...

Մուննաթ եկեք ձեր ղեկավարների վրա

Մուննաթ եկեք ձեր ղեկավարների վրա

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրել է. «Մեր ժողովուրդը՝ շատ հետաքրքիր ժողովուրդ է։ Ընտրում է կապիտուլյանտին, հետո ընդդիմության ու «մերժված նախկինների» վրա մուննաթ գալիս, թե հասեք, փրկեք, չեք տեսնո՞ւմ, որ նիկոլը կործանում է Հայաստանը»:

«ՉԻ». Որ մեր ժողովուրդը հետաքրքիր ժողովուրդ է, 3000-ամյա փաստ է: Բայց այս ընդդիմությունն ավելի հետաքրքիր է: Որ այս իրավիճակի համար մուննաթ է գալիս ժողովրդի վրա: 

Նախ՝ ինչ-որ չենք տեսել, որ ժողովուրդն այս ընդդիմությանը խնդրեր, թե հասեք, փրկեք Հայաստանը: Փոխարենը Հայաստանը փրկելու առաջարկով այս ընդդիմությանը դիմել էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեծ հաշվով, Առաջին նախագահի առաջարկը երկիրը փրկելու, իրավիճակը կայունացնելու ճանապարհային քարտեզ էր: Քայլ առ քայլ ներկայացրել էր, թե ինչ պետք է արվի:

Առաջարկել էր, չէ՞, միասնական դաշինքով հանդես գալ: Երկրի բոլոր նախկին ղեկավարներով: Համատեղել ուժերը՝ համարելով, որ դա միակ ձևն է այս իշխանություններին լուրջ այլընտրանք լինելու: Ու որպեսզի ժողովրդի մոտ կասկած չառաջանա, որ նախկինները վերադառնում են, դա էլ էր առաջարկել, որ նախկին ղեկավարներից ոչ ոք իշխանության չպետք է գա, պետական բարձր պաշտոններ չպետք է զբաղեցնի՝ դա թողնելով տեխնոկրատներին, նոր դեմքերին և այլն:

Այդ առաջարկը մերժել եք: Առաջին հերթին սա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որը մերժեց բոլոր կառուցողական առաջարկները, քանի որ իրեն «без 5-и минут» հաղթանակած էր երևակայում: Մերժեցի՞ք. մերժեցիք: Առանձին-առանձին մասնակցեցի՞ք ընտրություններին. մասնակցեցիք: Պարտվեցի՞ք. պարտվեցիք: Ստացա՞ք այն, ինչ ստացաք. ստացաք: Երկրի իրավիճակը դրանից լավացա՞վ. չլավացավ: Բա էլ ի՞նչ եք մուննաթ գալիս ժողովրդի վրա: Ձեր և ձեր ղեկավարների վրա մուննաթ եկեք, որ այսպիսի պատկեր ունենք: Լավ է, էլի, ով ինչ անհաջողություն է ունենում, անմիջապես ժողովրդին է մեղադրում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1125 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ