...

Երբ գլուխը ամեն ինչ է, բացի գլխից

Երբ գլուխը ամեն ինչ է, բացի գլխից

«Մարդիկ կան, ես կարծում եմ՝ իրենց գլուխներն են առհասարակ թմբուկի տեղ օգտագործում»,- հայտարարել է իշխող ուժի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անընդունելի համարելով, որ «պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն, դատավորին ասում են՝ թմբուկ զարկող»: 

Այո, մենք էլ ենք այդ կարծիքին։ Հատկապես, երբ ոմանց գլուխը իր ձևով և բովանդակությամբ հենց թմբուկ էլ հիշեցնում է։ Հաջորդ ասուլիսին Նիկոլ Փաշինյանը անպայման կպաշտպանի այս միտքը, կասի՝ Ալեքսանյանի ասածը կոնտեքստից մի կտրեք, համ էլ՝ գլուխ ունեցողները թող դա չվերցնեն իրենց վրա։ Այ, օրինակ, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի՝ կասի Փաշինյանը։ Նախադեպ ունենք, որ ասում ենք։ Հիշեցնենք, որ այս նույն պատգամավորը հունվարի 20-ին, Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ, անդրադառնալով քաղաքական ուժերի կամ գործիչների հետ ասոցացվող հեռուստաընկերությունների և առցանց հարթակների լրագրողների գործունեությանը, վերջիններիս անվանել էր «վերբալ մարմնավաճառներ»։ Մինչ մասնագիտական դաշտը հայտարարություններ էր անում Էթիկայի հանձնաժողովում քննության առարկա դարձնել պատգամավորի հայտարարությունները, հունվարի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, թե պետք չէ Ալեքսանյանի արած արտահայտությունները կոնտեքստից կտրել։ Հետո էլ հավելեց՝ նա բոլորովին այլ բան է ասել. «Նա բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել: Եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարություններն ինձ չէի վերագրի, եթե ես իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ»: Հիմա Վահագն Ալեքսանյանը ազնիվ ծառայում է իր կոչմանը։ Ուստի՝ մի կողմ թողնենք գլխի ձևն ու բովանդակությունը և սպասենք նոր, ավելի հետաքրքիր համեմատությունների:

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ