստանում ըստ էության գրեթե բոլորը համոզված են, որ մեր այսօրվա վիճակի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է ու նրա փնթի, ապաշնորհ կառավարումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ փլուզումը կամ առնվազն դրա վճռական փուլը սկսվել է 2018-ի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ»։ Բայց ինչո՞ւ տեղի ունեցավ այդ «հեղափոխությունը», որո՞նք էին այն նախադրյալները, որ մի քանի տասնյակ արկածախնդիրների հնարավորություն տվեցին հաշված օրերի ընթացքում փողոց հանել հարյուր հազարավոր մարդկանց ու փլուզել իշխանական համակարգը։ Այս հոդվածաշարում մենք կփորձենք մեկ առ մեկ ներկայացնել այդ նախադրյալները՝ ոչ այնքան պետականության փլուզման վճռական փուլը մոտեցնելու մեղավորներին մատնացույց անելու, որքան առկա իրողություններն ավելի իրատեսորեն գնահատելու նպատակով։

Եվ այսպես, սկսենք թերևս ամենակարևորից․ քաղաքական կոռուպցիա։

2018-ի «հեղափոխությանը» նախորդած մոտ 20 տարիների ընթացքում Հայաստանում արվում էր ամեն ինչ՝ քաղաքական դաշտը վարկաբեկելու և հանրային գիտակցության մեջ «քաղաքականությունն անբարոյականություն է» միտքն արմատավորելու համար։ Թե ինչու՝ հասկանալի է․ չկան վստահելի քաղաքական ուժեր՝ չկա նաև ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն։ Կեղծ ընդդիմության («հաճախորդների») ինստիտուտի ներդրման նպատակը հենց դա էր, և արդեն 2003 թ․ նախագահական ընտրություններում այդ մեխանիզմը ցույց տվեց իր արդյունավետությունը։ Քոչարյանը չկարողացավ առաջին փուլում հաղթել Ստեփան Դեմիրճյանին, բայց որպես արմատական ընդդիմադիր ներկայացող Արտաշես Գեղամյանն իր ստացած մոտ 17 տոկոս ձայներով ոչ միայն պառակտեց ընդդիմադիր դաշտը և մեծ ծառայություն մատուցեց Քոչարյանին, այլև հանրության զգալի հատվածի մոտ սասանեց հավատը քաղաքական ուժերի և ընդհանրապես քաղաքականության նկատմամբ։ 2008 թ․ նախագահական ընտրությունների ժամանակ նույն դերակատարումը ստանձնեց արդեն Արթուր Բաղդասարյանը՝ զարմանալի զուգադիպությամբ գրեթե նույն 17 տոկոս ձայն պոկելով ընդդիմության հիմնական թեկնածուից։ Իսկ ահա 2013-ին «հաճախորդների» կարիքը երևի արդեն չկար էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր թեկնածուի համար ռեկորդային 30 տոկոս ստացավ, բայց հենց ինքն էլ «գնաց աղոթելու»։ 

2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավիճակն արտաքուստ փոքր-ինչ այլ էր, բայց ընդհանուր տրամաբանությունը նույնն էր։ Պարզապես հիմնական ընդդիմադիրն արդեն դեռևս 2015-ին «քաղաքականության էջը փակած» Ծառուկյանն էր, իսկ «հաճախորդի» դերը ստանձնեց չգիտես որտեղից հապճեպ կցած-կցմցած «Ելք» դաշինքը, որի առաջնորդը, նկատենք, ավելի վաղ հրաժարվել էր մասնակցել սահմանադրական փոփոխությունների դեմ ընդդիմության պայքարին։

Այսպիսով՝ «հեղափոխության» նախօրեին Հայաստանում «գաղջ մթնոլորտ» էր, քաղաքական որևէ ուժի նկատմամբ վստահություն չկար, հետևաբար՝ չկար նաև հույս, որ հնարավոր է «գաղջից» ազատվել ընտրությունների միջոցով։ Մեղավորը, հասկանալի է, ոչ միայն իշխանություններն էին, այլև «իշխանություններ-հաճախորդներ» համակարգի բոլոր մասնակիցները, բայց փաստն այն է, որ եթե կա փոփոխությունների անհրաժեշտության գիտակցում, բայց ընտրությունների վրա հույս դնել հնարավոր չէ՝ մնում է միայն «գըմփ-գըմփ-հու»-ն։ Իսկ նման իրավիճակներից, որպես կանոն, լավագույնս օգտվում է նա, ով ոչ մի «իզմ» ու ներքին արգելակ չունի, և ով առաջինն է հասկանում, որ իշխանությունն իսկապես փողոցում գցած է։

Առաջ անցնելով նկատենք, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակեց քաղաքական ուժերին «փչացնելու» և սեփական «հաճախորդներ» կերտելու քաղաքականությունը, բայց սա արդեն այլ թեմա է։

Մարկ Նշանյան

Շարունակելի

Читать на русском

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ