...

․․․Երանի հալածյալներին, զի նրանք քաղաքական ապաստան կստանան

․․․Երանի հալածյալներին, զի նրանք քաղաքական ապաստան կստանան

Արտաշատում «կուսակցական ակտիվի» հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն համեմատեց Հիսուս Քրիստոսի, իսկ ՔՊ-ականներին՝ նրա հետևորդների ու աշակերտների հետ, և երանի տվեց նրանց, որ «իր պատճառով պիտի հալածվեն ու քարկոծվեն»։ Հասարակությունն էլ բաժանվել է երկու մասի․ մի մասը «ղժժում է» Նիկոլի վրա, մյուս մասը՝ հայհոյում։ Լուռ են միայն ՔՊ-ական «առաքյալները», որովհետև սուսուփուս նստած հաշվում են, թե արդյո՞ք «հալածվելու և քարկոծվելու» դիմաց բավարար նյութական փոխհատուցում են ստանում, և որքանո՞վ է հալածյալ լինելը ձեռնտու կոմերցիոն տեսանկյունից։

Իրականում ոչ մի պրոբլեմ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ ընդամենը շարքային քաղաքացի։ Աշխարհի բոլոր հոգեբուժարանները լի են Հիսուսներով ու Նապոլեոններով, իսկ ամենալավը դա նկարագրել է քաջարի զինվոր Շվեյկը․ «Այնտեղ յուրաքանչյուրը կարող էր դուրս տալ ինչ խելքին փչեր, ինչպես պառլամենտում․․․ Ամենից կատաղին այն պարոնն էր, որն իրեն համարում էր Օտտոյի գիտական բառարանի 16-րդ հատոր․․․ Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանար»։ Բայց երբ այդպիսի հոգեկան շեղումներով մեկը զբաղեցնում է պետության ղեկավարի պաշտոնը՝ դա արդեն ծիծաղելի չէ։ Բարկանալն ու հայհոյելը նույնպես տեղին չեն։ Պետք է ընդամենը արձանագրել, որ կա լրջագույն պրոբլեմ, և այդ պրոբլեմը պետք է շատ արագ ինչ-որ կերպ լուծել։ Ինչու՝ որովհետև այդ մարդը լրջորեն հավատում է իր մտասևեռումներին ու դա դնում պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմքում, և արդյունքում Հայաստանն է վերածվում հոգեկան շեղումներ ունեցող երկրի։

Ինչպե՞ս է դա արտահայտվում կոնկրետ մեր դեպքում։ Նիկոլ Փաշինյանն իբր ինքն իր մասին է խոսում, բայց քանի որ իրեն նույնացնում է Հայաստանի հետ՝ փաստացի հենց Հայաստանի մասին է խոսում։ Ու ոչ միայն համարում է, որ Հայաստանն ամեն կողմից հալածվում է, որովհետև խաղաղության է ձգտում, այլև «ճշմարիտ ճանապարհ» է համարում, որ բոլորի կողմից անիրավացիորեն հալածված Հայաստանը պիտի «քաղաքակիրթ աշխարհի փրկության համար» խաչվի, մահանա ու հետո հարություն առնի, հալածողներն էլ (թուրքերը, ռուսները, Արևմուտքը) պիտի «դառնորեն զղջան» ու դարձի գան։ 

Բայց երկնային արքայությունը մարդկանց համար է, և ոչ թե պետությունների։ Պետությունները ոչ թե երկնքում են գոյություն ունենում, այլ երկրի վրա, միջազգային հարաբերություններն էլ բոլորովին այլ տրամաբանությամբ են կառուցվում։ Այդ տրամաբանությունը շատ հստակ է՝ պետությունները պիտի ամեն ինչ անեն սեփական շահերը պաշտպանելու համար, ձգտեն հզորանալ, պետության ղեկավարն էլ իրավունք չունի ասել «դե հա, հայ ժողովուրդն, իհարկե, չի վերանա, բայց Հայաստանը, որպես պետություն, կարող է վերանալ»։ Իսկ հզորանալու կամ գոնե բարդ իրավիճակներից հնարավորինս անվնաս դուրս գալու համար պետությանը ոչ թե ինքնազոհաբերման պատրաստակամություն է պետք, այլ խելք, տարրական ողջամտություն։ Մի բան, որն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի հիվանդագին մտասևեռումների հետ։ 

Մի խոսքով՝ Հայաստանին պետք են նորմալ իշխանություններ, որոնք աշխարհի հետ կհարաբերվեն աշխարհում ընդունված կանոններով։ Եվ ոչ թե աննախադեպ տխմարությամբ մի ամբողջ ժողովրդի կդարձնեն սգավոր ու հետո մեղմ ժպիտով կասեն «երանի սգավորներին, զի նրանք մխիթարություն կգտնեն»։ Ընդ որում՝ անձամբ իրենք հաստատ հույս ունեն «մխիթարություն գտնել» ոչ թե երկնքի արքայությունում, այլ երկրի վրա՝ ինչ-որ տաքուկ անկյունում քաղաքական ապաստան ստանալով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1647 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ