Հերթական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, ու բնական է, որ քաղաքական դաշտի հիմնական անելիքը պիտի լինի այդ ընտրություններին պատրաստվելն ու կամաց-կամաց քարոզարշավ սկսելը։ Այլ անելիք քաղաքական դաշտը պարզապես չունի, որովհետև «իմպիչմենթի գործընթացները» շատ արագ վերածվեցին սովորական կլոունադայի․ նախ Հովիկ Աղազարյանը հանդես եկավ զավեշտալի նախաձեռնությամբ, հետո էլ ՀՀԿ-ն «վարչապետացուի» իր ընտրությամբ բացահայտ ծաղրուծանակի ենթարկեց հասարակությանը։ Ինչևէ։
Թվում էր, թե բարդագույն իրավիճակում հայտնված Հայաստանում նախընտրական այս փուլը պիտի էապես տարբերվի բոլոր նախկին փուլերից, որովհետև պատրանքներով ապրելու ժամանակներն անցել են, ժողովուրդն էլ, գույնզգույն փուչիկների ետևից վազելով, արդեն իսկ տրորել է հնարավոր բոլոր փոցխերը։ Բայց՝ չէ․ քաղաքական ուժերը շարունակում են գույնզգույն փուչիկներով ժողովրդին խաբելու «մարտավարությունը»։ Նիկոլ Փաշինյանը տևական խաղաղություն ու պայծառ ապագա է խոստանում՝ ռուսներին վերջնականապես «ռադ անելու» և «թուրանական միջանցքի» փոքրիկ մի հատվածում ճանապարհամերձ քարվանսարայի կարգավիճակով հանգիստ-խաղաղ գլուխ պահելու միջոցով, ՀՀԿ փոխնախագահն էլ, Արցախը հանձնելու համար ողջ հայ ժողովրդին մեղադրելուց հետո, հայտարարում է, թե մեր կենսակերպը պիտի լինի «եկող տարի Շուշիում»-ը։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն կերպ է խաբել ժողովրդին՝ խոստանալով Շուշիի և Հադրութի դեօկուպացիա։ Խնդիրն այն է, որ ուժերի հարաբերակցության ներկա պայմաններում այդ տեսլականով ընտրությունների գնալ՝ նշանակում է փորձել իրականացնել մի «ծրագիր», որի իմաստը մոտավորապես սա է․ ոչինչ, ժամանակները կփոխվեն, ռուսները խելքի կգան, Ադրբեջանի պորտը տեղը կդնեն, կգրավեն Արցախն ու կտան մեզ։
Պարզ ասած՝ իշխանությունները ժողովրդին խաբում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կայուն խաղաղության և նրանց բարյացկամության շնորհիվ զարգացման փայլուն հնարավորություններ ստանալու հեքիաթով, ընդդիմությունն էլ ժողովրդին խաբում է ռուսներին «խելքի բերելու», նրանց իրենց իսկ շահերը բացատրելու և այդ ճանապարհով մեր կորուստները վերադարձնելու «իրական հնարավորության» մասին հեքիաթով։
Ուշադրություն դարձրեք՝ երկու հեքիաթներն էլ բավականին գայթակղիչ են (և՛ «խաղաղության խաչմերուկ» դառնալը՝ առանց մեր ինքնիշխանության նվազագույն կորստի, և՛ Արցախը վերադարձնելը), բայց երկուսի իրականացման հավանականությունն էլ մոտավորապես նույնն է՝ զրոյի ձգտող։ Արդյունքում՝ ստացվում է, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդն ընդամենը պիտի ընտրություն կատարի երկու հեքիաթների միջև, պարզ ասած՝ որոշի, թե հատկապես ո՞ր գույնի փուչիկի ետևից է վազելու, և համապատասխանաբար՝ ո՞ր փոցխն է տրորելու ա՛յս անգամ։ Համենայն դեպս՝ առայժմ երրորդ տարբերակ (փուչիկների ետևից վազելու փոխարեն ոտքերի տակ նայել) առաջարկող չի եղել։ Ժողովրդին հեքիաթներով կերակրելն ավելի հեշտ ու շահեկան է։
Ինչ վերաբերում է «Արցախը հայ ժողովուրդն է հանձնել՝ չպայքարելով այն իշխանության դեմ, որի ձեռքերով հանձնվեց Արցախը» թեզին, ապա հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններից առաջ այդ իշխանությունների դեմ պայքարելու հնարավորություն էլ կար, հստակ առաջարկ էլ։ Թե կոնկրետ ովքեր մերժեցին՝ հիշեցնելու կարիք երևի չկա։
Մարկ Նշանյան