...

Էդ էի՞ր ուզում

Էդ էի՞ր ուզում

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է. «Իշխանական կերակրատաշտակին կպած որոշները, ջանասիրաբար փորձում են աղավաղել երեկվա ասուլիսում իմ արտահայտած մի մեծ մտահոգություն:

Մտահոգությունը, որն արտահայտել եմ, եղել է մինչև ՀՀ կողմից տվյալ մեղադրանքի հերքումը: Իմ ասելիքն այն էր, որ շատ վատ է, որ Հայաստանին դաշնակիցը մեղադրում է իր դեմ ուղղված տեռորիստական ակցիային անուղակիորեն ներգրավված լինելու մեջ: Թե ով ի՞նչ է հասկացել` իր մտավոր կարողությունների (դեբիլիզմի) խնդիրն է: Դա ինձ չի հետաքրքրում»:

«ՉԻ». Արտակ Զաքարյանն այս գրառմանը կցել էր նաև աղմկահարույց ասուլիսի՝ թեմային վերաբերող հատվածի տեսագրությունը: Հատուկ նայեցինք, ՊՆ նախկին փոխնախարարը բառացիորեն ասում է հետևյալը. «Պարզվեց նաև, որ Հայաստանն արդեն նաև տեռորիստական գործողությունների է մասնակցում՝ Ղրիմի կամուրջ պայթեցնելով»: Այսինքն՝ իսկապես ասել է այն, ինչը հիմա անխնա տարածում են: Հնարավոր է՝ այլ բան է ցանկացել ասել, խոսքի ենթատեքստը ուրիշ է եղել, բայց ստացվել է այնպես, ինչպես ստացվել է: Որևէ խոսք չկա այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին մեղադրում է, բայց հարցը դա չէ: 

Ժամանակին Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Տելե Սանտանան մի խելոք բան էր ասել. «Բրազիլիայի հավաքականն ունի 11 խաղացող և 150 միլիոն մարզիչ»:

Հայաստանում, եթե ընդունենք, որ 3 մլն բնակիչ կա, ուրեմն, իմացեք, որ ունենք 3 միլիոն քաղաքագետ, եթե Ղրիմի կամուրջ են պայթեցնում, ուրեմն՝ 3 միլիոն Շերլոկ Հոլմս ունենք, մի խոսքով՝ նայած, թե ինչ թեմա է: Իմիջիայլոց, մենք բազմաթիվ մարդկանց գիտենք, հայտնի մարդկանց, որոնք նույն օրվա մեջ մեկնաբանում են Հայաստանի հավաքականի խաղը, ռուս-ուկրաինական պատերազմը, Տեսլայի կոնցերնի արժեթղթերի տատանումները, սահմանում հայկական դիրքերի ամրապնդման հետ կապված խնդիրները, Իրանում ընթացող հուզումները և այլն: 

Արտակ Զաքարյանն էլ տվյալ դեպքում ոչ թե որպես նախկին փոխնախարար, քաղաքական գործիչ, պատգամավոր է խոսել, այլ որպես ծանր հանցագործություն բացահայտած քննիչ, որը միանգամից հալած յուղի տեղ է ընդունել Ռուսաստանի իրավապահ մարմինների հայտարարությունը, երբ այս խնդրով նոր-նոր գործ է հարուցվել, հետաքննությունը նոր է սկսվել: Կարելի էր խուսափել այդ գնահատականներից, սպասել, մինչև գոնե մի թեթև պարզություն մտցվի, թե Հայաստանը Ղրիմի կամրջի պայթեցման գործում ինչ դեր է ունեցել, և ունեցե՞լ է արդյոք, նոր դրանից հետո մեկնաբանություններ տալ: 

Իսկ այսպես ստացվեց, որ ինքը Հայաստանին մեղադրում է ահաբեկչության մեջ, ադրբեջանցիներն էլ դա իրենց լրատվամիջոցներում տարածում են, այստեղ բոլոր իշխանամետներն են դա տարածում, դե գնա, թացն ու չորն իրարից տարբերի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   482 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ