Չարժե հույսը դնել նրա վրա, որ «իշխանությունների ներսում է՛լ կան լուրջ, գիտակից մարդիկ, որոնք տեսնում և հասկանում են, թե ինչ նորանոր աղետներ է բերում Նիկոլ Փաշինյանը, և ինչ-որ պահի այդ մարդիկ դուրս կգան իրենց պատուհաս-շեֆի դեմ»։ Նիկոլ Փաշինյանը գործում է բանդաների կամ լրտեսական ցանցերի պարագլուխների հայտնի սկզբունքով, երբ, օրինակ, շարքային անդամին ստիպում են վկաների ներկայությամբ մարդ սպանել, որից հետո նա արդեն փախչելու տեղ չի ունենում ու ստիպված՝ մինչև վերջ հավատարիմ է մնում շեֆին, որովհետև վերջինիս բռնվելու դեպքում ինքը չի կարողանալու խուսափել ծանրագույն պատժից։ Դա է պատճառը, որ նա թիմակիցներին ստիպում է հրապարակավ պաշտպանել իր ցանկացած պետականաքանդ ձեռնարկ, ընդ որում՝ օգտագործելով նույնիսկ ավելի այլանդակ բառապաշար, քան իրենն է։ Ու ի՞նչ պիտի անեն լինգվոթրաֆիքինգի ենթարկվող այդ ուսապարկերը։ Կամ պիտի ընդվզեն և պատժվեն հիմա, կամ հնազանդվեն շեֆին և հույս ունենան, որ հետագա անխուսափելի պատիժը հնարավորինս կուշանա։ Բնականաբար՝ ընտրում են երկրորդ տարբերակը, առավել ևս՝ որ դրա համար նաև առատորեն վարձատրվում են։
Հասկանալի է, որ նրանք, որպես կանոն, իրենց այդ պահվածքը բացատրում են «հանուն ինքնիշխանության պայքարով», «լեգիտիմ իշխանություններին սատարելու սկզբունքային որոշմամբ» և այլն։ Ավագ սերունդը լսած կլինի՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Ծերեթելիի վրա Ջուլիկ անունով մի մարմնավաճառ էր աշխատում, որն իր զբաղմունքն արդարացնում էր «բնածին ազատատենչությամբ» և մարդասիրական մղումներով, իսկ գումարն էլ իբր վերցնում էր զուտ այն պատճառով, որ սկզբունքորեն կողմ է լիբերալ տնտեսակարգին։
Բայց ՔՊ-ականների մեջ ավելի անկեղծ մարդիկ էլ կան։ Իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, օրինակ, այլ արդարացումներ է բերում։ Լրագրողը հարցնում է՝ ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ է պայքարել իշխանությունների դեմ, Դուք էլ միացել եք նրան, հիմա ի՞նչ, ասեին ռազմական հեղաշրջո՞ւմ եք անում, սա էլ պատասխանում է՝ «այ, տեսաք ինչ եղավ, կոտորվեց ժողովուրդը, այնպես որ՝ նորմալ ընթացք է, մի մեղադրեք մեզ» («Հրապարակ», 28․ 06․ 2025)։ Հասկացա՞ք։ Մարդը ասում է՝ այո, մենք այդպիսի ղալաթ ենք արել, հեղաշրջում ենք արել, արդյունքում՝ ժողովուրդը կոտորվել է, հիմա ուզում եք երկրում և՞ս մեկ անգամ նման բան լինի, հիմա մենք մեր բերած աղետը տեսնելով՝ թույլ չենք տալու, որ մեկ ուրիշը նույնն անի։ Նաև ավելացնում է՝ «դուք իմացեք, որ եթե 100 հազար մարդ էլ հելնի փողոց, Նիկոլ Փաշինյանը կգնա»։ Ահա այդպես․ մարդը, լինելով ուլտրանիկոլական, ժողովրդին է մեղադրում, որ դուրս չեն գալիս փողոց և չեն քշում իրենց պես պատուհասներին։
Սա նախապատրաստությունն է հետագայում Նիկոլ Փաշինյանի՝ բանտից կամ որևէ էկզոտիկ կղզուց հղելիք այն ուղերձի, թե «լա՛վ, ենթադրենք՝ ես հոգեկան հիվանդ էի, տգետ էի, դավաճան էի, բա դո՞ւք ինչու փողոց դուրս չէիք գալիս ու ինձ ռադ չէիք անում, չէ՞ որ անգամ իմ թիմակիցներն էին հուշում՝ 100 հազար մարդը հերիք է, հիմա ինչո՞ւ եք ինձ մեղադրում, ինքներդ ձե՛զ մեղադրեք»։
Մի խոսքով՝ Հայաստանի իրավիճակը հիշեցնում է հայտնի անեկդոտը, որտեղ ոստիկանները ծառի ճյուղին նստած «ուռած» ագռավին ասում են «իջի ցած», սա էլ ասում է «տղերք ջան, չեմ կարում իջնեմ, քարով խփեք՝ ընգնեմ»։ Հուսով ենք՝ այս անեկդոտը չի ընկալվի որպես ագռավին բռնությամբ տապալելու կոչ։
Մարկ Նշանյան