...

Էս էլ ու պրծ

Էս էլ ու պրծ

««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ խորհրդարանում լրագրողների հավատարմագրման կարգը փոխվելու է: Ըստ այդմ փոփոխությունները հեղինակել են երկու պատգամավորներ՝ նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը և Հրաչյա Հակոբյանը։ Քննարկվում է, թե որ լրագրողները կկարողանան մուտք գործել խորհրդարան, ում պետք է զրկել հավատարմագրումից, կամ ինչպիսի հավատարմագրման կարգ պետք է լինի ընդհանրապես:

Նշվում է, որ իշխանության ներկայացուցիչներն ամեն գնով փորձում են խստացնել խորհրդարան մտնելու կարգը՝ որոշակի չափանիշներ դնելով՝ թերթերի դեպքում՝ տպաքանակ, կայքերի դեպքում՝ դիտումներ»:

«ՉԻ». Իրականում այդ չափանիշները վաղուց են գործում. անհրաժեշտության դեպքում, եթե ԱԺ աշխատակազմը պահանջում է, լրատվամիջոցները ներկայացնում են իրենց թերթի տպաքանակը կամ կայքի դիտումները: 

Այնպես որ, հաշվի առնելով, որ այս խորհրդարանն արդեն հասցրել է լրատվամիջոցների և լրագրողների գործունեությունը սահմանափակող մի շարք քայլեր իրականացնել, բացառված չէ, որ դա քիչ են համարել, ու հիմա սահմանափակումների գոտին ավելի սեղմեն: Օրինակ՝ թույլ տան այն թերթերի լրագրողների մուտքը խորհրդարան, որոնց օրական տպաքանակը առնվազն 20 հազար է: Իսկ այդպիսիք չկան: Կամ՝ կայքի օրական դիտումը 200 հազար է: Իսկ այդպիսիք մի երկու հատ են, քարը պայթի:

Թեպետ չենք հասկանում, թե ինչի համար են ընդհանրապես սահմանափակումները: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե լրատվամիջոցների մուտքը խորհրդարանի շենքի տարածք արգելվի, պրծնենք, գնա: Հանգիստ, առանց լրագրողների կողմից նվաստացուցիչ հետապնդման, պատգամավորներն ինչ ուզեն, անեն. իրար կբոքսեն, կհայհոյեն, կբարիշեն, ինչ կանեն, իրենք կիմանան: 

Հ.Գ. Մինչ այս տողերը գրեցինք, խորհրդարանում քննարկվեց Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը և, բնականաբար, ընդունվեց:

Փոփոխությունների արդյունքում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: 

Պատկերացնում եք, չէ՞. լրագրողները Ազգային Ժողովի նիստերը պետք է լուսաբանեն այգում: Դրա համար ենք ասում, միանգամից լրագրողներին փողոց շպրտեք, բոլորը հարցերը լուծվեն:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   924 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ